ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ

1

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Սրանք են այն պատգամները, որ Մովսէսը տուեց բոլոր իսրայէլացիներին Յորդանան գետի այն կողմում՝ անապատի արեւմտեան մասում, Կարմիր ծովի մօտ, Փառանտիփողի, Ղոբանի, Հանգրուանների ու Ոսկեկի միջեւ: Սէիր լերան վրայով տասնմէկ օրուայ ճանապարհ է Քորեբից Կադէսբառնեայ: Քառասուներորդ տարուայ տասնմէկերորդ ամսուայ առաջին օրը Մովսէսը բոլոր իսրայէլացիներին ասաց այն ամէնը, ինչ Տէրը նրանց վերաբերեալ պատուիրել էր իրեն: Եսեբոնում բնակուող ամորհացիների արքայ Սեհոնին եւ Աստարոթում ու Եդրայինում բնակուող Բասանի արքայ Օգին հարուածելուց յետոյ Յորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսէսն սկսեց յայտնել այս օրէնքներն՝ ասելով.

«Մեր Տէր Աստուածը մեզ հետ խօսելով Քորեբում՝ ասաց. “Բաւական է որքան բնակուեցիք այս լերան վրայ: Ելէք գնացէ՛ք դուք այստեղից, մտէ՛ք ամորհացիների լեռը, նրանց մօտ, ովքեր բնակւում են Արաբայի շուրջը՝ դէպի լեռներն ու դաշտերը, դէպի հարաւ ու Քանանացիների երկրի ծովեզերքը, դէպի Անդրլիբանան, մինչեւ Մեծ կամ Եփրատ գետը: Տեսէ՛ք, ահա ձեզ յանձնեցի այդ երկիրը. մտէ՛ք ու իբրեւ սեփականութիւն ստացէ՛ք այդ երկիրը, որը ես երդուեցի տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, նրանց ու նրանց յետնորդներին, մի երկիր, ուր մեղր ու կաթ է հոսում”:

ՄՈՎՍԷՍԸ ԴԱՏԱՒՈՐՆԵՐ Է ԿԱՐԳՈՒՄ

(Ելք 18.13-27)

«Ես ձեզ հետ խօսել եմ դեռ այն ժամանակ եւ ասել. 10 “Ես միայնակ չեմ կարող ձեզ առաջնորդել: Մեր Տէր Աստուածը ձեզ բազմացրել է, եւ ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ էք: 11 Մեր հայրերի Տէր Աստուածը, ինչպէս որ կաք, հազարապատիկ թող աւելացնի եւ օրհնի ձեզ, ինչպէս խոստացել է ձեզ: 12 Ես ինչպէ՞ս կարող եմ միայնակ կրել ձեր նեղութիւնները, քաշել ձեր հոգսերն ու հանդուրժել ձեր հակամարտութիւնները: 13 Արդ, ձեր ցեղերի միջից առանձնացրէ՛ք իմաստուն, խոհեմ ու շրջահայեաց մարդկանց, որպէսզի նրանց ձեզ վրայ իշխաններ կարգեմ: 14 Դուք ինձ պատասխան տուեցիք եւ ասացիք, թէ՝ “Լաւ է, եթէ քո ասածը անես”: 15 Այն ժամանակ ես ձեզանից վերցրի ցեղապետներ, իմաստուն, շրջահայեաց ու խոհեմ մարդկանց, նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ եւ ձեր դատաւորների գրագիրներ:

16 Դեռ այն ժամանակ ես պատուիրելով ասացի ձեր դատաւորներին. “Լսեցէ՛ք ձեր եղբայրների միջեւ եղած խնդիրները եւ ամէն մարդու դատը՝ թէ՛ իր եղբօր եւ թէ՛ եկուորի հետ, արդարութեամբ վճռեցէ՛ք: 17 Դատաստան անելիս կողմնակալութիւն չանէք: Հաւասարապէս կը դատէք փոքրին ու մեծին: Ոչ մէկի հանդէպ աչառութիւն մի՛ արէք, որովհետեւ դատաստանը Աստծունն է: Ձեր ուժից վեր գործը կը յանձնէք ինձ, որ ես լսեմ”: 18 Դեռ այն ժամանակ ես ձեզ պատուիրել եմ այն ամէնը, ինչ պէտք է անէք»:

ԻՍՐԱՅԷԼԸ ՀԱՒԱՏ ՉԻ ԸՆԾԱՅՈՒՄ ԽՈՍՏԱՑՈՒԱԾ ԵՐԿՐԻՆ

(Թուեր 13.1-33)

19 «Քորեբից չուելով ու ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպէս մեր Տէր Աստուածը պատուիրել էր մեզ, անցանք ձեր տեսած մեծ, անծայրածիր անապատը եւ եկանք մինչեւ Կադէսբառնեայ: 20 Ես ձեզ ասացի. “Եկաք մինչեւ ամորհացիների լեռը, որ մեր Տէր Աստուածը տալիս է ձեզ: 21 Տեսաք, որ ահա մեր Տէր Աստուածը երկիրը ձեր աչքի առջեւ բաժանել է մեր միջեւ: Ելէ՛ք եւ ժառանգեցէ՛ք երկիրն այնպէս, ինչպէս մեր հայրերի Տէր Աստուածն է ասել ձեզ: Մի՛ վախեցէք եւ մի՛ սարսափէք”:

22 Բոլորդ, սակայն, մօտենալով ինձ՝ ասացիք. “Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, թող հետախուզեն երկիրը, մեզ թող յայտնեն մեր գնալիք ճանապարհի եւ այն քաղաքների վիճակը, ուր մտնելու ենք”: 23 Ինձ ընդունելի թուացին այդ խօսքերը: Ես ձեզանից վերցրի տասներկու մարդ՝ ամէն մի ցեղից մէկ տղամարդ: 24 Նրանք գնացին դէպի լեռը, հասան մինչեւ Ողկոյզի ձորն ու հետախուզեցին այն: 25 Նրանք վերցրին երկրի պտուղներից, վերադարձան մեզ մօտ եւ մեզ տեղեկութիւն բերելով՝ ասացին. “Լաւ է այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է մեզ”: 26 Դուք չկամեցաք գնալ, չլսեցիք մեր Տէր Աստծու խօսքը 27 եւ տրտնջալով ձեր վրաններում՝ ասացիք. “Տէրը մեր հանդէպ իր ունեցած ատելութիւնից է, որ մեզ դուրս հանեց եգիպտացիների երկրից, որպէսզի մեզ մատնի ամորհացիների ձեռքը, կոտորի մեզ: Արդ, ո՞ւր ենք գնում: 28 Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերն՝ ասելով. “Այդ երկրի մարդիկ մեզանից մեծ, բազմանդամ ու հզօր են, նրանց քաղաքները մեծ են ու մինչեւ երկինք հասնող պարիսպներ ունեն: Բացի այդ, հսկաների սերունդ տեսանք մենք այնտեղ”: 29 Ես ասացի ձեզ. “Մի՛ վախեցէք, մի՛ զարհուրէք նրանցից: 30 Մեր Տէր Աստուածը, որ գնում է ձեր առջեւից, ձեր փոխարէն կը պատերազմի նրանց դէմ, ինչպէս ձեր աչքի առջեւ ձեզ համար դա արեց Եգիպտացիների երկրում 31 եւ այս անապատում, ինչպէս որ տեսաք: Որովհետեւ քո Տէր Աստուածը խնամեց քեզ այնպէս, ինչպէս ծնողն է խնամում իր որդուն: Այդ արեց ձեր ամբողջ երթի ընթացքում, մինչեւ որ եկաք հասաք այս վայրը: 32 Այս խօսքից յետոյ էլ չհաւատացիք, 33 որ ձեր Տէր Աստուածը ձեր երթի ժամանակ գնում է ձեր առջեւից, որպէսզի ձեզ համար տեղ ընտրի, որպէսզի ձեր ուղին ցոյց տալու համար գիշերը ձեզ առաջնորդի հրով, իսկ ցերեկը՝ ամպով”»:

ՏԷՐԸ ՊԱՏԺՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ

(Թուեր 14.20-45)

34 «Տէրը լսեց ձեր խօսքերը, բարկացաւ ու երդուեց՝ ասելով. 35 “Այս մարդկանցից ոչ ոք255 չի տեսնելու այն լաւ երկիրը, որ երդուել էի տալ նրանց հայրերին, 36 բացի Յեփոնէի որդի Քաղէբից: Նա պիտի տեսնի այն, ես նրան ու նրա որդիներին պիտի տամ այն երկիրը, ուր պիտի հասնեն, որովհետեւ նա հնազանդ է եղել Տիրոջը”: 37 Եւ Տէրը ձեր պատճառով բարկանալով ինձ վրայ՝ ասաց. “Դու էլ չես մտնի այնտեղ, 38 այլ Նաւէի որդի Յեսուն՝ քո սպասաւորը. նա՛ պիտի մտնի այնտեղ: Նրան զօրացրո՛ւ, որովհետեւ նա է այդ երկիրը յանձնելու իսրայէլացիներին: 39 Ձեր յետնորդներն ու որդիները, որոնց վերաբերեալ ասացիք, թէ իբր գերի կ՚ընկնեն նրանք, եւ բոլոր մատաղ այն մանուկները, որոնք այսօր դեռեւս չգիտեն չարն ու բարին, նրանք թող մտնեն այնտեղ, նրանց պիտի տամ այն, եւ նրանք են, որ պիտի ժառանգեն այն: 40 Դուք վերադարձէ՛ք եւ Կարմիր ծով տանող ճանապարհով գնացէ՛ք անապատը”:

41 Այն ժամանակ դուք պատասխան տուեցիք ինձ՝ ասելով. “Մեղք գործեցինք մեր Տէր Աստծու առջեւ: Ելնենք ու պատերազմ տանք, ինչպէս մեզ պատուիրել է մեր Տէր Աստուածը”: Եւ իւրաքանչիւրդ, առնելով ձեր պատերազմելու զէնքը, հաւաքուեցիք ու բարձրացաք լեռը: 42 Տէրն ինձ ասաց. “Նրանց ասա՛. մի՛ բարձրացէք լեռը, պատերազմ մի՛ մղէք, քանի որ ես ձեզ հետ չեմ: Ձեզ կը ջախջախեն ձեր թշնամիները”: 43 Տիրոջ խօսքերը յայտնեցի ձեզ, բայց դուք չլսեցիք ինձ, զանց առաք Տիրոջ խօսքը, ընդվզեցիք եւ լեռը բարձրացաք: 44 Այդ լերան վրայ բնակուող ամորհացիները մեղուների պէս ձեր դէմ ելնելով՝ հալածեցին, կոտորեցին ձեզ Սէիրից մինչեւ Հերմա: 45 Դուք նստած լաց էիք լինում Տիրոջ առջեւ, բայց Տէրը չլսեց ձեր ձայնը, ձեզ չանսաց: 46 Դուք Կադէսում նստեցիք երկար ժամանակ, այնքան, որքան նախկինում էիք նստել այնտեղ»:

2

ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ

«Կարմիր ծով տանող ճանապարհով մենք վերադարձանք, եկանք անապատ, ինչպէս Տէրն էր ասել ինձ, եւ շատ օրեր պտտուեցինք Սէիր լերան շուրջը:

Տէրն ինձ ասաց. “Բաւական է որքան պտտուեցիք լերան շուրջը: Այժմ ուղղութիւն վերցրէ՛ք դէպի հիւսիս: Ժողովրդիդ պատուիրի՛ր՝ ասելով. “Դուք, ահա, անցնում էք Սէիրում բնակուող ձեր եղբայրների՝ Եսաւի որդիների սահմանը: Նրանք ձեզանից պիտի վախենան: Խիստ զգո՛յշ եղէք, նրանց դէմ պատերազմ չհրահրէք, որովհետեւ նրանց երկրից մի ոտնաչափ անգամ հող չեմ տալու ձեզ, քանի որ Սէիր լեռը Եսաւին եմ տուել իբրեւ սեփականութիւն: Ուտելիքը նրանցից գնեցէ՛ք ու կերէ՛ք, ջուրը նրանցից առէ՛ք արծաթով ու խմեցէ՛ք: Մեր Տէր Աստուածը քեզ օրհնել է քո ձեռնարկած բոլոր գործերում: Իմացի՛ր, թէ ինչպէս անցար մեծ ու հսկայական անապատը: Ահա քառասուն տարի է, ինչ քո Տէր Աստուածը քեզ հետ է, եւ այդ ընթացքում ոչ մի բանի պակասութիւն չես զգացել”:

Մենք Սէիրում բնակուող մեր եղբայրների՝ Եսաւի որդիների կողքով, Արաբայի ճանապարհով անցանք Եդոմից ու Գասիոնգաբերից, շրջուեցինք ու անցանք նաեւ Մովաբի անապատ տանող ճանապարհով: Տէրն ինձ ասաց. “Թշնամութիւն մի՛ արէք մովաբացիների հետ, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ նրանց երկրից ձեզ բաժին չեմ տայ, քանի որ Սէիրը Ղովտի որդիներին եմ տուել իբրեւ սեփականութիւն: 10 (Նախկինում Օմմինի յետնորդներն էին ապրում այնտեղ՝ մի մեծ, բազմանդամ ու հզօր ազգ, նման Ենակիմի որդիների: 11 Սրանք էլ Ռափիմի ցեղին էին պատկանում, ինչպէս եւ Ենակիմի որդիները, եւ մովաբացիները նրանց անուանում են օմմինեաններ: 12 Սէիրում նախ բնակւում էին քոռեցիները: Եսաւի որդիները, սակայն, կոտորեցին նրանց, հալածեցին եւ բնակուեցին նրանց երկրում, ինչպէս Իսրայէլը վարուեց իր ժառանգած այն երկրի բնակիչների հետ, որ Տէրը տուել էր նրան): 13 Արդ, վե՛ր կացէք գնացէ՛ք ու անցէ՛ք Զարեդ ձորով”:

14 Կադէսբառնեայից մինչեւ Զարեդ ձորն անցնելը տեւեց երեսունութ տարի: Այդ ընթացքում պատերազմող բանակի բոլոր տղամարդիկ կոտորուեցին, ինչպէս որ Աստուած երդուել էր նրանց: 15 Աստծու ձեռքը նրանց վրայ էր, որպէսզի նրանց կորստեան մատնի բանակատեղիում: Եւ նրանք բոլորն էլ ընկան:

16 Երբ ժողովրդի միջից վերացան պատերազմող բոլոր տղամարդիկ, Տէրը խօսեց ինձ հետ եւ ասաց. 17 “Դու այսօր Մովաբի սահմանով կ՚անցնես Սէիր: 18 Դուք կը մօտենաք Ամոնացիների երկրի սահմաններին: 19 Նրանց հետ թշնամութիւն մի՛ արէք, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ Ամոնացիների երկիրն իբրեւ սեփականութիւն ձեզ չեմ տայ. դա վիճակ գցելով Ղովտի որդիներին եմ տուել: 20 (Երկիրը Ռափնային էր պատկանում, քանի որ նախ ռափայինեան ցեղերն256 էին բնակւում այնտեղ: Ամոնացիները նրանց անուանում էին զոմզոմեաններ: 21 Նրանք ենակիմեանների նման մեծ, բազմամարդ ու հզօր ազգ էին: Տէրը սրանց վերացրեց մէջտեղից, եւ ենակիմեանները բնակուեցին այդտեղ՝ նրանց փոխարէն: 22 Տէրն ինչ որ արեց Եսաւի՝ Սէիրում բնակուող յետնորդների նկատմամբ, նոյնն արեց քոռեցիների նկատմամբ. կոտորեց նրանց, եւ Եսաւի յետնորդներն ստանալով այդ երկիրը՝ նրանց փոխարէն բնակւում են այդտեղ մինչեւ այսօր: 23 Խեւացիները, որոնք բնակւում էին Ասիրոթից մինչեւ Գազա, ու Գամիրքից դուրս եկած գամիրցիները կոտորեցին նրանց ու նրանց փոխարէն բնակուեցին այդ երկրում):

24 Արդ, վե՛ր կացէք գնացէք Առնոնի ձորը: Ահա քո ձեռքն եմ յանձնում Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին: Սկսի՛ր տիրել նրա երկրին եւ պատերազմ հրահրել նրա դէմ: 25 Այսօրուանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնուող բոլոր ազգերի վրայ: Ով որ լսի քո անունը, պիտի դողայ, եւ քո սարսափը պիտի պատի նրանց”»:

ՍԵՀՈՆԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՆՈՒԱՃՈՒՄԸ

(Թուեր 21.21-30)

26 «Կեդմոթի անապատից բանագնացներ ուղարկեցի Եսեբոնի արքայ Սեհոնի մօտ խաղաղութեան առաջարկով եւ ասացի. 27 “Պիտի անցնեմ քո երկրով: Ճանապարհով կը գնամ, աջ կամ ձախ չեմ թեքուի: 28 Արծաթով պարէն վաճառի՛ր ինձ, որ ուտեմ, արծաթով ջուր վաճառի՛ր ինձ, որ խմեմ, միայն թէ քայլելով անցնեմ: 29 Թող լինի այնպէս, ինչպէս որ Սէիրում բնակուող Եսաւի յետնորդները եւ Արոյերում բնակուող մովաբացիները վարուեցին ինձ հետ, մինչեւ որ Յորդանան գետով անցնեմ այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է մեզ”: 30 Եսեբոնի արքայ Սեհոնը, սակայն, չկամեցաւ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետեւ մեր Տէր Աստուածը խստացրել էր նրա ոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպէսզի նրան այդ օրը յանձնի քո ձեռքը: 31 Տէրն ինձ ասաց. “Ահա սկսել եմ Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը յանձնել քեզ: Սկսի՛ր վիճակ գցելով ժառանգել նրա երկիրը”:

32 Եսեբոնի արքայ Սեհոնն ինքն ու իր ժողովուրդը Սիասարում պատերազմի ելան մեր դէմ: 33 Մեր Տէր Աստուածը նրան մատնեց մեր ձեռքը, մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին: 34 Այդ ժամանակ նուաճեցինք նրա բոլոր քաղաքները, մէկ առ մէկ աւերեցինք նրա բոլոր քաղաքները, սպանեցինք նրա կանանց ու երեխաներին: Նրանցից ոչ ոքի կենդանի չթողեցինք: 35 Միայն հօտերը աւար վերցրինք եւ կողոպտեցինք Առնոնի ձորի եզերքին գտնուող Արոյերի քաղաքներն 36 ու ձորում գտնուող քաղաքը, մինչեւ Գաղաադի սահմանները: Քաղաք չմնաց, որ փրկուէր մեր ձեռքից. բոլոր քաղաքները Տէր Աստուածը մատնեց մեր ձեռքը, 37 բացի Ամոնացիների երկրից, որին չմօտեցանք, ինչպէս նաեւ Յաբոկի ձորի բոլոր աւաններից ու լեռնային բոլոր քաղաքներից, ինչպէս որ մեր Տէր Աստուածն էր պատուիրել մեզ»:

3

ՕԳԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՆՈՒԱՃՈՒՄԸ

(Թուեր 21.31-35)

«Այդտեղից վերադառնալով գնացինք Բասան տանող ճանապարհով: Բասանի արքայ Օգը, ինքն ու իր ամբողջ ժողովուրդը Սեդրայինում պատերազմի ելան մեր դէմ: Տէրն ինձ ասաց. “Նրանից մի՛ վախեցիր, որովհետեւ քո ձեռքն եմ մատնելու նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա ամբողջ երկիրը: Նրա հետ կը վարուես այնպէս, ինչպէս վարուեցիր Եսեբոնում բնակուող ամորհացի արքայ Սեհոնի հետ”: Եւ մեր Տէր Աստուածը Բասանի արքայ Օգին ու նրա ամբողջ ժողովրդին մատնեց մեր ձեռքը: Մենք կոտորեցինք նրանց այնպէս, որ նրանցից ոչ ոք կենդանի չմնաց: Այդ ժամանակ մենք նուաճեցինք նրա բոլոր քաղաքները: Քաղաք չկար, որ նրանից խլած չլինէինք: Բասանի Օգ թագաւորը Արգոբ գաւառի շրջակայքում ունէր ընդամէնը վաթսուն քաղաք: Բոլոր քաղաքներն ամրացրել էին բարձր պարիսպներով, դարպասներով ու դռնափակերով, բացի փերեզացիների չամրացուած քաղաքներից, որոնք բաւական շատ էին: Նրանց կոտորեցինք այնպէս, ինչպէս Եսեբոնի արքայ Սեհոնին: Մէկ առ մէկ աւերեցինք բոլոր քաղաքները, կոտորեցինք կանանց ու մանուկներին: Ոչ մէկը մազապուրծ չեղաւ: Բոլոր անասունները աւար առանք ու քաղաքները կողոպտեցինք: Այդ ժամանակ ամորհացիների երկու թագաւորներից գրաւեցինք Յորդանան գետի այն կողմում գտնուող երկիրը Առնոնից մինչեւ Հերմոն: Փիւնիկեցիները Հերմոնն անուանում էին Սանիոր, իսկ ամորհացիները՝ Սանիր: 10 Միսորի բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադը, ամբողջ Բասանը մինչեւ Եղքա ու Եդրային Օգի թագաւորութեան քաղաքներն էին Բասանում: 11 Ռափայինեաններից մնաց միայն Բասանի թագաւոր Օգը: Նրա մահճակալը, որ երկաթից էր, հիմա գտնւում է Ամոնի յետնորդների ամրոցում: Հսկաների կանգունով չափած՝ ինը կանգուն էր դրա երկարութիւնը, եւ չորս կանգուն՝ դրա լայնութիւնը»:

ՅՈՐԴԱՆԱՆ ԳԵՏԻ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ԳՏՆՈՒՈՂ ՑԵՂԵՐԸ

(Թուեր 32.1-42)

12 «Այդ երկիրն այն ժամանակ ժառանգեցինք Առնոնի ձորի եզերքում գտնուող Արոյերից սկսած: Գաղաադի ձորի կէսն ու նրա քաղաքները տուեցի Ռուբէնի ու Գադի ցեղերին: 13 Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օգի թագաւորութիւնը, նաեւ Արգոբի ամբողջ գաւառն ու ամբողջ Բասանը, որը ռափայինեանների երկիր էր համարւում, տուեցի Մանասէի կէս ցեղին: 14 Մանասէի որդի Յայիրը գրաւեց Արգոբի ամբողջ գաւառը մինչեւ Գարգասիի ու Ոմքատիի սահմանները, եւ Բասանն այն իր անունով կոչեց Աւոթիեր, եւ մինչեւ այսօր էլ կոչւում է այդպէս: 15 Ես Մաքիրին տուեցի Գաղաադը, 16 իսկ Ռուբէնի ու Գադի ցեղերին տուեցի Գաղաադից մինչեւ Առնոնի ձորն ընկած երկիրը, որի սահմանն անցնում է ձորի միջով եւ հասնում մինչեւ Յաբոկ: Ձորը ամոնացիների սահմանն է: 17 Արաբան ու Յորդանան գետը նրա սահմանն են Քեներեթից մինչեւ Արաբայի ծովը՝ Աղի ծովը, որը գտնւում է Փասգայից արեւելք՝ Ասեդոթում:

18 Այն ժամանակ ես ձեզ պատուիրեցի՝ ասելով. “Մեր Տէր Աստուածը այս երկիրը ձեզ տուեց որպէս ժառանգութիւն: Ձեզանից ով խիզախ է, թող սպառազինուի ու անցնի իր եղբայրների՝ իսրայէլացիների գլուխը: 19 Իսկ ձեր կանայք, երեխաները եւ անասունները (գիտեմ, որ շատ անասուն ունէք) թող բնակուեն ձեր այն քաղաքներում, որ ես տուել եմ ձեզ, 20 մինչեւ որ մեր Տէր Աստուածը տեղաւորի ձեր եղբայրներին, ինչպէս որ ձեզ տեղաւորեց, որպէսզի նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է նրանց Յորդանան գետի այն կողմում: Այն ժամանակ կը վերադառնաք ժառանգութիւն ստացած ձեր այն երկիրը, որ ես տուել եմ ձեզ”:

21 Այն ժամանակ ես Յեսուին պատուիրեցի՝ ասելով. “Ձեր աչքերով իսկ տեսաք այն ամէնը, ինչ Տէր Աստուածն արեց այդ երկու թագաւորներին: Տէրը նոյն կերպ կը վարուի բոլոր այն թագաւորութիւնների հետ, որոնց վրայ կը յարձակուես դու: 22 Մի՛ վախեցէք, որովհետեւ մեր Տէր Աստուածն ինքն է պատերազմելու ձեր փոխարէն”»:

ՄՈՎՍԷՍԻՆ ՉԻ ԹՈՅԼԱՏՐՒՈՒՄ ՄՏՆԵԼ ՔԱՆԱԱՆ

23 «Այդ ժամանակ աղաչեցի Տէր Աստծուն՝ ասելով. 24 “Տէ՛ր, Տէ՛ր, դու սկսեցիր քո ծառային ցոյց տալ քո մեծութիւնն ու զօրութիւնը, ամուր ձեռքն ու հզօր բազուկը: Երկնքում կամ երկրի վրայ գտնուող այդ ո՞ր աստուածն է, որ կարող է անել այն, ինչ դու արեցիր քո զօրութեամբ: 25 Արդ, շնո՛րհ արա, որ անցնեմ, տեսնեմ Յորդանան գետից այն կողմ գտնուող լաւ երկիրը, սքանչելի լեռն ու Անդրլիբանանը”: 26 Տէրը ձեր պատճառով զայրացաւ ու ինձ չլսեց: Տէրն ինձ ասաց. “Բաւական է, այլեւս ինձ հետ այդ մասին չխօսես: 27 Բարձրացի՛ր Կոփուած257 լերան գագաթը, աչքերովդ նայի՛ր ծովի, հիւսիսի, հարաւի ու արեւելքի ուղղութեամբ, աչքերովդ տե՛ս, որովհետեւ Յորդանան գետի այն կողմը չես անցնելու դու։ 28 Քո պատուէրները տո՛ւր Յեսուին, զօրացրո՛ւ, քաջալերի՛ր նրան, որովհետեւ նա է անցնելու իմ այդ ժողովրդի գլուխը, եւ նա է քո տեսած երկիրն իբրեւ սեփականութիւն յանձնելու նրանց”: 29 Այն ժամանակ մենք հաստատուեցինք հովտում, Փոգորի տան մօտ»:

4

ՄՈՎՍԷՍԸ ՅՈՐԴՈՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ ՀՆԱԶԱՆԴՈՒԵԼ

«Արդ, Իսրայէ՜լ, լսի՛ր այն օրէնքներն ու կանոնները, որ այսօր ուսուցանում եմ քեզ: Դրանք պէտք է կիրառէք, որպէսզի ապրէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է ձեզ: Ոչ մի բառ չաւելացնէք իմ ասածին ու ոչ մի բառ չկրճատէք դրանից: Պահպանեցէ՛ք մեր Տէր Աստծու այն պատուիրանները, որ ես պատգամում եմ ձեզ: Դուք ձեր աչքերով տեսաք, թէ Տէրն ինչ արեց Բելփեգորին: Մեր Տէր Աստուածը ձեր միջից վերացրեց նրանց, ովքեր հետեւում էին Բելփեգորին, իսկ դուք, որ յարեցիք ձեր Տէր Աստծուն, բոլորդ էլ կենդանի էք մնացել մինչ այսօր: Տեսէ՛ք, ես ձեզ օրէնք ու կանոն սովորեցրի այնպէս, ինչպէս Տէրն ինձ պատուիրել էր, որպէսզի դրանք կիրառուեն այն երկրում, ուր մտնելու էք ու ժառանգելու այն: Պահպանեցէ՛ք ու կիրառեցէ՛ք այդ պատուիրանները, որովհետեւ դրանց մէջ է ձեր իմաստնութիւնն ու խոհեմութիւնը բոլոր ազգերի առաջ, որոնք լսելով այս բոլոր օրէնքները՝ պիտի ասեն. “Ահա՛ւասիկ մի իմաստուն ժողովուրդ, մի խոհեմ ու մեծ ազգ”: Որովհետեւ այդ ո՞ր մեծ ազգն է, որի Աստուածն իր մօտ, իր մէջ է, ինչպիսին մեր բոլորի Տէր Աստուածն է, որին կարող ենք դիմել: Եւ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունի այնպիսի արդար օրէնքներ ու կանոններ նման այս օրէնքներին, որ ես այսօր հաղորդում եմ ձեզ»:

ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՔՈՐԷԲ ԼԵՐԱՆ ՎՐԱՅ

«Նայի՛ր ինքդ քեզ եւ եղի՛ր չափազանց զգոյշ. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կեանքի բոլոր օրերում քո սրտից թող դուրս չգան դրանք: Դրանք կը հաղորդես քո որդիներին ու որդիների որդիներին: 10 Կը պատմես այն օրուայ մասին, երբ ձեր Տէր Աստծու առջեւ ի մի հաւաքուելու համար կանգնեցիք Քորէբում: Այդ ժամանակ Տէրն ինձ ասաց. “Քո մարդկանց հաւաքի՛ր ինձ մօտ, որ նրանք լսեն իմ այն պատգամները, որ սովորեցնելու եմ նրանց, որպէսզի, այնքան ժամանակ որ ապրեն նրանք երկրի վրայ, թող երկնչեն ինձանից ու դրանք սովորեցնեն իրենց որդիներին”: 11 Դուք, մօտենալով, կանգնեցիք լերան ստորոտին: Լեռն այրւում էր, եւ կրակը բարձրանում էր մինչեւ երկինք: Խաւար, մէգ ու մառախուղ էր... 12 Տէրը կրակի միջից խօսեց ձեզ հետ: Դուք լսեցիք պատգամախօսի ձայնը, բայց նրա կերպարանքը չտեսաք, այլ միայն ձայնը լսեցիք: 13 Նա հաղորդեց իր ուխտը, պատուիրեց, որ կատարէք տասը պատուիրանները, եւ դրանք գրեց քարէ երկու տախտակների վրայ: 14 Այդ ժամանակ նա ինձ պատուիրեց, որ ձեզ ուսուցանեմ օրէնքներն ու կանոնները, եւ դուք դրանք կիրառէք այն երկրում, ուր մտնելու էք ու ժառանգելու էք այն»:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԻՑ

15 Չափազանց զգո՛յշ եղէք. այն օրը, երբ Տէրը Քորէբ լերան վրայ կրակի միջից խօսում էր ձեզ հետ, դուք նրա կերպարանքը չտեսաք: 16 Անօրէնութիւն մի՛ արէք, կուռքեր չստեղծէք տղամարդու կամ կնոջ կերպարանքով, 17 երկրի վրայ գտնուող որեւէ անասունի կերպարանքով, երկնքի տակ թռչող որեւէ թռչունի կերպարանքով, 18 երկրի վրայ սողացող որեւէ սողունի կերպարանքով, երկրի տակ՝ ջրերի մէջ գտնուող որեւէ ձկան կերպարանքով, 19 կամ դէպի երկինք նայելով. արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորուէք, դրանց չերկրպագէք ու դրանք չպաշտէք: Տէր Աստուածը դրանցից բաժին է հանել երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդներին: 20 Աստուած իր հովանաւորութեամբ ձեզ հանեց երկաթէ հնոցից՝ Եգիպտոսից, որպէսզի լինէք իր սեփական ժողովուրդը, ինչ որ է՛ք մինչեւ այսօր:

21 Տէրը ձեր ասած խօսքերի համար բարկացաւ ինձ վրայ եւ երդուեց, որ ես չեմ անցնի Յորդանան գետի այն կողմը եւ չեմ մտնի այն երկիրը, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ իբրեւ ժառանգութիւն: 22 Արդ, ես ահա մեռնում եմ այս երկրում՝ առանց անցնելու Յորդանան գետի այն կողմը: Դուք, սակայն, պիտի անցնէք ու ժառանգէք այդ լաւ երկիրը: 23 Զգո՛յշ եղէք, չլինի թէ մոռանաք մեր Տէր Աստծու ձեզ տուած այն ուխտը, թէ՝ “Որեւէ արարածի կերպարանք ունեցող կուռք չստեղծէ՛ք ձեզ համար”: Դա պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը, 24 որովհետեւ քո Տէր Աստուածը լափող կրակ է, նախանձոտ Աստուած:

25 Եթէ որդիներ, որդիների որդիներ ծնես ու այդ երկրում երկար ժամանակ ապրես եւ անօրինութիւն անես՝ որեւէ արարածի կերպարանքով կուռք ստեղծես, ձեր Տէր Աստծուն բարկացնելու համար չար գործեր կատարես, 26 ապա այսօր երդւում եմ ձեզ երկինքն ու երկիրը վկայ, որ կը վերանաք Յորդանան գետի այն կողմում գտնուող երկրից, ուր դուք գնում էք, որպէսզի ժառանգէք այն: Երկար կեանք չէք ունենայ այդտեղ, անպայման կը կոտորուէք: 27 Տէրը ձեզ կը ցրի բոլոր ազգերի մէջ, սակաւաթիւ կը լինէք այն ազգերի մէջ, ուր Տէրը կը տանի ձեզ: 28 Այնտեղ կը պաշտէք մարդու ձեռքով կերտուած ուրիշ աստուածներ՝ փայտից ու քարից պատրաստուած, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում են եւ ո՛չ էլ հոտառութիւն ունեն: 29 Եթէ այնտեղ նեղութեան մէջ գտնուելով ձեր ամբողջ հոգով ու էութեամբ ցանկանաք փնտռել ու գտնել ձեր Տէր Աստծուն, ապա նրան կը գտնէք: 30 Այս բոլորը իրականութիւն կը դառնայ վերջին օրերին, եւ դու կը դիմես քո Տէր Աստծուն, կը լսես նրա ձայնը, 31 որովհետեւ Աստուած ողորմած է. նա քեզ չի լքի ու քեզ չի կործանի, չի մոռանայ քո հայրերին տուած եւ երդումով հաստատած ուխտը:

32 Երկնքի մի ծայրից սկսած մինչեւ երկնքի միւս ծայրը հարցրէ՛ք ձեզանից առաջ եղած այս օրերի մասին (երբ Աստուած մարդ էր ստեղծել երկրի վրայ), թէ՝ “Այսպիսի մեծ բան կատարուե՞լ է”, թէ՝ “Այսպիսի բան լսուե՞լ է”, 33 թէ՝ “Մի որեւէ ազգ կրակի միջից խօսող կենդանի Աստծու ձայնը լսե՞լ է”, ինչպէս դու լսեցիր ու կենդանի մնացիր, 34 թէ՝ “Աստուած յօժա՞ր էր մտնել ու ազգերի միջից իր համար ազգ ընտրել փորձութեամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով, ամուր ձեռքով ու հզօր բազկով, մեծամեծ տեսիլներով՝ այն բոլոր միջոցներով, որ մեր Տէր Աստուածը գործադրեց Եգիպտոսում քո իսկ առջեւ, որպէսզի տեսնես: 35 Ուստի պէտք է իմանաս, որ նա է Տէր Աստուածը, եւ նրանից բացի այլ Աստուած չկայ: 36 Երկնքից լսելի եղաւ նրա խօսքը, որպէսզի խրատի քեզ, երկրի վրայ ցոյց տուեց քեզ իր մեծ կրակը, եւ դու կրակի միջից լսեցիր նրա պատգամները, 37 որովհետեւ նա սիրում է քո հայրերին: Նա բոլոր ազգերի միջից նախընտրեց նրանց յետնորդներին՝ ձեզ, եւ ինքն իր մեծ զօրութեամբ քեզ հանեց Եգիպտոսից, 38 որպէսզի դու հալածես մեծամեծ ու քեզանից հզօր ազգեր, որպէսզի նա քեզ տանի ու իբրեւ սեփականութիւն քեզ տայ նրանց երկիրը, մի բան, որ դու ունես այսօր: 39 Արդ, իմացի՛ր այսօր եւ ի մտի ունեցիր, որ քո Տէր Աստուածը Աստուած է վերեւում՝ երկնքում, եւ ներքեւում՝ երկրի վրայ, եւ նրանից բացի այլ Աստուած չկայ: 40 Պահպանի՛ր նրա օրէնքներն ու պատուիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպէսզի լաւ լինի քեզ ու քեզանից յետոյ գալիք քո որդիների համար, որպէսզի երկար ժամանակ մնաս այն երկրում, որ Տէր Աստուածը առ միշտ քեզ է տալու»:

ՅՈՐԴԱՆԱՆ ԳԵՏԻ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ԳՏՆՈՒՈՂ ԱՊԱՍՏԱՆԱՐԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԸ

41 Այն ժամանակ Մովսէսը Յորդանան գետի այն կողմում, արեւելեան մասում առանձնացրեց երեք քաղաքներ, 42 որպէսզի այնտեղ փախչի այն մարդասպանը, որ իր մերձաւորին սպանում է անգիտութեամբ, եւ որին չէր ատում նախապէս, որպէսզի նա ընկնելով այդ քաղաքներից մէկնումէկը՝ կարողանայ իր կեանքը փրկել: 43 Դրանք են՝ Ռուբէնի երկրի դաշտում գտնուող անապատային Բոսոր քաղաքը, Գադի երկրի Գաղաադում գտնուող Ռամոթ քաղաքը եւ Մանասէի երկրի Բասանում գտնուող Գաղոն քաղաքը:

44 Սա է այն օրէնքը, որ Մովսէսը հաղորդեց իսրայէլացիներին: 45 Սրանք են այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ Մովսէսը յայտնեց իսրայէլացիներին, երբ սրանք դուրս էին գալիս Եգիպտացիների երկրից, 46 Յորդանանի գետի այն կողմում, Փոգորի տան մօտ գտնուող ձորում, Եսեբոնում ապրող ամորհացիների արքայ Սեհոնի երկրում, եւ որի բնակիչներին սպանել էին Մովսէսն ու իսրայէլացիները, երբ սրանք դուրս էին գալիս Եգիպտացիների երկրից: 47 Իսրայէլացիները գրաւեցին ամորհացի երկու թագաւորների՝ Սեհոնի երկիրն ու Բասանի Օգ թագաւորի երկիրը, որոնք գտնւում էին Յորդանան գետից այն կողմ՝ արեւելեան մասում, 48 Առնոնի ձորի եզերքին գտնուող Արոյերից սկսած մինչեւ Սեհոնի լեռը, այսինքն՝ Հերմոնը, 49 ամբողջ Արաբան, որ գտնւում է Յորդանան գետից այն կողմ՝ արեւելեան մասում, մինչեւ Արաբայի ծովը՝ Կոփածոյ լերան ստորոտը:

5

ՏԱՍԸ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԵՐԸ

(Ելք 21.1-17)

Մովսէսը կանչեց բոլոր իսրայէլացիներին եւ ասաց նրանց. «Իսրայէ՛լ, լսի՛ր այն օրէնքներն ու կանոնները, որ ես այսօր հաղորդելու եմ քեզ: Սովորեցէ՛ք եւ հետեւէ՛ք, որ կիրառէք դրանք: Մեր Տէր Աստուածը ուխտ արեց ձեզ Քորէբում: Տէրն այդ ուխտը արեց ոչ թէ ձեր հայրերին, այլ՝ ձեզ, իսկ դուք բոլորդ կենդանի էք այսօր: Տէրը դէմ յանդիման խօսեց ձեզ հետ լերան վրայ, կրակի միջից: Ես այն ժամանակ կանգնած էի Տիրոջ ու ձեր միջեւ, որպէսզի ձեզ յայտնեմ Տիրոջ պատգամները, որովհետեւ դուք վախենում էիք կրակից ու լեռը չբարձրացաք: Տէրն ասաց.

“Ես եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից:

Իմ աչքի առջեւ օտար աստուածներ չունենաս, վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, երկրի տակ՝ ջրերի մէջ գոյութիւն ունեցող որեւէ արարածի կերպարանքով քեզ համար կուռքեր չշինես, դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետեւ ես եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած: Ես հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից: 10 Դրա փոխարէն ես ողորմածութիւն եմ ցուցաբերում ինձ սիրողների ու իմ հրամանները կատարողների հազար սերունդների նկատմամբ:

11 Քո Տէր Աստծու անունը սուտ բանի համար չարտասանես, որովհետեւ քո Տէր Աստուածը չի արդարացնի նրան, ով իր անունը սուտ բանի համար է արտասանում:

12 Հետեւի՛ր, որ շաբաթ օրը սուրբ պահես, ինչպէս պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը: 13 Վեց օր կ՚աշխատես եւ կը կատարես քո բոլոր գործերը, 14 իսկ եօթներորդ օրը քո Տէր Աստծու շաբաթ օրն է. դու, քո տղան ու աղջիկը, քո ծառան ու աղախինը, քո եզը, էշն ու բոլոր անասունները, քո յարկի տակ գտնուող եկուորը այդ օրը ոչ մի գործ չպէտք է անէք, որովհետեւ քո ծառան ու աղախինը պէտք է հանգստանան, ինչպէս եւ դու: 15 Յիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը այնտեղից քեզ դուրս բերեց ամուր ձեռքով ու հզօր բազկով, որի համար քո Տէր Աստուածը քեզ պատուիրեց պահել շաբաթ օրն ու սրբագործել այն:

16 Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, ինչպէս պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար ապրես այն երկրի վրայ, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ:

17 Մի՛ շնացիր:

18 Մի՛ սպանիր:

19 Մի՛ գողացիր:

20 Քո մերձաւորի մասին սուտ վկայութիւն մի՛ տուր:

21 Քո մերձաւորի կնոջը մի՛ ցանկացիր. աչք մի՛ ունեցիր ո՛չ քո ընկերոջ տան, ո՛չ նրա հանդի, ո՛չ նրա ծառայի, ո՛չ նրա աղախնի, ո՛չ նրա եզան, ո՛չ նրա էշի, ո՛չ նրա որեւէ անասունի, ո՛չ այն ամէնի վրայ, ինչ քո մերձաւորին է պատկանում”:

22 Տէրը կրակի միջից բարձր ձայնով այս պատգամները յղեց ձեր ժողովրդին լերան վրայ, որը խաւարով, մէգով ու մառախուղով էր պատուած, եւ այլեւս ոչինչ չաւելացրեց: Նա դրանք գրեց քարէ երկու տախտակների վրայ ու տուեց ինձ»:

ՄՈՎՍԷՍՆ ԱՍՏԾՈՒ ՊԱՏԳԱՄԱԽՕՍ

(Ելք 20.18-21)

23 «Երբ դուք կրակի միջից ձայնը լսեցիք, եւ լեռը բորբոքուած էր կրակով, ձեր ցեղերի իշխաններն ու ձեր ծերերը ինձ մօտենալով՝ ասացին. 24 “Տէր Աստուածը, ահա, մեզ ցոյց տուեց իր փառքն ու իր մեծութիւնը, նրա ձայնը լսեցինք կրակի միջից: Այդ օրը համոզուեցինք, որ Աստուած է խօսում մարդու հետ, եւ մարդը կենդանի է մնում: 25 Արդ, չմեռնենք, որովհետեւ այս մեծ կրակը մեզ կը սպանի. եթէ միւս անգամ դարձեալ լսենք մեր Տէր Աստծու ձայնը, ապա կը մեռնենք: 26 Որովհետեւ միս ու արիւնից կազմուած այդ ո՞ր մարդն է, որ կրակի միջից լսել է կենդանի Աստծու ձայնը, ինչպէս մենք ենք լսել, ու կենդանի է մնացել: 27 Մօտեցի՛ր ու լսի՛ր, ինչ որ մեր Տէր Աստուածը կ՚ասի եւ մեզ հաղորդի՛ր այն ամէնը, ինչ մեր Տէր Աստուածը կ՚ասի քեզ: Մենք կը լսենք ու կը կատարենք”: 28 Տէրը լսեց ինձ ասած ձեր խօսքերը, եւ Տէրն ասաց ինձ. “Լսեցի ժողովրդի այն խօսքերը, որ ասացին քեզ: Նրանք ամէն ինչ ճիշտ ասացին: 29 Ո՞վ կարող է նրանց սրտերը այնպէս անել, որ երկնչեն ինձանից ու պահեն իմ պատուիրանները բոլոր օրերում, որպէսզի յաւիտեան լաւ լինի նրանց ու նրանց որդիների համար: 30 Արդ, գնա՛ եւ ասա՛ նրանց. “Վերադարձէ՛ք ձեր տները”: 31 Դու մնա՛ այստեղ, ինձ մօտ, որպէսզի քեզ հաղորդեմ այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ պիտի սովորեցնես նրանց, եւ նրանք պիտի գործադրեն այն երկրում, որ ես նրանց տալու եմ իբրեւ ժառանգութիւն”:

32 Հետեւեցէ՛ք, որ դրանք գործադրէք այնպէս, ինչպէս պատուիրել է ձեզ ձեր Տէր Աստուածը: Չշեղուէք ո՛չ աջ, ո՛չ ձախ, 33 գնացէ՛ք այն ճանապարհով, որ պատուիրել է ձեզ մեր Տէր Աստուածը, որպէսզի տեղաւորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, եւ դուք երկար ապրէք այն երկրում, որ ստանալու էք իբրեւ ժառանգութիւն»:

6

ՄԵԾ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ

«Սրանք են այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ մեր Տէր Աստուածը հրամայեց ուսուցանել ձեզ, որպէսզի դրանք գործադրէք այն երկրում, ուր պիտի մտնէք իբրեւ ժառանգութիւն ստանալու համար: Դու, քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կեանքի բոլոր օրերին պէտք է երկնչէք մեր Տէր Աստծուց, պէտք է պահէք նրա բոլոր օրէնքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպէսզի երկար ապրէք: Լսի՛ր, Իսրայէ՛լ, եւ հետեւի՛ր, որ կատարես դրանք, որպէսզի լաւ լինի քեզ համար, ու դուք չափազանց բազմանաք, ինչպէս քո հայրերի Աստուածն է խոստացել, որպէսզի նա քեզ տայ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում»: Սրանք են այն օրէնքներն ու կանոնները, որ Մովսէսն անապատում հաղորդեց իսրայէլացիներին, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտացիների երկրից:

Մովսէսն այնուհետեւ շարունակեց. «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է: Քո Տէր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էութեամբ ու քո ամբողջ ուժով: Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կը պահես մտքիդ ու հոգուդ մէջ: Դրանք կը հաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կը խօսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: Դրանք որպէս նշան կը կապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջեւ, դրանք կը գրես քո տների մուտքին ու դռների վրայ»:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԵԱՆ ԴԷՄ

10 «Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, որ երդուեց տալ քո հայր Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, եւ քեզ տայ մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել, 11 ամէն տեսակի բարիքներով լցուած տներ, որոնք դու չես լցրել, փորուած ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել, 12 եւ ուտես ու յագենաս, 13 ապա այն ժամանակ զգո՛յշ եղիր, որ չմոռանաս Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից քեզ դուրս բերած քո Տէր Աստծուն: Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետեւիր ու նրա՛ անունով երդուիր: 14 Օտար աստուածների, ձեր շուրջը գտնուող ժողովուրդների աստուածների յետեւից մի՛ գնա, 15 որովհետեւ քո Տէր Աստուածը որ ձեր մէջ է, նախանձոտ Աստուած է: Այնպէս չլինի, որ քո Տէր Աստուածը սրտմտելով բարկանայ ու քեզ վերացնի երկրի երեսից:

16 Քո Տէր Աստծուն մի՛ փորձիր, ինչպէս փորձեցիք Փորձութեան վայրում258: 17 Անսասա՛ն պահիր քո Տէր Աստծու քեզ հաղորդած պատուիրանները, օրէնքներն ու կանոնները: 18 Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տէր Աստծու առջեւ, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ դու մտնես ու ժառանգես այն լաւ երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին, 19 որպէսզի Նա հալածի բոլոր թշնամիներին քո առջեւից, ինչպէս ասել է:

20 Եւ երբ վաղը քո որդին քեզ հարցնի ու ասի, թէ՝ “Այդ ի՞նչ պատուիրաններ, օրէնքներ ու կանոններ են, որ մեր Տէր Աստուածը պատուիրել է մեզ”, 21 ապա քո որդուն կ՚ասես. “Եգիպտոսում փարաւոնի ստրուկներն էինք մենք, եւ Տէր Աստուածը ամուր ձեռքով ու հզօր բազկով մեզ դուրս բերեց այնտեղից: 22 Տէրը Եգիպտացիների երկրում փարաւոնի ու նրա տան վրայ մեր ներկայութեամբ սոսկալի նշաններ եւ մեծագործութիւններ արեց: 23 Նա մեզ դուրս բերեց այդտեղից, որպէսզի բերի այստեղ, մեզ տայ այն երկիրը, որ երդուել էր տալ մեր հայրերին: 24 Տէրը մեզ պատուիրեց գործադրել բոլոր այս օրէնքները, յաւիտեանս երկնչել մեր Տէր Աստծուց, որպէսզի լաւ լինի մեզ համար մեր կեանքի բոլոր օրերում, եւ ապրենք, ինչպէս որ ապրում ենք այսօր: 25 Մեզ համար ողորմածութիւն կը լինի, եթէ հետեւենք, որ մեր Տէր Աստծու առջեւ գործադրուեն բոլոր այս պատուիրանները, ինչպէս որ Տէրը կարգադրել է մեզ”»:

7

ՏԻՐՈՋ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

(Ելք 34.11-16)

«Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, ուր պիտի մտնես այն ժառանգելու համար, եւ քո առջեւից հալածի մեծ ու բազմաթիւ ազգերին՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին ու յեբուսացիներին՝ քեզանից մեծ ու հզօր եօթը ազգերին, եւ քո Տէր Աստուածը նրանց մատնի քո ձեռքը, կը հարուածես, կ՚ոչնչացնես նրանց: Նրանց հետ ուխտ չդնես եւ նրանց չխնայես: Նրանց հետ խնամութիւն չհաստատես. քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես, որովհետեւ քո որդուն իմ դէմ կ՚ապստամբեցնեն. նա օտար աստուածներ կը պաշտի, եւ Տէրը սաստիկ կը բարկանայ ձեզ վրայ ու անմիջապէս կը կոտորի ձեզ: Այսպէս կը վարուէք նրանց հետ. քարուքանդ կ՚անէք նրանց բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները, կը կոտորէք նրանց անտառները, կրակի կը մատնէք նրանց կուռքերը: Դու ես քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդը, եւ քո Տէր Աստուածը քե՛զ է ընտրել, որ դու լինես իր սեփական ժողովուրդը, քան թէ երկրի վրայ ապրող մնացած բոլոր ազգերը: Տէրը բարեհաճեց ու ընտրեց ձեզ ոչ նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էք, քանի որ դուք բոլոր ազգերից սակաւաթիւ էք, այլ նրա համար, որ Տէրը սիրում էր ձեզ եւ ուզում էր պահել այն երդումը, որ նա տուել էր ձեր հայրերին: Տէրն ամուր ձեռքով ու հզօր բազկով ձեզ դուրս բերեց, ձեզ փրկեց ստրկութեան տնից՝ եգիպտացիների արքայ փարաւոնի ձեռքից: Պէտք է իմանաս, որ քո Տէր Աստուածն է Աստուածը, հաւատարիմ Աստուածը: Նա պահում է իրեն սիրող եւ իր պատուիրանները պահող մարդկանց հետ արած ուխտն ու ողորմածութիւնը մինչեւ հազար սերունդ, 10 իսկ իրեն ատողներին փոխհատուցում է՝ նրանց սպանելով: Նա իրեն ատողներին պատժում է առանց յապաղելու, ուղղակի փոխհատուցում նրանց:

11 Պէտք է պահես քեզ հաղորդած իմ պատուիրանները, օրէնքներն ու կանոնները»:

ՀՆԱԶԱՆԴՈՒԹԵԱՆ ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(Բ Օր. 28.1-4)

12 «Եթէ ենթարկուես այս բոլոր օրէնքներին եւ պահես ու գործադրես դրանք, ապա քո Տէր Աստուածը կը կատարի իր արած ուխտն ու ողորմածութիւնը, ինչպէս որ երդուել է մեր հայրերին: 13 Նա կը սիրի, կ՚օրհնի ու կը բազմացնի քեզ: Նա կ՚օրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու իւղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հօտերը այն երկրում, որ երդուեց Տէրը տալ քո հայրերին: 14 Օրհնեալ կը լինես դու, քան բոլոր ազգերը: Դու եւ քո անասունները ամուլ ու ստերջ չէք լինի: 15 Տէրը քեզանից կը վերացնի բոլոր հիւանդութիւնները: Եգիպտացիների բոլոր սոսկալի ցաւերը, որոնք դու տեսար եւ իմացար, Տէրը քեզ վրայ չի բերի, այլ դրանք կը տայ քո թշնամիներին եւ բոլոր քեզ ատողներին: 16 Դու կը սպառես աւարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնել քո Տէր Աստուածը: Քո աչքը թող չխնայի նրանց, եւ չպաշտես նրանց կուռքերը, որովհետեւ նրանք քեզ համար որոգայթ են»:

ԱՍՏՈՒԱԾ՝ ՊԱՇՏՊԱՆ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ

17 «Եթէ քո մտքում ասես, թէ՝ “Այդ ազգի մարդիկ մեզանից շատ են, ես ինչպէ՞ս կարող եմ կոտորել նրանց”, 18 ապա մի՛ վախեցիր նրանցից: Լաւ յիշի՛ր, թէ քո Տէր Աստուածը ինչ բերեց փարաւոնի, նրա ծառաների ու բոլոր եգիպտացիների գլխին. 19 ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործութիւններ, որ նա արեց ամուր ձեռքով եւ հզօր բազկով: Ինչպէս որ քո Տէր Աստուածը քեզ դուրս բերեց այնտեղից, նոյնը կ՚անի քո Տէր Աստուածը այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու: 20 Քո Տէր Աստուածը նրանց վրայ իշամեղուներ կ՚ուղարկի, մինչեւ որ կոտորուեն վերապրողները եւ նրանք, որ թաքնուել են քեզանից: 21 Մի՛ վախեցիր նրանց ներկայութիւնից, որովհետեւ քո մեծ ու հզօր Տէր Աստուածը քո մէջ է: 22 Քո Տէր Աստուածը այդ ազգերին քո ներկայութիւնից կը վերացնի սակաւ առ սակաւ: Դու չես կարող նրանց միանգամից կոտորել, որպէսզի երկիրն ամայի չդառնայ, եւ անապատի գազանները չբազմանան քո շուրջը: 23 Քո Տէր Աստուածը նրանց կը յանձնի քո ձեռքը եւ նրանց կը կոտորի մեծ պատուհասների մատնելով, մինչեւ որ մէջտեղից վերացնի նրանց: 24 Նա նրանց թագաւորներին կը յանձնի քո ձեռքը, եւ դու նրանց անունները կը ջնջես երկրի երեսից: Ոչ ոք չի կանգնի քո դէմ, մինչեւ որ բնաջնջես նրանց: 25 Նրանց կռածոյ աստուածները կ՚այրես հրով: Դրանց վրայ եղած արծաթի ու ոսկու վրայ աչք չունենաս, չվերցնես դրանք, որպէսզի դրանով մեղք գործած չլինես. դա քո Տէր Աստծու համար գարշելի է: 26 Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպէսզի դու էլ դրա նման նզովուած չլինես: Դու պէտք է բոլորովին զզուես եւ պիղծ համարես դա, որովհետեւ դա նզովուած է»:

8

ԱՆԱՊԱՏԻ ՓՈՐՁՈՒԹԻՒՆԸ

«Տեսէ՛ք, որ կատարուեն ձեզ հաղորդած իմ բոլոր պատուիրանները, որպէսզի ապրէք, բազմապատկուէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին: Յիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տէրը քեզ առաջնորդեց անապատի միջով259, որպէսզի քեզ տանջելով փորձի ու իմանայ, թէ ինչ կայ քո սրտում, թէ պահո՞ւմ ես նրա պատուիրանները, թէ՞ ոչ: Նա տանջեց քեզ, սովահար արեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանօթ չէիր, եւ որին ծանօթ չէին նաեւ քո հայրերը, որպէսզի քեզ ցոյց տայ, թէ մարդը միայն հացով չէ, որ ապրում է, այլ մարդն ապրում է նաեւ այն ամէն խօսքով, որ ելնում է Աստծու բերանից: Քո զգեստները չմաշուեցին, քո ոտքերը քառասուն տարի կոշտուկներով չպատուեցին:

Հոգուդ մէջ պիտի համոզուես, որ ինչպէս մարդ խրատում է իր որդուն, այնպէս էլ քո Տէր Աստուածը պիտի խրատի քեզ: Պահի՛ր քո Տէր Աստծու պատուիրանները, որպէսզի գնաս նրա ճանապարհներով եւ երկիւղ կրես նրանից: Քո Տէր Աստուած քեզ կը տանի լաւ ու բերրի մի երկիր, ուր ջրերի վտակներ ու երկրի խորքերից աղբիւրներ են բխում դաշտերում ու լեռներում: Դա ցորենի, գարու եւ գինու, այգիների ու նռնենիների երկիր է, ձիթենիների, իւղի ու մեղրի երկիր, ուր առանց նեղութիւն զգալու քո հացը պիտի ուտես եւ նրանում ոչ մի բանի կարօտ պիտի չլինես: Դա մի երկիր է, որի քարերը երկաթ են, իսկ նրա լեռներից կարող ես պղինձ ստանալ: 10 Կ՚ուտես, կը յագենաս ու կ՚օրհնես քո Տէր Աստծուն այն լաւ երկրում, որ նա տուել է քեզ:

11 Զգո՛յշ եղիր, չլինի թէ մոռանաս քո Տէր Աստծուն, չպահես նրա պատուիրանները, նրա այն կանոններն ու օրէնքները, որ ես հաղորդում եմ քեզ: 12 Այնպէս չլինի, որ ուտելուց ու կշտանալուց յետոյ, գեղեցիկ տներ կառուցելուց ու դրանց մէջ բնակուելուց յետոյ, 13 քո արջառն ու ոչխարը բազմանալուց յետոյ, քո արծաթն ու ոսկին շատանալուց յետոյ, քո ունեցած ամէն ինչը բազմանալուց յետոյ, 14 գոռոզամտանաս ու մոռանաս քո Տէր Աստծուն, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից, 15 քեզ անցկացրեց մեծ ու ահազդու անապատի միջով, ուր օձն ու կարիճն են խայթում, ծարաւը տանջում, ուր ջուր չկար, բայց նա քեզ համար ապառաժ քարից ջրի աղբիւր բխեցրեց: 16 Նա քեզ անապատում կերակրեց քո հայրերին անծանօթ մանանայով, որպէսզի քեզ տանջի ու փորձի եւ վերջում բարութիւն անի քեզ: 17 Մի՛ ասա քո մտքում, թէ՝ “Իմ ուժով ու ձեռքի զօրութեամբ եմ տիրացել ես այս մեծ հարստութեան”, 18 այլ յիշի՛ր քո Տէր Աստծուն, որովհետեւ նա է քեզ ուժ տալիս այդ հարստութեան հասնելու համար, որպէսզի հաստատի իր այն ուխտը, որ դրել է քո հայրերի հետ, ինչպէս տեսնում ես այսօր:

19 Եթէ պատահի, որ մոռանաս քո Տէր Աստծուն, գնաս օտար աստուածների յետեւից, ծառայես ու երկրպագես դրանց, ապա այսօր երդւում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կը կորչէք: 20 Եթէ չլսէք ձեր Տէր Աստծու ձայնը, կը կորչէք այնպէս, ինչպէս կորան միւս ազգերը, որոնց վերացրեց Տէրը ձեր առջեւից»:

9

ԻՍՐԱՅԷԼԻ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆԸ

«Լսի՛ր, Իսրայէ՜լ: Այսօր դու անցնում ես Յորդանան գետից այն կողմ, որպէսզի մտնես ու նուաճես քեզանից մեծ ու հզօր ժողովուրդներ, մեծամեծ ու մինչեւ երկինք հասնող պարսպապատ քաղաքներ, մեծ, բազմամարդ ու բարձրահասակ մի ժողովուրդ՝ Ենակի յետնորդներին, որոնց դու ինքդ ճանաչում ես: Դու լսել ես այն խօսքը, թէ՝ “Ո՞վ կարող է դէմ կանգնել Ենակի յետնորդներին”: Դու այսօր կ՚իմանաս, որ քո Տէր Աստուածն ինքը, որպէս լափող կրակ, գնալու է քո առջեւից: Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո աչքի առջեւ, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապէս, ինչպէս որ ասաց քեզ Տէրը: Երբ քո Տէր Աստուածը քո առջեւ սպանի նրանց, քո մտքում մի՛ ասա, թէ՝ “Իմ արդար լինելու համար է, որ Տէրը ինձ բերել է այստեղ, որպէսզի ժառանգեմ այս լաւ երկիրը”: Ոչ թէ քո արդար լինելու, այլ այդ ազգերի ամբարիշտ լինելու համար է, որ քո Տէր Աստուածը կոտորում է նրանց քո աչքի առջեւ: Ոչ թէ քո արդար լինելու եւ քո հոգու մաքուր լինելու համար ես մտնում նրանց երկիրը, որպէսզի ժառանգես այն, այլ այդ ազգերի անօրէնութեան համար է քո Տէր Աստուածը վերացնում նրանց քո առջեւից, որպէսզի հաստատի մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին երդումով արած իր ուխտը: Դու այսօր կ՚իմանաս, թէ քո արդար լինելու համար չէ, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն քեզ լաւ երկիր է տալիս, որովհետեւ դու կամակոր ժողովուրդ ես»:

ՈՍԿԻ ՀՈՐԹԸ. ԺՈՂՈՎՐԴԻ ՍԽԱԼԸ

«Յիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թէ որքան ես անապատում բարկացրել քո Տէր Աստծուն: Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք Եգիպտացիների երկրից ու ելաք մինչեւ այս վայրը, ըմբոստանալով էիք գալիս տէրունական այս վայրը: Քորէբում բարկացրիք Տիրոջը, եւ Տէրը զայրացաւ ձեզ կոտորելու աստիճան, երբ ես լեռն էի բարձրանում, որպէսզի ստանամ քարէ տախտակները, ուխտի այն տախտակները, որ Տէրը խոստացել էր տալ ձեզ: Ես քառասուն օր, քառասուն գիշեր մնացի լերան վրայ, հաց չկերայ, ջուր չխմեցի. 10 Տէր Աստուածն ինձ տուեց իր իսկ ձեռքով գրած քարէ երկու տախտակներ: Դրանց վրայ գրուած էին բոլոր այն պատգամները, որ Տէրը լերան վրայ հաղորդել էր ձեր հաւաքի օրը: 11 Քառասուն օր, քառասուն գիշեր յետոյ Տէրն ինձ տուեց քարէ երկու տախտակները՝ ուխտի տախտակները:

12 Տէրն ինձ ասաց. “Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրէն դարձաւ Եգիպտոսից քո դուրս բերած ժողովուրդը: Նրանք արդէն շեղուել են այն ուղուց, որ պատուիրել էիր նրանց, եւ իրենց համար ձուլածոյ կուռքեր են պատրաստել”: 13 Տէրն ինձ ասաց. “Քեզ հետ խօսել եմ մէկ անգամ, երկու անգամ ու ասում եմ. ‘Տեսայ քո այդ ժողովրդին. այդ ժողովուրդը կամակոր է: 14 Թո՛յլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, նրանց անունը ջնջեմ երկրի երեսից եւ քեզ աւելի մեծ, հզօր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են’:

15 Ես դարձեալ իջայ լեռից՝ երկու տախտակներն իմ ձեռքին, իսկ լեռը բորբոքուած էր կրակով: 16 Տեսնելով, որ մեր Տէր Աստծու առջեւ մեղք էք գործել՝ ձեզ համար ձուլածոյ կուռքեր էք պատրաստել, շեղուել էք այն ուղուց, որ Տէրն էր պատուիրել, 17 վերցրի իմ ձեռքի երկու տախտակները եւ ձեր աչքի առջեւ ջարդուփշուր արեցի260»:

ՄՈՎՍԷՍԸ ՄԻՋՆՈՐԴՈՒՄ Է

18 Առաջինի նման երկրորդ անգամ քառասուն օր, քառասուն գիշեր Տիրոջ առջեւ աղաչեցի, հաց չկերայ, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քաւութեան համար, որովհետեւ մեր Տէր Աստծու առջեւ չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան: 19 Ես վախենում էի նրա բարկութիւնից ու զայրոյթից, որովհետեւ Տէրը բարկացել էր ձեզ վրայ ձեզ կոտորելու աստիճան: Այս անգամ էլ լսեց ինձ Տէրը: 20 Նա խիստ բարկացել էր նաեւ Ահարոնի վրայ, ուզում էր սպանել նրան: Ես այս անգամ էլ աղօթեցի Ահարոնի համար, 21 ձեր գործած մեղքը՝ հորթը վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածուեց: Այդ փոշին ես լցրի լեռից իջնող վտակի մէջ:

22 Դուք ձեր Տէր Աստծուն բարկացրել էք Կրակի, Փորձութեան ու Ցանկութեան գերեզմանի մէջ261: 23 Եւ երբ Տէրը ձեզ ուղարկեց Կադէսբառնեայից, ասաց. “Ելէ՛ք ու ժառանգեցէ՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ”, դուք չէիք հնազանդուել ձեր Տէր Աստծու խօսքին, չէիք հաւատացել նրան, Տիրոջ ձայնին չէիք անսացել: 24 Դուք Տիրոջ հրամանին անհնազանդ էիք այն օրուանից ի վեր, ինչ այն ձեզ ծանուցուեց:

25 Ես Տիրոջ առջեւ աղաչեցի քառասուն օր, քառասուն գիշեր: Ես աղաչեցի, որովհետեւ Տէրն ասում էր, որ կը կոտորի ձեզ: 26 Ես Տիրոջ առջեւ աղօթք անելով՝ ասացի. “Տէ՛ր, Տէ՛ր, աստուածների թագաւոր, մի՛ կոտորիր քո ժողովրդին ու քո ընտրած մարդկանց, որոնց փրկեցիր, դուրս բերեցիր Եգիպտոսից քո մեծ զօրութեամբ, ամուր ձեռքով ու հզօր բազկով: 27 Յիշի՛ր քո ծառաներին՝ Աբրահամին, Իահակին ու Յակոբին, որոնց երդուեցիր քո անունով: Քո ժողովրդի խստութեան, ամբարշտութեան ու մեղքերի վրայ ուշադրութիւն մի՛ դարձրու: 28 Չլինի այնպէս, որ այն երկրի բնակիչները, որտեղից դուրս բերեցիր մեզ, ասեն. “Քանի որ Տէրը չկարողացաւ նրանց տանել այն երկիրը, որ խոստացել էր նրանց, եւ քանի որ Տէրն ատում էր նրանց, դուրս բերեց նրանց, որպէսզի կոտորի անապատում”: 29 Սրանք քո ժողովուրդն են ու քո ընտրած մարդիկ, որոնց քո հզօր զօրութեամբ ու հզօր բազկով ես դուրս բերել Եգիպտացիների երկրից”»:

10

ԱՍՏԾՈՒ ՆԵՐՈՒՄԸ

(Ելք 34.1-10)

«Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. “Երկու քարէ տախտակ կոփի՛ր նախկինների նման ու բարձրացի՛ր լեռը: Փայտից տապանակ պատրաստի՛ր քեզ համար, եւ ես այդ տախտակների վրայ կը գրեմ այն նոյն պատգամները, որ գրուած էին քո ջարդած առաջին տախտակների վրայ: Դրանք կը դնես տապանակի մէջ”: Ես կարծր փայտից տապանակ պատրաստեցի, առաջինների պէս երկու քարէ տախտակներ կոփեցի եւ բարձրացայ լեռը: Երկու տախտակներն իմ ձեռքին էին: Նա նախկինում262 գրածի նման երկու տախտակների վրայ գրեց այն տասը պատուիրանները, որ Տէրը ձեզ հաղորդել էր լերան վրայ, կրակի միջից, եւ Տէրը դրանք տուեց ինձ: Ես նորից իջայ լեռից ու տախտակները դրեցի տապանակի մէջ. եւ դրանք այնտեղ են մնում, ինչպէս պատուիրել էր ինձ Տէրը:

Իսրայէլացիները Յակիմի որդիների Բերոթ բնակավայրից չուեցին դէպի Սադայի: Ահարոնը մեռաւ այնտեղ ու այնտեղ թաղուեց: Նրա որդի Եղիազարը քահանայ դարձաւ նրա փոխարէն: Այնտեղից չուեցին դէպի Գադգադ, Գադգադից՝ դէպի Ետակա՝ ջրի վտակների երկիրը:

Այդ ժամանակ Տէրը Ղեւիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջեւ, ծառայեն նրան ու նրա անունով աղօթք անեն, ինչպէս որ լինում է մինչեւ այսօր: Այդ իսկ պատճառով ղեւտացիներն իրենց եղբայրների մէջ բաժին ու ժառանգութիւն չունեն, քանի որ Տէրն ինքն է նրանց բաժինն ու ժառանգութիւնը, ինչպէս որ ասաց նրանց:

10 Քառասուն օր, քառասուն գիշեր ես մնացի լերան վրայ, եւ Տէրն ինձ լսեց այս անգամ էլ ու չուզեց կոտորել ձեզ: 11 Տէրն ինձ ասաց. “Գնա՛, քայլի՛ր քո այդ ժողովրդի առջեւից, որպէսզի նրանք մտնեն ու ժառանգեն այն երկիրը, որ երդումով խոստացայ տալ նրանց հայրերին”»:

ՍԻՐՈՅ ԵՒ ՀՆԱԶԱՆԴՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔԸ

12 «Արդ, Իսրայէ՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տէր Աստուածը. միայն այն, որ երկնչես քո Տէր Աստծուց, ընթանաս նրա ցոյց տուած ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էութեամբ, 13 պահես քո Տէր Աստծու պատուիրաններն ու նրա օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպէսզի քեզ համար լաւ լինի: 14 Երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մէջ գտնուող ամէն ինչ պատկանում են քո Տէր Աստծուն: 15 Տէրը, սակայն, բարեհաճ գտնուեց ու սիրեց ձեր հայրերին եւ նրանցից յետոյ ընտրեց ձեզ՝ նրանց յետնորդներին, բոլոր ազգերի միջից, ինչպէս որ տեսնում էք մինչեւ այսօր: 16 Վերացրէ՛ք ձեր խստասրտութիւնը եւ մի՛ յամառէք, 17 որովհետեւ մեր Տէր Աստուածը աստուածների Աստուած է, տէրերի Տէր, մեծ, հզօր ու ահաւոր Աստուած, որ ոչ մէկին աչառութիւն չի անում ու կաշառք չի առնում: 18 Նա պաշտպանում է պանդխտի, որբի ու այրու իրաւունքները, սիրում է օտարականին, նրան տալիս է հաց ու հագուստ: 19 Դուք էլ սիրեցէ՛ք պանդխտին, որովհետեւ դուք էլ պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում: 20 Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, պաշտի՛ր նրան, յարի՛ր նրան եւ երդուի՛ր նրա անունով, 21 որովհետեւ նա քո պարծանքն է, քո այն նոյն Աստուածը, որ քեզ համար մեծ ու փառաւոր գործեր արեց, ինչպէս ինքդ էլ ես տեսնում քո աչքերով: 22 Քո նախնիները եօթանասուն263 հոգով եկան Եգիպտոս, իսկ հիմա քո Տէր Աստուածը քեզ երկնքի աստղերի չափ բազմամարդ է դարձրել»:

11

ԱՍՏԾՈՒ ՄԵԾՈՒԹԻՒՆԸ

«Քո կեանքի բոլոր օրերին պէտք է սիրես քո Տէր Աստծուն, պահես նրա պատգամները, օրէնքները, պատուիրաններն ու կանոնները: Այսօր պէտք է իմանաք, որ խօսքը չի վերաբերում ձեր որդիներին, որոնք ո՛չ գիտեն, ո՛չ էլ տեսել են քո Տէր Աստծու խրատը, նրա մեծագործութիւնները, ամուր ձեռքը եւ հզօր բազուկը, նրա նշաններն ու զարմանահրաշ գործերը, որ նա արեց Եգիպտոսում եգիպտացիների արքայ փարաւոնի եւ նրա ամբողջ երկրի հանդէպ: Նաեւ այն, թէ Տէրն ինչ բերեց եգիպտացիների զօրքերի, նրանց կառքերի ու երիվարների գլխին, թէ ինչպէս նրանց ջրասոյզ արեց Կարմիր ծովի մէջ, երբ սրանք յարձակւում էին մեր թիկունքից, եւ անհետացրեց նրանց յաւիտեան: Նաեւ այն, թէ ինչ արեց ձեզ համար անապատում, մինչեւ որ եկաք այս վայրը: Նաեւ այն, թէ ինչ բերեց Դաթանի ու Աբիրոնի գլխին, որոնք Ռուբէնի ցեղից Եղիաբի որդիներն էին, թէ ինչպէս երկիրն իր երախը բանալով կուլ տուեց նրանց, նրանց տներն ու վրանները, նրանց հետ եւ այն ամէնը, ինչ ունէին ամբողջ Իսրայէլում: Խօսքը վերաբերում է ձեզ, քանի որ ձեր աչքերով իսկ տեսաք Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց ձեր մէջ մինչեւ այսօր»:

ԽՈՍՏԱՑՈՒԱԾ ԵՐԿՐԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

«Պահեցէ՛ք, ուրեմն, նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, որպէսզի ապրէք, բազմանաք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, դէպի ուր անցնում էք Յորդանան գետով, որպէսզի երկար ապրէք այն երկրում, որ Տէրը երդուեց տալ ձեր հայրերին եւ նրանցից յետոյ՝ նրանց զաւակներին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում:

10 Այն երկիրը, ուր դուք մտնելու էք ժառանգելու համար, նման չէ Եգիպտացիների երկրին, որտեղից դուք դուրս եկաք. մի երկիր, ուր սերմը ցանում են ու ջրում ոտքերով, որպէս թէ բանջարանոց լինի: 11 Այն երկիրը, ուր դուք պիտի մտնէք ժառանգելու համար, լեռնային ու հովտային երկիր է. այն ոռոգւում է երկնքից թափուող անձրեւով: 12 Դա մի երկիր է, որը քո Տէր Աստուածն է խնամում, տարուայ սկզբից մինչեւ տարուայ վերջը քո Տէր Աստծու աչքը միշտ նրա վրայ է:

13 Եթէ ուշադրութեամբ լսես նրա բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ, այն է՝ սիրես քո Տէր Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ հոգով ու քո ամբողջ էութեամբ, 14 ապա նա ձեր երկրին կը տայ ըստ ժամանակի պահանջուող առաջին ու վերջին անձրեւը, որպէսզի կարողանաս ամբարել քո ցորենը, գինին ու իւղը: 15 Նա քո դաշտերին խոտ կը տայ քո անասունի համար: Կ՚ուտես եւ կը յագենաս: 16 Զգո՛յշ եղէք, չլինի թէ ամբարտաւանանան ձեր հոգիները, մեղք գործէք, օտար աստուածներ պաշտէք ու երկրպագէք նրանց: 17 Այն ժամանակ Տէրը խիստ կը զայրանայ ձեզ վրայ, արգելք կը դնի երկնքի վրայ, անձրեւ չի լինի, հողն իր բերքը չի տայ, եւ դուք շատ արագ կը կորչէք այս լաւ երկրից, որ Տէրը տուել է ձեզ:

18 Այս խօսքերը ի պահ դրէ՛ք ձեր մտքում ու ձեր հոգում: Դրանք որպէս նշան կապեցէ՛ք ձեր ձեռքերին, որ մշտապէս մնան ձեր աչքերի առջեւ: 19 Դուք դրանք սովորեցրէ՛ք ձեր որդիներին եւ դրանց մասին խօսեցէ՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: 20 Դրանք գրեցէ՛ք ձեր տների մուտքերին ու դռների վրայ, 21 որպէսզի ձեր կեանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կեանքը այն երկրի վրայ, որ Տէրը երդուել է տալ ձեր հայրերին, լինի այնքան երկար, որքան որ երկինքը կը լինի երկրի վրայ:

22 Եթէ ուշադրութեամբ լսէք այս բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, որ անէք, այն է՝ սիրէք ձեր Տէր Աստծուն, գնաք նրա ճանապարհով ու յարէք նրան, 23 ապա Տէրը ձեր առջեւից կը հեռացնի այդ բոլոր ազգերին, եւ դուք կը նուաճէք ձեզանից մեծ ու հզօր ազգերին: 24 Բոլոր այն վայրերը, ուր կը կոխեն ձեր ոտքերը, ձերը կը լինեն. անապատից մինչեւ Անդրլիբանան, Եփրատ մեծ գետից մինչեւ Արեւմտեան ծովը264 կը լինեն ձեր սահմանները: 25 Ոչ ոք ձեզ չի դիմադրի, ձեր ահն ու սարսափը ձեր Տէր Աստուածը կը սփռի ամբողջ երկրի վրայ, ուր ոտք կը դնէք դուք, ինչպէս ասել է ձեզ Տէրը»:

ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒ ԱՆԷԾՔՆԵՐ

26 «Ես այսօր, ահա, ձեր առջեւ դնում եմ օրհնութիւններ ու անէծքներ: 27 Օրհնութիւն կը ստանաք, եթէ լսէք ձեր Տէր Աստծու պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, 28 եւ անէծքներ՝ եթէ չլսէք ձեր Տէր Աստծու պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, շեղուէք այն ճանապարհից, որ ես ցոյց տուեցի ձեզ, գնաք պաշտէք ձեզ անծանօթ օտար աստուածներ: 29 Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, դէպի ուր անցնում ես Յորդանան գետով, որպէսզի ժառանգես այն, ապա օրհնութի՛ւն առաքիր Գարիզին լերան վրայ եւ անէ՛ծք՝ Գեբաղ լերան վրայ: 30 Չէ՞ որ դրանք Յորդանան գետի այն կողմում են, Քանանացիների երկրի արեւմտեան ճանապարհի յետեւում, Գաղգաղի մօտ, բարձր կաղնու մերձակայքում: 31 Եւ դուք անցէ՛ք Յորդանան գետով՝ մտնելու եւ ժառանգելու համար այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է ձեզ որպէս ժառանգութիւն բոլոր օրերի համար: Ժառանգեցէ՛ք այն եւ բնակուեցէ՛ք նրա մէջ:

32 Զգո՛յշ եղէք, որ կատարէք նրա բոլոր հրամանները եւ կանոնները, որ ես այսօր դնում եմ ձեր առաջ»:

12

ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՄԻԱԿ ՏԵՂԸ

«Սրանք են այն հրամաններն ու կանոնները, որոնք դուք հետեւողականօրէն պիտի կատարէք այն երկրում, որը ձեր հայրերի Տէր Աստուածը տալու է ձեզ որպէս ժառանգութիւն: Դրանք պիտի կատարէք այդ երկրի վրայ ձեր կեցութեան բոլոր օրերում: Ոչնչացրէ՛ք բարձր լեռների, բլուրների վրայ ու վարսաւոր ծառերի տակ գտնուող բոլոր վայրերը, ուր միւս ազգերը պաշտել են իրենց կուռքերին, եւ որոնց դուք պիտի տիրանաք: Քարուքա՛նդ արէք նրանց բագինները, ջարդուփշո՛ւր արէք նրանց կոթողները, խորտակեցէ՛ք նրանց յուշասիւները եւ կրակի մատնեցէ՛ք նրանց տաշածոյ կուռքերը: Չաստուածների անունները վերացրէ՛ք այդ վայրերից, բայց այդպէս մի՛ վարուէք ձեր Տէր Աստծու նկատմամբ:

Նրան պիտի պաշտէք այն տեղում, որ ձեր Տէր Աստուածը պիտի ընտրի ձեր ցեղերից մէկի տարածքում, եւ այն պիտի կոչէք նրա անունով եւ նրա՛ մէջ պիտի բնակեցնէք նրան: Փնտռեցէ՛ք այն եւ մտէ՛ք այնտեղ: Այդտե՛ղ կը մատուցէք ձեր ողջակէզները, զոհերը, կը տաք ձեր տասանորդները, պարգեւները, ձեր ուխտած, խոստացած եւ կամաւոր նուէրները265, նաեւ ձեր արջառի ու ոչխարի առաջնածինները: Դուք եւ ձեր ընտանիքների անդամները կ՚ուտէք ձեր Տէր Աստծու առջեւ եւ կ՚ուրախանաք այն ամէնի համար, ինչ արել էք ձեր ձեռքերով, ինչի համար օրհնել է ձեզ ձեր Տէր Աստուածը:

Մի՛ արէք այն ամէնը, ինչ որ այսօր մենք այստեղ չենք անում266. իւրաքանչիւրը իրեն հաճելի բանն է անում. եւ մինչեւ այսօր դուք չէք հասել հանգստի ու ժառանգութեան այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է մեզ: 10 Երբ անցնելով Յորդանան գետը՝ բնակուէք այն երկրում, որ մեր Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն է տալու ձեզ, եւ երբ Նա ձեր շուրջը գտնուող բոլոր թշնամիներից ձեզ ազատի, ու դուք ապրէք ապահով, 11 այն ժամանակ մեր Տէր Աստծու ընտրած վայրը կը կոչէք նրա անունով եւ այնտեղ կը բերէք այն ամէնը, ինչ ես այսօր պատգամում եմ ձեզ, այն է՝ ձեր ողջակէզները, զոհերը, տասանորդները, ձեր ձեռքերին գտնուող նուէրները, տուրքերը եւ ձեր նուիրաբերումները, որ ուխտ էք արել տալ ձեր Աստծուն: 12 Մեր Տէր Աստծու առջեւ կ՚ուրախանաք դուք, ձեր տղաներն ու աղջիկները, նաեւ ձեր ծառաներն ու աղախինները, ձեր յարկի տակ գտնուող ղեւտացին, որը ձեզ նման բաժին ու սեփականութիւն չունի: 13 Զգո՛յշ եղիր, որ քո ողջակէզները չմատուցես ուր որ պատահի. 14 քո ողջակէզները կը մատուցես քո քաղաքներից մէկում, այնտեղ, ուր կ՚ընտրի քո Տէր Աստուածը267: Այնտեղ կը կատարես այն ամէնը, ինչ այսօր պատգամում եմ քեզ: 15 Որքան ցանկանաս, կարող ես մորթել եւ քո Տէր Աստծու օրհնութեամբ ուտել այն միսը, որ Նա տուել է քեզ բոլոր քաղաքներում: Քեզ հետ բնակուող անմաքուր եւ մաքուր մարդիկ կարող են միասին ուտել այն, ինչպէս ուտում են այծեամն ու եղջերուն: 16 Արիւնը, սակայն, չպէտք է ուտէք, այլ իբրեւ ջուր այն պէտք է գետին թափէք:

17 Չհամարձակուես քո ցորենի, գինու, իւղի տասանորդը, արջառի ու ոչխարի առաջնածինը, քո ուխտ արած ամէն ինչը, քո խոստացած նուէրներն ու ձեռքի ընծաները ուտել քո քաղաքներում: 18 Դու, քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող պանդուխտը դրանք կ՚ուտէք ձեր Տէր Աստծու առջեւ, այնտեղ, ուր Տէր Աստուածը կ՚ընտրի իր համար: Քո Տէր Աստծու առջեւ կ՚ուրախանաս այն ամէնի համար, ինչ արել ես քո ձեռքով: 19 Զգո՛յշ եղիր, որ ղեւտացուն չլքես այնքան ժամանակ, քանի դեռ ապրում ես երկրի վրայ:

20 Եթէ քո Տէր Աստուածը իր խոստացածի համաձայն ընդարձակի քո սահմանները, եւ եթէ ցանկանաս միս ուտել ու ասես, թէ՝ “Միս եմ ուզում ուտել”, ապա ըստ քո ցանկութեան միս կ՚ուտես: 21 Իսկ եթէ քեզանից հեռու լինի այն վայրը, որ քո Տէր Աստուածը ընտրել է, որպէսզի իր անունով կոչես այն, ապա Աստծու քեզ տուած արջառներից կամ ոչխարներից կը մորթես, ինչպէս պատուիրել եմ քեզ, եւ ըստ քո ցանկութեան կ՚ուտես քո քաղաքներում: 22 Ինչպէս ուտւում են այծեամն ու եղջերուն, այդպէս էլ կ՚ուտես դա: Քեզ հետ բնակուող անմաքուր ու մաքուր մարդիկ նոյնպէս կարող են ուտել: 23 Զգո՛յշ եղիր, որ արիւնը չուտես, որովհետեւ արիւնն անասունի հոգին է: 24 Հոգին մսի հետ չուտես. այն իբրեւ ջուր գետին թափի՛ր, 25 այն մի՛ կեր, որպէսզի լաւ լինէք դու եւ քեզանից յետոյ գալիք քո սերունդները, եթէ բարի ու հաճելի գործ կատարես քո Տէր Աստծու առջեւ: 26 Քո սրբութիւնները, եթէ ունես, քո ուխտած բաները վերցնելով՝ կը գաս այն վայրը, որը քո Տէր Աստուածը կ՚ընտրի իր համար, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ: 27 Կ՚անես քո ողջակէզները. միսը կը դնես քո Տէր Աստծու զոհասեղանի վրայ, զոհի արիւնը կը թափես քո Տէր Աստծու զոհասեղանի յատակին, իսկ միսը կ՚ուտես:

28 Զգո՛յշ եղիր ու լսի՛ր. կը կատարես այն ամէնը, ինչ պատգամում եմ քեզ, որպէսզի յաւիտեանս լաւ լինի քեզ եւ քո որդիների համար, քանի որ քո Տէր Աստծու առջեւ բարին ու հաճելին ես անում»:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԻՑ

29 «Եթէ քո Տէր Աստուածը քո առջեւ ազգեր կոտորի, եւ դու նրանց երկիրն իբրեւ ժառանգութիւն ստանալու համար մտնես այդ երկիրն ու նուաճես նրանց, բնակուես նրանց երկրում, 30 ապա զգո՛յշ եղիր, որ քո առջեւ նրանց կոտորուելուց յետոյ չգնաս նրանց հետքերով, չհետաքրքրուես նրանց կուռքերով ու չասես, թէ՝ “Այս ազգերը ինչ արել են իրենց կուռքերին, նոյնն էլ ես անեմ Տիրոջը”: 31 Նոյն կերպ չվարուես քո Տէր Աստծու նկատմամբ, որովհետեւ նրանք իրենց կուռքերի համար անում են գարշելի բաներ, որոնք ատելի են Տիրոջը, որովհետեւ նրանք իրենց տղաներին ու աղջիկներին յանուն իրենց կուռքերի այրում են կրակի վրայ: 32 Զգո՛յշ եղիր, որ կատարես այն ամէնը, ինչ ես այսօր պատգամում եմ քեզ: Դրա վրայ ոչինչ մի՛ աւելացրու եւ դրանից ոչինչ մի՛ պակասեցրու»:

13

ՊԱՏԻԺ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ ՅՈՐԴՈՐՈՂՆԵՐԻՆ

«Եթէ ձեր միջից մի մարգարէ կամ երազահան երեւան գայ եւ քեզ մի նշան կամ հրաշք ցոյց տայ, քեզ ասած նշանը կամ հրաշքը կատարուի, եւ յետոյ նա ասի՝ “Գնանք պաշտենք ձեզ անծանօթ օտար աստուածներ”, ապա այդ մարգարէի կամ երազահանի խօսքերը մի՛ լսէք, որովհետեւ Տէր Աստուածը փորձում է ձեզ, իմանալու համար, թէ ձեր ամբողջ հոգով ու ձեր ամբողջ էութեամբ սիրո՞ւմ էք մեր Տէր Աստծուն: Ձեր Տէր Աստծու յետեւի՛ց գնացէք, նրանից երկնչեցէ՛ք, նրա պատուիրանները կատարեցէ՛ք, նրա ասածը լսեցէ՛ք ու նրան յարեցէ՛ք, թող այն մարգարէն կամ երազահանը մեռնի, որովհետեւ աշխատում է քեզ ապստամբեցնել քո Տէր Աստծու դէմ, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից, քեզ փրկեց ստրկութեան երկրից. թող այն մարգարէն մեռնի, քանզի քեզ շեղեց այն ճանապարհից, որով քո Տէր Աստուածը պատուիրել էր ընթանալ իր հետ: Դրանով չարը կը վերացնես ձեր միջից:

Եթէ քո հօր կամ մօր կողմից քո եղբայրը, քո տղան կամ քո աղջիկը, քո ծոցում պառկող կինդ կամ անձիդ պէս սիրելի բարեկամդ գաղտնաբար քեզ ասի՝ “Գնանք պաշտենք քեզ եւ քո հայրերին անծանօթ օտար աստուածներ”, որոնք ձեր շուրջը գտնուող, քեզ մօտիկ կամ քեզանից հեռու ազգերի աստուածներ են երկրի մի ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը, ապա չհամաձայնուես նրա հետ, չլսես, չխնայես, չգթաս ու չպատսպարես նրան: Ամենուր կը յայտնես այդ մասին. նախ քո ձեռքը թող բարձրանայ նրան սպանելու համար, որից յետոյ թող բարձրանայ ամբողջ ժողովրդի ձեռքը: 10 Քարկոծելով կը սպանէք նրան, որովհետեւ նա ուզում էր քեզ ապստամբեցնել քո Տէր Աստծու դէմ, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից: 11 Ամբողջ Իսրայէլն այդ լսելով թող զարհուրի, եւ ձեր միջից ոչ ոք թող չյանդգնի կատարել նման չար արարք:

12 Եթէ քո Տէր Աստծու՝ բնակուելու համար քեզ տուած քաղաքներից որեւէ մէկում լսես, 13 թէ՝ “Մեր միջից անօրէն մարդիկ դուրս ելան ու յեղաշրջեցին իրենց քաղաքի բոլոր բնակիչներին”՝ ասելով, թէ՝ “Գնանք ու պաշտենք մեզ անծանօթ օտար աստուածներ”, 14 ապա կը քննես, հարցուփորձ կ՚անես եւ մանրակրկիտ կը ստուգես նրանց: Եւ եթէ իրօք հաւաստի է, որ այդ սրբապղծութիւնը տեղի է ունեցել ձեր մէջ, 15 ապա սրի հարուածներով կը կոտորէք այդ երկրի բոլոր բնակիչներին, նզովելով կը նզովէք այդ քաղաքն ու այն ամէնը, ինչ կայ այնտեղ եւ նրանց անասունները սրի կը քաշէք: 16 Նրա բոլոր աւարը կը հաւաքես այդ քաղաքի հրապարակի վրայ եւ քո Տէր Աստծու առջեւ քաղաքն ու նրա ամբողջ աւարը կը հրկիզես: Այդ քաղաքն աւերակի թող վերածուի յաւիտեան եւ այլեւս թող չվերակառուցուի: 17 Նրա նզովուած իրերից ոչ մի բան չպէտք է անցնի քո ձեռքը: Տէրը կը մեղմի իր բարկութիւնը, գթառատ կը լինի քո նկատմամբ, կ՚ողորմի քեզ եւ քեզ կը բազմացնի այնպէս, ինչպէս երդուել էր Տէրը քո հայրերին: 18 Եթէ լսես քո Տէր Աստծու ձայնը, այսինքն՝ պահես նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, քո Տէր Աստծու առջեւ բարին եւ հաճելին գործած կը լինես»:

14

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՍԳԻՑ

«Դուք ձեր Տէր Աստծու որդիներն էք: Սգի մէջ գտնուելիս ձեր մարմնի վրայ կտրուածքներ չանէք եւ ձեր ճակատները չխփէք268, որովհետեւ դուք ձեր Տէր Աստծու սուրբ ժողովուրդն էք: Ձեր Տէր Աստուածը ձեզ է ընտրել, որ երկրի երեսին գտնուող բոլոր ազգերի մէջ դուք լինէք իրեն պատկանող ժողովուրդ»:

ՄԱՔՈՒՐ ԵՒ ԱՆՄԱՔՈՒՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

(Ղեւտ. 11.1-47)

«Ամէն մի գարշելի բան մի՛ կերէք: Սրանք են այն անասունները, որ կարող էք ուտել. արջառ, հօտի ոչխար, արու այծ, եղջերու, այծեամ, գոմէշ, իշայծեամ, այծքաղ, վայրի այծ եւ ընձուղտ: Կ՚ուտէք նաեւ թաթը ճեղքուած, կճղակաբաշխ ու որոճացող բոլոր անասունները: Մի՛ կերէք այն անասունները, որոնք որոճում են, բայց թաթը ճեղքուած կամ կճղակաբաշխ չեն: Ուղտը, նապաստակն ու ճագարը որոճում են, բայց կճղակաբաշխ չեն, դրանք ձեզ համար անմաքուր են: Խոզը թէեւ ճեղքուած թաթ ունի ու կճղակաբաշխ է, բայց չի որոճում. ուստի նա ձեզ համար անմաքուր է. մի՛ կերէք նրա միսը եւ դրանց սատկած դիակին մի՛ մօտեցէք:

Սրանք են ջրային այն կենդանիները, որ կարող էք ուտել. կ՚ուտէք ջրային բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ ունեն: 10 Մի՛ կերէք բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ չունեն. դրանք ձեզ համար անմաքուր են: 11 Բոլոր մաքուր թռչունները կարող էք ուտել: 12 Սրանք են այն թռչունները, որ չպէտք է ուտէք. արծիւ, անգղարծիւ, անգղ, 13 գետարծիւ, ցին եւ այն, ինչ դրանց ցեղակից է, նոյնպէս եւ 14 որի269 եւ այն, ինչ դրան ցեղակից է, 15 ջայլամ, բու, ճայ, 16 արագիլ, կարապ, հողամաղ270, 17 քաջահաւ, սոխակ, ագռաւ, 18 հաւալուսն, քաղադր271 եւ այն, ինչ դրանց ցեղակից է, նաեւ՝ յոպոպ եւ չղջիկ: 19 Թռչող բոլոր զեռունները ձեզ համար անմաքուր թող լինեն, դրանք մի՛ կերէք: 20 Կ՚ուտէք բոլոր մաքուր թռչունները:

21 Ոչ մի սատկած անասունի միս չուտէք: Այն կը տաք ձեր քաղաքներում գտնուող պանդխտին, որ ուտի, կամ էլ կը վաճառէք օտար մարդու, որովհետեւ դու քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդն ես: Գառը իր մօր կաթի մէջ չեփես»:

ՏԱՍԱՆՈՐԴԻ ՕՐԷՆՔԸ

22 «Քո սերմանած բոլոր արմտիքների, քո դաշտերի բերքի տասանորդը կը յանձնես ամէն տարի: 23 Դա կ՚ուտես քո Տէր Աստծու առջեւ, այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ: Այդտեղ կը մատուցես քո ցորենի, գինու, իւղի տասանորդը, քո արջառի ու ոչխարի առաջնածինները, որպէսզի սովորես յաւիտեանս երկնչել քո Տէր Աստծուց: 24 Իսկ եթէ ճանապարհը հեռու է քեզանից, եւ դու չես կարող տանել քո տասանորդը, քանի որ քեզանից հեռու է այն վայրը, որ ընտրել է քո Տէր Աստուածը՝ իր անունը հռչակելու այնտեղ, նրա՛ համար որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ, 25 կը վաճառես քո տասանորդը արծաթի դիմաց եւ այդ արծաթը վերցնելով ձեռքդ՝ կը գնաս այն վայրը, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը: 26 Այդ արծաթով կը գնես այն ամէնը, ինչ ինքդ կը կամենաս՝ արջառ, ոչխար, գինի, ոգելից խմիչք կամ այն ամէնը, ինչ ինքդ կը կամենաս, կ՚ուտես այնտեղ քո Տէր Աստծու առջեւ, եւ կ՚ուրախանաք դու եւ քո որդին272: 27 Քո քաղաքներում գտնուող ղեւտացուն աչքաթող չանես, որովհետեւ նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգութիւն քեզ հետ:

28 Երեք տարի անցնելուց յետոյ կ՚առանձնացնես այդ տարուայ բերքի բոլոր տասանորդները եւ կը պահես քո քաղաքներում: 29 Կը գայ ղեւտացին, որը ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգութիւն քեզ հետ, կը գան քո քաղաքներում բնակուող եկուորը, որբն ու այրին, կ՚ուտեն ու կը կշտանան, եւ քո Տէր Աստուածը կ՚օրհնի քո բոլոր գործերը»:

15

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻՆ

(Ղեւտ. 25.1-7)

«Ամէն եօթը տարին մէկ273 թողութիւն կ՚անես: Թողութեան կարգն այս է. եթէ քո մերձաւորին պարտք ես տուել, եւ նա պէտք է վերադարձնի դա, ապա կը զիջես, չես պահանջի դա քո մերձաւորից ու եղբօրից, որովհետեւ թողութիւնը յանուն քո Տէր Աստծու է: Քեզ պատկանող, բայց օտար մարդու փոխ տրուած բանը կը պահանջես, բայց ինչ որ եղբայրդ քեզ պարտք է, այն կը զիջես: Թող ձեր մէջ կարիքաւորներ չլինեն, եւ քո Տէր Աստուածը քեզ օրհնի այն երկրում, որ քեզ է տալու իբրեւ ժառանգութիւն, որպէսզի տիրես դրան: Եթէ ամէն կերպ լսես քո Տէր Աստծու ձայնը՝ պահես ու կատարես բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, քո Տէր Աստուածը կ՚օրհնի քեզ, ինչպէս խոստացել է քեզ: Շատ ազգերի փոխ կը տաս, բայց ինքդ պարտք չես վերցնի, բազում ազգերի կը տիրես, բայց քեզ չեն տիրի:

Եւ եթէ քո Տէր Աստծու քեզ տուած երկրի քաղաքներից որեւէ մէկում քո եղբայրների մէջ մէկը կարիքաւոր լինի, ապա նրանից երես մի՛ թեքիր, քո կարիքաւոր եղբօր նկատմամբ ժլատութիւն մի՛ արա, այլ առատաձե՛ռն եղիր նրա նկատմամբ, նրան պարտք տո՛ւր այնքան, որքան կը խնդրի նա իր կարօտութեան մէջ: Զգո՛յշ եղիր, չլինի թէ մտքումդ ծածուկ չար բան լինի եւ ասես, թէ՝ “Մօտ է եօթներորդ տարին՝ թողութեան տարին”, եւ թշնամաբար նայես կարիքի մէջ գտնուող քո եղբօր վրայ եւ նրան պարտք չտաս: Եթէ նա քո դէմ բողոքի Տիրոջը, ապա դու մեծ մեղքի տակ կ՚ընկնես: 10 Տո՛ւր նրան, պա՛րտք տուր նրան այնքան, որքան անհրաժեշտ է: Պարտք տալուց յետոյ մի՛ տրտմիր, որովհետեւ դրա համար քո Տէր Աստուածը քեզ կ՚օրհնի քո բոլոր գործերում՝ ինչի էլ որ ձեռք տաս: 11 Քանի որ կարիքաւորներն անպակաս են լինելու երկրի վրայ, դրա համար էլ այս բանը պատուիրելով՝ ասում եմ. “Քո աղքատ եղբօր եւ քո երկրում տառապեալ մարդկանց նկատմամբ առատաձե՛ռն եղիր”»:

ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

(Ելք 21.1-11)

12 Եթէ եբրայեցի քո եղբայրը կամ եբրայեցի մի կին վաճառուի քեզ, ապա վեց տարի նա թող ծառայի քեզ, իսկ եօթներորդ տարում նրան ազատ կ՚արձակես քեզնից: 13 Երբ նրան ազատ արձակես, ձեռնունայն չարձակես. 14 նրան կը տաս քո ոչխարներից, քո ցորենից ու քո հնձանի բարիքից: Ինչպէս որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ, դու էլ նրա՛ն տուր: 15 Յիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը քեզ փրկեց այնտեղից: Դրա համար էլ քեզ պատուիրում եմ, որ կատարես այս բաները: 16 Եթէ ծառան քեզ ասի՝ “Քեզանից չեմ հեռանայ”, քանի որ սիրել է քեզ ու քո ընտանիքը, որովհետեւ նրա համար յարմար է քեզ մօտ մնալը, 17 ապա հերիւնը կը վերցնես, դռան սեմի վրայ կը ծակես նրա ականջը, եւ նա ցմահ կը դառնայ քո ստրուկը: Նոյն կերպ կը վարուես քո աղախնի նկատմամբ: 18 Քեզ ծանր թող չթուայ, եթէ քեզանից ազատ արձակես քո ստրուկներին, քանի որ նրանք վեց տարի շարունակ վարձկանի վարձով են ծառայել քեզ: Այն ժամանակ ինչ գործ էլ կատարես, քո Տէր Աստուածը կ՚օրհնի քեզ»:

ԱՐՋԱՌԻ ԵՒ ՈՉԽԱՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԾՆՈՒՆԴՆԵՐԸ

19 «Քո նախիրներում ու հօտերում ծնուած բոլոր առաջին ծնունդների որձերին կը նուիրաբերես քո Տէր Աստծուն: Քո առաջնածին եզը գործի չլծես եւ քո հօտերի առաջին ծնունդները չխուզես: 20 Տարէցտարի դու եւ քո ընտանիքը կ՚ուտէք քո Տիրոջ առջեւ այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը: 21 Եթէ այդ անասունը արատաւոր լինի՝ կաղ, կոյր կամ որեւէ ուրիշ արատ ունենայ, դրան քո Տէր Աստծուն զոհ մի՛ բեր, 22 այլ կե՛ր քո քաղաքներում: Այնտեղ գտնուող անմաքուր ու մաքուր մարդիկ միասին կարող են ուտել այն, ինչպէս ուտում են այծեամն ու եղջերուն: 23 Արիւնը, սակայն, չուտես, այլ իբրեւ ջուր կը թափես գետին»:

16

ԶԱՏԿԱԿԱՆ ՏՕՆԸ

(Ելք 12.1-20)

«Պահի՛ր Կանխոց ամիսը, կատարի՛ր քո Տէր Աստծու զատիկը, որովհետեւ Կանխոց ամսին, գիշերով դուրս եկաք Եգիպտոսից: Քո Տէր Աստծու համար կը մորթես զատիկը՝ ոչխարներ ու արջառներ կը զոհես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ: Դրա հետ թթխմորով բան չուտես: Դրա հետ եօթը օր բաղարջ՝ չարչարանաց հաց կ՚ուտես, որովհետեւ տագնապով դուրս եկաք Եգիպտոսից, որպէսզի ձեր կեանքի բոլոր օրերին յիշէք Եգիպտացիների երկրից ձեր դուրս գալու օրը: Քո բոլոր բնակավայրերում եօթը օր թթխմորով բան չերեւայ, եւ մինչեւ յաջորդ առաւօտ չմնայ այն մսից, որ մորթել ես առաջին օրուայ երեկոյեան: Չհամարձակուես քո զատիկը մորթել քո քաղաքներից մէկում, որոնք քո Տէր Աստուածը տալու է քեզ. զատիկը կը մորթես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ, կը զոհես երեկոյեան՝ մայրամուտին, այն ժամանակ, երբ դուրս եկար Եգիպտոսից: Կ՚եփես, կը խորովես ու կ՚ուտես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, եւ վաղ առաւօտեան կը վերադառնաս քո տունը: Վեց օր բաղարջ հաց կ՚ուտես, իսկ եօթներորդ օրը ելքի274 օրն է՝ քո Տէր Աստծու տօնը: Այդ օրը ոչ մի գործ չես կատարի, բացի այն գործերից, որ անհրաժեշտ են մարդու պէտքերի համար»:

ՀՆՁԻ ՏՕՆԸ

(Ելք 34.22, Ղեւտ. 23.15-21)

«Եօթը շաբաթ կը հաշուես՝ սկսած քո մանգաղը գործի դնելու օրից: Այդ օրուանից կը սկսես հաշուել եօթը շաբաթ 10 եւ Շաբաթների տօնը կատարելով քո Տէր Աստծու համար՝ կը տաս քո ունեցածի չափով, ինչպէս որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ: 11 Դու, քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող ղեւտացին ու ձեզ հետ բնակուող պանդուխտը, որբն ու այրին քո Տէր Աստծու առջեւ կ՚ուրախանաք այն վայրում, որ կ՚ընտրի Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ: 12 Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ հետամո՛ւտ եղիր, որ կատարես այս պատուիրանները»:

ՏԱՂԱՒԱՐԱՀԱՐԱՑ ՏՕՆԸ

(Ղեւտ. 23.33-43)

13 «Տաղաւարահարաց տօնը կը կատարես եօթը օր, երբ կը հաւաքես քո կալի ու քո հնձանի արգասիքը: 14 Տօնդ կատարելիս կ՚ուրախանաք դու, քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող ղեւտացին, պանդուխտը, որբն ու այրին: 15 Քո Տէր Աստծու համար եօթը օր տօն կը կատարես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը: Եթէ քո Տէր Աստուածը օրհնի քո բոլոր բերքը եւ քո ձեռնարկած բոլոր գործերը, այն ժամանակ կ՚ուրախանաս: 16 Քո բոլոր արական սեռի մարդիկ տարուայ մէջ երեք անգամ՝ Բաղարջակերաց տօնի, Շաբաթների տօնի եւ Տաղաւարահարաց տօնի ժամանակ պէտք է դէմ յանդիման կանգնեն քո Տէր Աստծու առջեւ այն վայրում, որ կ՚ընտրի Տէրը: Ոչ ոք քո Տէր Աստծու առջեւ դատարկաձեռն չպէտք է երեւայ: 17 Իւրաքանչիւրը թող ըստ իր կարողութեան տայ՝ քո Տէր Աստծու քեզ տուած օրհնութեան համեմատ»:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔՆԵՐ

(Ղեւտ. 23.33-43)

18 «Քո Տէր Աստծու քեզ տուած բոլոր քաղաքներում ըստ ցեղերի դատաւորներ ու օրէնսգէտներ կը կարգես, որպէսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով, 19 աչառութիւն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետեւ կաշառքը կուրացնում է իմաստուն մարդկանց աչքերը, խեղաթիւրում արդար մարդկանց խօսքերը: 20 Արդար դատ կ՚անէք, որպէսզի ապրէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է ձեզ:

21 Ոչ մի տեսակ ծառ մի՛ տնկիր քո Տէր Աստծու զոհասեղանի մերձակայքում, հեթանոսական նուէրներ մի՛ ընդունիր, 22 քեզ համար սիւն մի՛ կանգնեցրու, մի բան, որ ատել է քո Տէր Աստուածը»:

17

«Եթէ արջառը կամ ոչխարը որեւէ արատ կամ թերութիւն ունենայ, ապա դա մի՛ զոհիր քո Տէր Աստծու համար, որովհետեւ դա պիղծ է քո Տէր Աստծու առջեւ:

Եթէ քո միջավայրում, քո Տէր Աստծու քեզ տուած քաղաքներից մէկում գտնուի մի տղամարդ կամ կին, որ քո Տէր Աստծու առջեւ չար գործ անի, դրժի նրա ուխտը, գնայ, պաշտի օտար աստուածներ, երկրպագի նրանց, արեգակին կամ լուսնին կամ երկնքի զարդերից որեւէ մէկին, որոնք ես չեմ արտօնել ու յանձնարարել քեզ, ապա խստօրէն հարցուփորձ կ՚անես: Եթէ իրօք այդպիսի բան եղել է՝ պղծութիւնը կատարուել է Իսրայէլի մէջ, ապա այդ չար բանը կատարած տղամարդուն կամ կնոջը կը բերես ձեր քաղաքի դռների մօտ, եւ քարկոծելով կը սպանէք նրանց: Երկու կամ երեք մարդկանց վկայութեամբ պէտք է մեռնի մահուան դատապարտուածը. մէկ մարդու վկայութեամբ չի կարելի նրան մահուան դատապարտել: Նախ վկաները թող քար նետեն նրա վրայ՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովուրդը: Դրանով դու չարը ձեր միջից վերացրած կը լինես:

Եթէ քո քաղաքներում արիւնահեղութեան, դատարանի վճռի, կռուի, հակառակութեան վերաբերեալ դատական մի գործում կողմնորոշուել չկարողանաս, ապա վե՛ր կաց ու գնա՛ այն վայրը, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որտեղ նա կը յայտնի իր անունը: Կը գնաս ղեւտացի քահանաների եւ այդ օրուայ դատաւորի մօտ, եւ նրանք գործը քննելով՝ քեզ կը յայտնեն վճիռը: 10 Այդտեղ՝ քո Տէր Աստծու ընտրած վայրում, կ՚արձակես այն վճիռը, որ կը յայտնեն քեզ: Խստօրէն հետեւի՛ր, որ կատարես ճիշտ այնպէս, ինչպէս կարգադրել են քեզ: 11 Կը կիրառես այն օրէնքները եւ կ՚արձակես այն վճիռները, որ նրանք կը հաղորդեն քեզ: Նրանց ասածից ո՛չ աջ կը շեղուես, ո՛չ ձախ: 12 Այն մարդը, որ գոռոզամտութեան պատճառով կը գործի առանց լսելու քո Տէր Աստծուն ծառայող քահանայի կամ այդ օրուայ դատաւորի ասածը, մահապատժի կ՚ենթարկուի: Դրանով դու չարը վերացրած կը լինես Իսրայէլի միջից, 13 եւ ամբողջ ժողովուրդն այդ լսելով՝ կը վախենայ ու այլեւս չի գոռոզամտանայ»:

ՕՐԷՆՔՆԵՐ ԹԱԳԱՒՈՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

14 «Եթէ մտնես այն երկիրը, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ, ժառանգես այն ու բնակուես նրա մէջ եւ ասես՝ “Մենք էլ առաջնորդ ունենանք մեր շուրջը գտնուող միւս ազգերի նման”, 15 ապա առաջնորդ կը նշանակես նրան, որին կ՚ընտրի քո Տէր Աստուածը: Քո իսրայէլացի եղբայրների՛ց քեզ իշխան կը նշանակես: Չհամարձակուես նշանակել օտար մի մարդու, որ քո եղբայրը չէ, 16 որպէսզի նա չբազմացնի իր երիվարները եւ ժողովրդին դէպի Եգիպտոս չվերադարձնի, որովհետեւ Տէրն ասել է, թէ՝ “Այլեւս նոյն ճանապարհով յետ չէք դառնալու”: 17 Եւ թող նա չբազմացնի իր կանանց թիւը, չգայթակղուի եւ շատ արծաթ ու ոսկի չկուտակի: 18 Երբ նա իր իշխանութեան գլուխ անցնի, նրա համար կը գրես275 այս երկրորդ օրէնքը այն մատեանում, որի բնօրինակը ղեւտացի քահանաների մօտ է: 19 Այդ պատճէնը պէտք է մնայ իշխանի մօտ, եւ նա իր կեանքի բոլոր օրերին դրանք պէտք է կարդայ, որպէսզի սովորի երկնչել քո Տէր Աստծուց, պահի այս բոլոր պատուիրանները եւ կիրառի այս օրէնքները 20 նրա համար, որ չմեծամտանայ իր ցեղակիցների մօտ, պատուիրաններից աջ կամ ձախ չշեղուի, որպէսզի իր ու իր որդիների իշխանութիւնը իսրայէլացիների վրայ երկար տեւի»:

18

ՂԵՒՏԱՑԻ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ

«Ղեւտացի քահանաները՝ Ղեւիի որդիները, իսրայէլացիների հետ բաժին ու ժառանգութիւն չպէտք է ունենան: Տիրոջն արուած նուիրաբերումնե՛րը թող լինեն նրանց բաժինը. դրա՛նք թող ուտեն: Նրանք իրենց եղբայրների մէջ բաժին չպէտք է ունենան, որովհետեւ Տիրոջը ծառայելն է նրանց բաժինը, ինչպէս որ Տէրն ասել է նրանց:

Զոհեր մատուցող ժողովուրդը իբրեւ բաժին քահանային պէտք է յատկացնի հետեւեալը. եթէ զոհը արջառ է կամ ոչխար, քահանային պէտք է տրուի թեւը, ծնօտներն ու փորը: Նրանց պէտք է տաս նաեւ քո ցորենի, գինու, իւղի առաջին բերքը, քո ոչխարների առաջին խուզից ստացած բուրդը, որովհետեւ Տէրը քո բոլոր ցեղերի միջից Ղեւիին է ընտրել, որպէսզի նա ու նրա որդիները յաւիտեանս կանգնեն ձեր Տէր Աստծու առջեւ, ծառայեն նրան ու օրհնութիւն տան նրա անուամբ:

Իսկ եթէ իսրայէլացիներին պատկանող մի քաղաքից գայ այնտեղ բնակուող ղեւտացին եւ ըստ իր ցանկութեան գայ Տիրոջ ընտրած վայրը, որպէսզի Տէր Աստծու առջեւ այնտեղ կանգնած իր ղեւտացի բոլոր եղբայրների նման ծառայի քո Տէր Աստծուն, ապա թող ուտի իրեն հասանելիք բաժինը՝ անկախ իր հայրական ունեցուածքից ստացած եկամուտներից»:

ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԷՆԵՐ ԵՒ ՃՇՄԱՐԻՏ ՄԱՐԳԱՐԷՆ

«Եթէ մտնես Տէր Աստծու քեզ տուած երկիրը, չիւրացնես այդտեղ ապրող ազգերի գարշելի սովորութիւնները: 10 Ձեր մէջ թող չգտնուի այնպիսի մէկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդութեամբ կամ գուշակութեամբ զբաղուի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, 11 մոգութիւններով զբաղուի, վհուկ կամ սուտ մարգարէ լինի, ոգեհարցութեամբ զբաղուի, 12 որովհետեւ Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղւում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տէրը նրանց վերացնում է քո միջից: 13 Քո Տէր Աստծու առջեւ կատարեալ պէտք է լինես: 14 Քո ժառանգելիք երկրի մարդիկ հաւատում են հմայութիւններին ու կախարդութիւններին, բայց քո Տէր Աստուածը քեզ այդպէս վարուելու հրաման չի տուել:

15 Քո եղբայրների միջից քո Տէր Աստուածը ինձ նման մարգարէ պիտի մէջտեղ հանի, նրա՛ն կը լսէք, 16 քանի որ, երբ Քորէբում հաւաքուել էիք, ձեր Տէր Աստծուն խնդրելով՝ ասում էիք. “Այլեւս չլսենք մեր Տէր Աստծու ձայնը, այդ մեծ կրակն այլեւս չտեսնենք, որպէսզի չմեռնենք”: 17 Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. “Ճիշտ է այն ամէնը, ինչ նրանք ասացին. 18 ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարէ մէջտեղ կը հանեմ, իմ պատգամները կը դնեմ նրա բերանը, եւ նա նրանց կ՚ասի այն, ինչ ես կը պատուիրեմ նրան: 19 Այն մարդը, որ չի լսի իմ անունից խօսող մարգարէին, նրանից վրէժ կը լուծեմ:

20 Իսկ եթէ մարգարէն յանդգնի իմ անունից ասել այնպիսի բաներ, որ ես չեմ հրամայել ասել, կամ եթէ խօսի օտար աստուածների անունից, ապա այդ մարգարէն պէտք է մեռնի”: 21 Եթէ ձեր մտքում ասէք՝ “Ինչպէ՞ս իմանանք, թէ Տէրը չի ասել այդ խօսքերը”, 22 ապա իմացէ՛ք. եթէ Տիրոջ անունից մարգարէի ասածը չի կատարւում, չի լինում, ապա դա Տիրոջ ասած խօսքը չէ. մարգարէն ամբարշտութեամբ է խօսել, ուրեմն մի՛ թողէք նրան խօսել»:

19

ԱՊԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐ

«Երբ քո Տէր Աստուածը կոտորի այն ազգերին, որոնց երկիրը քո Տէր Աստուածը տալու է քեզ, երբ ժառանգես այն եւ բնակուես նրանց քաղաքներում ու տներում, այն ժամանակ քո Տէր Աստծու քեզ տուած երկրի մէջ երեք քաղաք կ՚առանձնացնես: Նկատի առնելով ճանապարհները, երեքի կը բաժանես քո Տէր Աստծու քեզ բաժին տուած երկիրը, որպէսզի այդ քաղաքները ապաստան լինեն մարդասպանութիւն կատարած բոլոր մարդկանց համար:

Այդ քաղաքները փախչելով՝ այդտեղ ապաստան թող գտնի այն մարդասպանը, որ նախապէս թշնամութիւն չի ունեցել իր այդ մերձաւորի նկատմամբ եւ նրան սպանել է ակամայ. ինչպէս, օրինակ՝ նա, ով իր մերձաւորի հետ մայրու անտառ է մտնում ծառ կտրելու, կացնով փայտ կտրելու համար բարձրացնում է իր ձեռքը, եւ կացինը կոթից պոկուելով՝ դիպչում է այդ մերձաւորին, ու սա մեռնում է: Նա թող փախչի, ընկնի այդ քաղաքներից մէկնումէկը եւ փրկուի: Այնպէս չլինի, որ սպանուածի արիւնակից հարազատը, որի սիրտը այրւում է, սպանողին հետապնդի, եթէ անգամ ճանապարհը հեռու է, եւ սպանի նրան: Նա մահուան դատապարտուելու ենթակայ չէ, որովհետեւ նախապէս նրա նկատմամբ թշնամութիւն չի ունեցել: Դրա համար էլ քեզ պատուիրում եմ ու ասում հետեւեալը. երեք քաղաք կ՚առանձնացնես քեզ համար:

Եթէ քո Տէր Աստուածը ընդարձակի քո սահմանները, ինչպէս Տէրը երդուել է քո հայրերին, եւ Տէրը քեզ տայ քո հայրերին խոստացած ամբողջ երկիրը, եթէ լսես ու կատարես այսօր քեզ հաղորդած իմ բոլոր այս պատուիրանները, այն է՝ սիրես քո Տէր Աստծուն, յաւիտեանս ընթանաս նրա ուղիով, ապա այդ երեք քաղաքներին կ՚աւելացնես եւս երեք այլ քաղաքներ, 10 որպէսզի քո Տէր Աստծու քեզ ժառանգութիւն տուած երկրում անմեղ արիւն չթափուի, ձեր մէջ ոչ ոք արիւնապարտ չլինի:

11 Եթէ մէկն ատի իր մերձաւորին եւ նրա դէմ դաւ նիւթի, յարձակուի նրա վրայ, հարուածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից մէկնումէկը, 12 ապա նրա քաղաքի ծերերը պէտք է մարդ ուղարկեն, վերցնեն նրան այնտեղից ու յանձնեն սպանուածի արեան վրէժը պահանջող հարազատի ձեռքը, որպէսզի նա սպանի նրան: 13 Դու նրան չպէտք է խնայես: Իսրայէլի միջից կը վերացնես անմեղ արիւնը, որպէսզի լաւ լինի քեզ համար»:

ՀԻՆ ԿԱԼՈՒԱԾՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ

14 «Մի՛ խախտիր քո մերձաւորի այն սահմանները, որ քո հայրերը քեզ ժառանգութիւն են տուել, եւ որը քո Տէր Աստուածը այդ երկրում քեզ է տուել իբրեւ սեփականութիւն»:

ՎԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

15 «Որեւէ մէկի անօրէնութիւնները, յանցանքներն ու կատարած մեղքերն ապացուցելու համար մէկ մարդու վկայութիւնը բաւական չէ: Երկու կամ երեք վկաների բերանով պէտք է հաստատուի ամէն բան:

16 Եթէ մի վկայ սուտ վկայութիւն տայ մի մարդու մասին եւ մեղադրի նրան անօրէնութեան մէջ, 17 ապա երկուսն էլ, որոնց մէջ հակառակութիւն կայ, պէտք է կանգնեն Տիրոջ առջեւ, քահանաների առջեւ, այդ օրուայ դատաւորների առջեւ, 18 եւ դատաւորները պէտք է արդարութեամբ քննեն գործը: Եթէ հաստատուի, որ վկան սուտ վկայութիւն տալով է մեղադրել իր եղբօրը, 19 ապա նրա նկատմամբ կը կիրառէք այն պատիժը, որ նա մտադիր էր հասցնել իր եղբօրը: Դրանով չարը կը վերացնէք ձեր միջից: 20 Ուրիշներն այդ լսելով՝ կը վախենան եւ այլեւս չեն յանդգնի այդպիսի չար բան անել ձեր մէջ: 21 Նրան մի՛ խնայէք: Կեանքի դիմաց՝ կեանք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»:

20

ՕՐԷՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

«Եթէ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ եւ տեսնես, որ նրանց նժոյգները, հեծեալներն ու ռազմի դաշտ եկած ժողովուրդը թուով քեզանից շատ են, մի՛ վախեցիր նրանցից, որովհետեւ Եգիպտացիների երկրից քեզ դուրս բերած քո Տէր Աստուածը քեզ հետ է: Երբ հասնի պատերազմելու ժամը, քահանան մօտ գալով՝ թող խօսի ժողովրդի հետ եւ ասի նրանց. “Լսեցէ՛ք, իսրայէլացինե՜ր, ահաւասիկ դուք այսօր պատերազմի էք ելնում ձեր թշնամիների դէմ: Ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցէք, մի՛ զարհուրէք ու նրանցից խոյս մի՛ տուէք, որովհետեւ մեր Տէր Աստուածը ձեզ հետ գնում է ձեր առջեւից, որպէսզի ձեզ հետ պատերազմելով ձեր թշնամիների դէմ՝ փրկի ձեզ”: Զօրահաւաք կազմակերպած սպաները թող խօսեն ժողովրդի հետ եւ ասեն. “Այն մարդը, որը նոր տուն է կառուցել, բայց բնակարանամուտ չի արել, թող վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ նա սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ բնակարանամուտ անի: Այն մարդը, որն այգի է տնկել, բայց դեռ դրա բերքը չի վայելել, թող գնայ ու վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ դրա բերքը վայելի: Այն մարդը, որը մի աղջկայ հետ նշանուել է, բայց նրա հետ դեռ չի ամուսնացել, թող գնայ ու վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ ամուսնանայ իր նշանածի հետ”: Սպաները դարձեալ թող խօսեն ժողովրդի հետ եւ ասեն. “Այն մարդը, որ վախենում է, թուլասիրտ է, թող գնայ ու վերադառնայ իր տունը, որպէսզի իր եղբօրն էլ իր նման վախկոտ չդարձնի”: Երբ սպաները վերջացնեն ժողովրդի հետ խօսելը, զօրքի հրամանատարներ թող նշանակուեն բանակն առաջնորդնելու համար:

10 Եթէ մօտենաս մի քաղաքի, նախ նրա բնակիչներին խաղաղութեան կոչ կ՚անես: 11 Եթէ խաղաղութիւնն ընդունեն եւ քո առջեւ բաց անեն դարպասները, ապա այդ քաղաքի մէջ գտնուող ամբողջ ժողովուրդը հարկատու եւ հնազանդ թող լինի քեզ: 12 Իսկ եթէ չհնազանդուեն քեզ եւ պատերազմեն քո դէմ, ապա կը պաշարես քաղաքը, 13 մինչեւ որ քո Տէր Աստուածը այն մատնի քո ձեռքը. եւ դու սրակոտոր կ՚անես նրա բոլոր արական սեռի բնակիչներին, 14 կը խնայես կանանց, ապրանքներն276 ու բոլոր անասունները: Քաղաքում գտնուող ամէն ինչ ու մնացած մարդկանց աւար կը վերցնես եւ կը սեփականացնես քո Տէր Աստծու՝ քեզ յանձնած թշնամիներիդ ամբողջ աւարը: 15 Նոյն կերպ կը վարուես քեզանից շատ հեռու գտնուող բոլոր քաղաքների հետ, որոնք այդ ազգերի քաղաքներից չեն:

16 Քո Տէր Աստծու քեզ իբրեւ սեփականութիւն տուած երկրի քաղաքների բնակիչներից ոչ մէկին կենդանի չթողնէք, 17 ամբողջապէս ոչնչացրէ՛ք նրանց՝ քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին, յեբուսացիներին եւ գերգեսացիներին, ինչպէս պատուիրել է քո Տէր Աստուածը, 18 որպէսզի սրանք ձեզ չսովորեցնեն անել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ նրանք անում են իրենց չաստուածների համար: Դրանով դուք մեղանչած կը լինէք ձեր Տէր Աստծու առջեւ:

19 Եթէ նստել պաշարել ես մի քաղաք, եւ այն գրաւելու համար պէտք լինի երկար ժամանակ պատերազմել նրա դէմ, ապա կացնահարելով նրա պտղատու ծառերը չկտրես. դրանց պտղից կե՛ր, բայց մի՛ կտրիր. ծառը միթէ դաշտում գտնուող մա՞րդ է, որ կարողանայ քեզանից հեռանալով՝ պաշարուածներին միանալ: 20 Կտրի՛ր ու կոտորի՛ր այն ծառը, որ գիտես, թէ պտղատու չէ, այն կտրի՛ր ու կտրատի՛ր եւ դրանով քո դէմ պատերազմող քաղաքի շուրջը պատնէշ կառուցի՛ր, մինչեւ որ այդ քաղաքը յանձնուի»:

21

ՉԲԱՑԱՅԱՅՏՈՒԱԾ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Եթէ քո Տէր Աստծու իբրեւ ժառանգութիւն քեզ տուած երկրում, դաշտի մէջ ընկած մի սպանուած գտնուի, ու չիմանան, թէ ով է եղել նրան սպանողը, ապա թող ելնեն քո ծերերն ու քո դատաւորները եւ չափեն սպանուածի եւ նրա շուրջը գտնուող քաղաքների միջեւ ընկած տարածութիւնը: Սպանուածի վայրին առաւել մօտիկ քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցուած ու լուծ չկրած մի երինջ, այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն ապառաժուտ մի ձորի մէջ, ուր ո՛չ վար է արուած, ո՛չ սերմ ցանուած, եւ այդ ձորում ջլակոտոր թող անեն երինջը: Ղեւտացի քահանաները, որոնց քո Տէր Աստուածն է ընտրել, որպէսզի կանգնեն նրա առջեւ, օրհնութիւն տան նրա անունով, թող մօտենան եւ նրանց ասածով վերանան բոլոր վէճերն ու վնասները: Սպանուածին առաւել մօտիկ գտնուող քաղաքի բոլոր ծերերը իրենց ձեռքերը թող լուան ձորում ջլակոտոր արուած երինջի գլխի վրայ եւ պատասխան տալով՝ թող ասեն. “Մեր ձեռքերը չեն թափել այս արիւնը, եւ մեր աչքերը չեն տեսել: Տէ՜ր, քաւութի՛ւն արա քո փրկած Իսրայէլի ժողովրդին, որպէսզի անմեղ արիւնը Իսրայէլի քո ժողովրդին չվերագրուի277”: Դրանով նրանք թափուած արեան մեղքից զերծ կը մնան: Այս ձեւով դու ձեր միջից կը սրբես անմեղ արիւնը, եթէ ուզում ես քո Տէր Աստծու առջեւ բարին ու հաճելին անել»:

ԳԵՐԻ ԿԱՆԱՆՑ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

10 «Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ, եւ քո Տէր Աստուածը նրանց մատնի քո ձեռքը, աւար վերցնես նրանց ունեցուածքը 11 եւ գերեվարուածների մէջ գեղեցիկ կին տեսնես, ցանկաս տիրանալ նրան ու նրան կին առնել քեզ, 12 ապա նրան կը տանես քո տունը, կ՚ածիլես նրա գլուխը, 13 կը կտրես նրա եղունգները, կը հանես նրա գերութեան զգեստները: Նա թող նստի քո տանը ու մէկ ամիս թող սուգ անի իր հօր ու մօր համար: Դրանից յետոյ կը մերձենաս նրան, կ՚ապրես նրա հետ, եւ նա կը լինի քո կինը: 14 Եթէ դու նրանից գոհ չլինես, ապա նրան ազատ կ՚արձակես: Նրան արծաթով չվաճառես ու նրան չստորացնես, քանի որ լլկել ես նրան»:

ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՒԱԿԻ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

15 «Եթէ մի տղամարդ երկու կին ունենայ, որոնցից մէկը սիրելի լինի, իսկ միւսն՝ ատելի, եւ նրանք՝ սիրելի ու ատելի այդ կանայք, նրա համար որդիներ ծնեն, եւ անդրանիկը լինի ատելի կնոջ որդին, 16 ու երբ վրայ հասնի իր ունեցուածքը որդիներին ժառանգութիւն տալու օրը, ապա այդ մարդն անտես անելով ատելի կնոջ անդրանիկ որդուն՝ իրաւունք չունի անդրանիկի իրաւունքը տալ իր սիրելի կնոջ որդուն. 17 նա պարտաւոր է անդրանիկ ճանաչել ատելի կնոջ որդուն եւ իր ունեցածից նրան հասանելիք բաժնի կրկնապատիկը տալ, որովհետեւ նա է նրա անդրանիկ որդին, եւ անդրանկութեան իրաւունքը նրան է պատկանում»:

ԱՆՀՆԱԶԱՆԴ ԶԱՒԱԿԻ ՄԱՍԻՆ

18 «Եթէ մէկն ունի անառակ ու անզգամ որդի, որն իր հօրն ու մօրը չի լսում, որին խրատում են, բայց նա չի անսում նրանց, 19 ապա նրա հայրն ու մայրը նրան թող տանեն իրենց քաղաքի ծերերի մօտ, իրենց հրապարակի դարպասի առջեւ, 20 եւ ասեն իրենց քաղաքի մարդկանց. “Մեր այս որդին անառակ է ու անզգամ. նա մեր ասածը չի լսում, որկրամոլ է ու հարբեցող”: 21 Այն ժամանակ այդ քաղաքի մարդիկ քարկոծելով թող սպանեն նրան: Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից, իսկ ուրիշներն այդ լսելով՝ կը վախենան»:

ԶԱՆԱԶԱՆ ՕՐԷՆՔՆԵՐ

22 «Եթէ մէկը մահուան դատապարտուելու արժանի յանցանք կատարի, նա մեռնելու արժանի լինի, ու նրան կախեն ծառից, 23 ապա նրա մարմինը ծառի վրայ գիշերը թող չմնայ. նոյն օրն իսկ կը թաղէք նրան, որովհետեւ Աստծուց անիծուած է նա, ով կախուած է ծառից: Մի՛ պղծէք այն երկիրը, որ քո Տէր Աստուածը քեզ է տալիս իբրեւ ժառանգութիւն»:

22

ՅԱՐԳԻ՛Ր ՀԱՐԵՒԱՆԻԴ ՈՒՆԵՑՈՒԱԾՔԸ

«Չլինի թէ ճանապարհի վրայ տեսնես քո իսրայէլացի եղբօր մոլորուած արջառը կամ ոչխարը եւ անտես անես դրանք. անպատճառ պէտք է վերադարձնես դրանք ու բերես քո եղբօր մօտ: Եթէ քո եղբայրը քեզ մօտիկ վայրում չի ապրում կամ դու չես ճանաչում նրան, ապա դրանք կը բերես քո տունը. դրանք թող մնան քեզ մօտ, մինչեւ որ քո եղբայրը փնտռի դրանք, ու դու վերադարձնես նրան: Նոյն կերպ կը վարուես նրա էշի հետ, նոյն կերպ կը վարուես նրա զգեստների հետ, նոյն կերպ կը վարուես քո եղբօր կորցրած բոլոր իրերի հետ: Եթէ նա ինչ-որ բան կորցնի, ու դու գտնես, չյանդգնես անուշադրութեան մատնել այն:

Երբ կը տեսնես, որ եղբօրդ էշը կամ եզը ընկած է ճանապարհի վրայ, ապա դրանց կողքով անտարբեր չանցնես, այլ տիրոջն օգնելով՝ ոտքի կը կանգնեցնես դրանց:

Կինը տղամարդու զգեստ չպէտք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպէտք է հագնի, որովհետեւ քո Տէր Աստծու առջեւ պիղծ է նա, ով անում է այդ բանը:

Եթէ քո ճանապարհին, քո առջեւ, ծառի թէ գետնի վրայ թռչունի ձագերի կամ ձուերի բոյն պատահի, եւ մայրը թուխս նստած տաքացնելիս լինի ձագերին կամ ձուերը, ապա մօրը չվերցնես ձագերի հետ. ազատ կ՚արձակես մօրը, իսկ ձագերին կը վերցնես քեզ, որպէսզի բարիք գործած լինես եւ երկրի վրայ երկարակեաց լինես:

Նոր տուն կառուցելիս բազրիք կը շինես տանիքի շուրջը, որպէսզի, եթէ մէկն այնտեղից ընկնի, դու քո տան մէջ սպանութիւն գործած չլինես:

Այգուդ մէջ տարբեր սերմեր չցանես, որպէսզի այգու բերքն ու քո ցանած սերմի բերքը իրար հետ հաւասարապէս չապականուեն:

10 Վար անելիս էշն ու եզը միասին չլծես:

11 Տարբեր նիւթերից՝ բրդից ու վուշից գործուած հագուստ չհագնես:

12 Ինչ էլ որ հագնես, քո հագած զգեստի չորս կողմերի վրայ մանուածոյ ծոպեր կը դնես»:

ՕՐԷՆՔՆԵՐ ՍԵՌԱՅԻՆ ԿԵԱՆՔԻ ՄԱՍԻՆ

13 «Եթէ մէկը կին առնի՝ ամուսնանայ նրա հետ, բայց ատի նրան, 14 նրան բամբասելով մեղքեր բարդի նրա վրայ, նրա անունը վարկաբեկելով ասի՝ “Այս կնոջ հետ ամուսնացայ, բայց երբ մերձեցայ, նրան կոյս չգտայ”, 15 ապա աղջկայ հայրն ու մայրը իրենց դստերն առնելով՝ աղջկայ կուսութեան նշանը թող ցուցադրեն դռան մօտ, ծերերի առջեւ: 16 Աղջկայ հայրը թող ասի ծերերին. “Իմ այս աղջկան կնութեան տուեցի այս մարդուն: 17 Սա նրան ատելով՝ բամբասում է ու զրպարտում, թէ՝ ‘Քո աղջկան կոյս չգտայ’: Ահա իմ աղջկայ կուսութեան նշանները”: Այն ժամանակ այդ քաղաքի ծերերի առջեւ թող բացեն լաթը: 18 Այդ քաղաքի ծերերը թող կանչեն ու յանդիմանեն այդ մարդուն: 19 Նրանից թող գանձեն հարիւր սիկղ278, յանձնեն հօրը այն բանի դիմաց, որ նա վարկաբեկել է իսրայէլացի կոյսի անունը: Նա թող մնայ նրա կինը, եւ տղամարդը երբեք չհամարձակուի լքել նրան: 20 Իսկ եթէ ճիշտ լինի նրա ասածը՝ աղջկայ կուսութեան ապացոյց չգտնեն, 21 ապա աղջկան թող բերեն իր հօր դուռը, եւ քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետեւ իսրայէլացիների մէջ անպատիւ գործ է արել՝ պոռնկացել է իր հօր տանը: Դրանով դուք ձեր միջից վերացրած կը լինէք չարը:

22 Եթէ գտնուի մի տղամարդ, որ շնանում է ամուսնացած կնոջ հետ, կը սպանէք երկուսին էլ՝ կնոջ հետ շնացող տղամարդուն ու այդ կնոջը. դրանով Իսրայէլի միջից դուք վերացրած կը լինէք չարը:

23 Եթէ քաղաքում մի տղամարդ հանդիպի մարդու հետ նշանուած կոյս աղջկայ եւ պառկի նրա հետ, 24 ապա երկուսին էլ կը բերէք իրենց քաղաքի դարպասների մօտ եւ քարկոծելով կը սպանէք նրանց. աղջկան կը սպանէք այն բանի համար, որ, դէպքը քաղաքում լինելով, օգնութեան չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ բռնաբարել է իր մերձաւորի նշանածին: Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից:

25 Եթէ տղամարդը դաշտում հանդիպի նշանուած մի աղջկայ եւ բռնութեամբ պառկի նրա հետ, ապա կը սպանէք աղջկան բռնաբարած տղամարդուն, 26 իսկ աղջկան ոչինչ չէք անի, քանի որ աղջիկը մահուան արժանի բան չի արել. սա նման է այն դէպքին, երբ մէկը յարձակւում է իր մերձաւորի վրայ ու սպանում նրան: 27 Նա դաշտի մէջ է հանդիպել նրան, նշանուած աղջիկը դիմադրել է, եւ ոչ ոք չի եղել, որ օգնէր նրան:

28 Եթէ մէկը չնշանուած կոյս աղջկայ հանդիպի ու բռնութեամբ պառկի նրա հետ, 29 ապա աղջկան բռնաբարող տղամարդը աղջկայ հօրը պէտք է տայ յիսուն երկդրամեան արծաթ, իսկ աղջիկը պէտք է դառնայ նրա կինը: Տղամարդը երբեք չպէտք է յանդգնի լքել նրան:

30 Ոչ ոք իրաւունք չունի ամուսնանալու իր հօր կնոջ հետ եւ այդպիսով երեւան հանելու իր հօր ամօթոյքը»:

23

ՏԻՐՈՋ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻՋԻՑ ԱՐՏԱՔՍՈՒՄ

«Ամորձիքը ճզմած կամ կռտած մարդն իրաւունք չունի Աստծու ժողովարանը մտնելու: Պոռնկորդին իրաւունք չունի Տիրոջ ժողովարանը մտնելու279:

Ամոնացին ու մովաբացին իրաւունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու: Նրանց մինչեւ տասներորդ սերունդը թող յաւիտեան Տիրոջ ժողովարանը չմտնի, որովհետեւ Եգիպտոսից դուրս գալու ճանապարհին նրանք հացով ու ջրով ձեզ ընդառաջ չելան եւ որովհետեւ քո դէմ վարձեցին միջագետքցի Բէորի որդի Բաղաամին, որպէսզի սա անիծի քեզ: Քո Տէր Աստուածը, սակայն, չկամեցաւ լսել Բաղաամին, եւ քո Տէր Աստուածն անէծքը վերածեց օրհնութեան, քանի որ քո Տէր Աստուածը սիրեց քեզ: Քո կեանքի բոլոր օրերին, մինչեւ յաւիտեան նրանց հետ հաշտութեամբ չխօսես:

Եդոմայեցուց մի՛ խորշիր, որովհետեւ նա քո եղբայրն է: Եգիպտացուց մի՛ խորշիր, որովհետեւ պանդուխտ էիր նրա երկրում: Նրանց երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովարանը»:

ԲԱՆԱԿԱՏԵՂԻՆ ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵԼ

«Եթէ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ, զգուշացի՛ր ամէն տեսակ չար բաներից: 10 Եթէ ձեր մէջ գտնուի մի մարդ, որն իր երազախաբութեան պատճառով անմաքուր է դարձել, ապա թող բանակատեղիից դուրս ելնի եւ բանակատեղի չմտնի: 11 Երեկոյեան նա իր մարմինը պէտք է լուայ ջրով եւ արեւը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի: 12 Բանակատեղիից դուրս առանձնացուած մի տեղ պէտք է ունենաս ու այնտեղ արտաքնոց գնաս: 13 Քո գօտուց կախուած պէտք է ունենաս մի ցից, որպէսզի, երբ արտաքնոց գնաս, դրանով փոս բացես եւ քո աղտեղութիւնն այնտեղ նետելով՝ ծածկես. 14 որովհետեւ քո Տէր Աստուածը շրջում է քո բանակատեղիում, որպէսզի փրկի քեզ եւ քո թշնամուն քո ներկայութեամբ մատնի քո ձեռքը: Դրա համար էլ քո բանակատեղին մաքուր պէտք է մնայ, քո միջավայրում աղտեղութիւն չպէտք է երեւայ, այլապէս Տէրը երես կը թեքի քեզանից»:

ԶԱՆԱԶԱՆ ՕՐԷՆՔՆԵՐ

15 «Իր տիրոջից փախչելով քեզ մօտ եկած ստրուկին մի՛ յանձնիր նրա նախկին տիրոջը. 16 նա թող բնակուի քեզ հետ ու քեզ հետ տեղաւորուի այնտեղ, ուր նա յարմար է գտնում: Նրան նեղութիւն մի՛ պատճառէք:

17 Իսրայէլի դուստրերի մէջ բոզ չպէտք է լինի, իսկ Իսրայէլի տղաների մէջ՝ իգացող: Իսրայէլի դուստրերին կռապաշտութեան նուէր չդարձնէք, եւ Իսրայէլի տղաներից որեւէ մէկին չընծայաբերէք280:

18 Պոռնկի վարձը կամ շնացող տղամարդու գինը որեւէ ուխտ կատարելու համար քո Աստծու տուն չտանես, որովհետեւ քո Տէր Աստծու առջեւ երկուսն էլ պիղծ են:

19 Քո եղբօրը վաշխով արծաթ չտաս, կամ շահ ստանալու ակնկալիքով ու տոկոսներով՝ կերակուր: 20 Ամէն ինչ կարող ես փոխ տալ օտարին ու քո եղբօրը281, որպէսզի քո Տէր Աստուածը օրհնի քեզ քո բոլոր գործերում այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար:

21 Եթէ ուխտ ես անում քո Տէր Աստծուն, ապա մի՛ յապաղիր այն կատարել, որովհետեւ քո Տէր Աստուածը պահանջելով պահանջելու է քեզանից, եւ չկատարելու դէպքում մեղք կը բարդես վրադ: 22 Եթէ չես ցանկանում ուխտել, ապա դա մեղք չի համարուի քեզ: 23 Ինչ որ դուրս է գալիս քո շրթունքներից, զգո՛յշ եղիր, որ անես այնպէս, ինչպէս որ ուխտել ես քո Տէր Աստծուն: Տո՛ւր այն նուէրը, որ խոստացել ես քո բերանով:

24 Եթէ մտնես քո մերձաւորի արտը, ապա հասկը կարող ես քաղել ձեռքով, բայց քո մերձաւորի արտում մանգաղ չգործածես: 25 Եթէ մտնես քո մերձաւորի այգին, ապա խաղող կարող ես ուտել մինչեւ յագենալդ, բայց ամանի մէջ լցնելով չտանես282»:

24

ԱՊԱՀԱՐԶԱՆ ԵՒ ՎԵՐԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

«Եթէ մէկը կին է առնում ու մերձենում նրան, բայց այնպէս է պատահում, որ, նրա մէջ անարգութեան հանգամանք նկատելով, դադարում է նրան սիրելուց, ապա ապահարզանի թուղթ թող գրի, տայ նրա ձեռքը եւ նրան արձակի իր տնից: Եթէ այս կինն ամուսնանայ մի այլ մարդու հետ, եւ վերջին ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ թող գրի բաժանուելու թուղթ, տայ նրա ձեռքը եւ նրան արձակի իր տնից: Եթէ մեռնի նրան կնութեան առած վերջին ամուսինը, ապա նրան արձակող առաջին ամուսինը իրաւունք չունի նրա պղծուելուց յետոյ նրան նորից կնութեան առնելու, որովհետեւ դա պղծութիւն է քո Տէր Աստծու առջեւ: Մի՛ պղծէք այն երկիրը, որ Տէր Աստուածը ձեզ է տալու իբրեւ ժառանգութիւն»:

ԶԱՆԱԶԱՆ ՕՐԷՆՔՆԵՐ

«Եթէ մի տղամարդ նոր է ամուսնացել, ապա նա պատերազմի թող չգնայ. նրա վրայ ոչ մի պարտականութիւն թող չդրուի, ազատ թող լինի283 իր տան մէջ եւ ուրախացնի իր առած կնոջը:

Աղօրիքի վերին ու ստորին մասերը գրաւ չվերցնես, որովհետեւ այդպիսով դրա տիրոջ կեանքն ես գրաւ վերցրած լինում:

Եթէ որեւէ մարդագող իր եղբայրներից՝ իսրայէլացիներից մէկին գողանալով վաճառի, ապա գողը պէտք է մահուան դատապարտուի: Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից:

Զգուշացի՛ր բորոտութիւնից, հետամուտ եղի՛ր, որ կատարես բոլոր այն օրէնքները, որ քեզ կը հաղորդեն ղեւտացի քահանաները, ինչպէս որ ես եմ պատուիրել ձեզ, որ զգոյշ լինէք: Յիշեցէ՛ք, թէ ձեր Տէր Աստուածը ինչ արեց Մարիամին, երբ դուք Եգիպտոսից ճանապարհ էիք ընկել:

10 Եթէ քո մերձաւորը որեւէ բան է պարտք քեզ, ապա գրաւ վերցնելու համար նրա տունը չմտնես. 11 կանգնի՛ր դրսում, եւ պարտք ունեցող մարդը ինքը թող գրաւը հանի դուրս: 12 Եթէ աղքատ է այդ մարդը, ապա երբ դու գիշերը պառկում ես, նրա գրաւ տուած զգեստը թող քեզ մօտ չլինի, 13 այլ արեւը մայր մտնելու ժամանակ նրա գրաւը կը վերադարձնես. նա թող պառկի իր զգեստով, օրհնի քեզ, եւ դա քո Տէր Աստծու առջեւ կատարուած բարութիւն թող համարուի:

14 Մի՛ զլացիր վարձ տալ քո աղքատ ու կարիքաւոր եղբայրներին կամ քո քաղաքներում գտնուող եկուորներին. 15 նոյն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արեւը մայր չի մտել, որովհետեւ նա տնանկ է, եւ դա է նրա յոյսը: Նա քո մասին թող չբողոքի Տիրոջը, եւ քեզ վրայ դա որպէս մեղք թող չբարդուի:

16 Հայրերը չպէտք է մեռնեն որդիների փոխարէն, ոչ էլ որդիները պէտք է մեռնեն հայրերի փոխարէն: Ամէն մարդ պէտք է մեռնի իր գործած մեղքերի համար:

17 Եկուորի, որբի ու այրու իրաւունքը մի՛ ոտնահարիր, այրու զգեստները գրաւ մի՛ վերցրու, 18 որովհետեւ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը քեզ փրկեց այնտեղից: Դրա համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները:

19 Երբ քո արտը հնձելուց յետոյ խուրձ մոռանաս քո արտում, մի՛ վերադարձիր այն վերցնելու համար. դա թող պատկանի աղքատին, եկուորին, այրուն ու որբին, որպէսզի քո Տէր Աստուածը քեզ օրհնի բոլոր այն գործերում, որոնց ձեռնարկում ես: 20 Երբ քաղես քո այգին, քաղից յետոյ ճռաքաղ չանես. դա թող պատկանի եկուորին, որբին ու այրուն: Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, որի համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները: 21 Եթէ ձիթապտուղ ես քաղում, քաղից յետոյ մի՛ վերադարձիր պտղաքաղ անելու համար. դա թող պատկանի եկուորին, որբին ու այրուն: 22 Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, որի համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները»:

25

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ԱՆԵԼՈՒ ԿԵՐՊԸ

«Եթէ վէճ լինի մարդկանց միջեւ, ապա թող դատարան ներկայանան, ու դատ թող լինի: Թող արդարացնեն արդարին, իսկ մեղաւորին թող պատժեն: Եթէ մեղաւորը գանահարութեան է արժանի, ապա նրան թող պառկեցնեն դատաւորների առջեւ եւ նրանց առջեւ նրան թող գանահարեն ըստ նրա մեղաւորութեան՝ քառասուն հարուած, բայց ոչ աւելի: Իսկ եթէ նրան դրանից աւելի գանահարեն, ապա դա քո առջեւ կատարուած անարգանք կը լինի քո եղբօր հանդէպ:

Կալում աշխատող եզան դունչը չկապես»:

ԱՆԺԱՌԱՆԳ ԱՅՐԻՆ

«Եթէ եղբայրներն ապրում են միասին, եւ նրանցից մէկը առանց զաւակ ունենալու մեռնի, ապա մեռած եղբօր կինը օտարի հետ թող չամուսնանայ: Նրա ծոցը թող մտնի իր ամուսնու եղբայրը, սա թող կին առնի նրան ու ապրի այդ կնոջ հետ: Սրանցից ծնուած երեխան թող գրանցուի մահացած եղբօր անունով, որպէսզի նրա անունը Իսրայէլից չջնջուի: Իսկ եթէ եղբայրը չցանկանայ ամուսնանալ իր մահացած եղբօր կնոջ հետ, ապա կինը թող դուրս գայ քաղաքի դարպասի մօտ, ծերերի առջեւ եւ ասի. “Իմ ամուսնու եղբայրը չի ուզում Իսրայէլի մէջ պահպանել իր եղբօր անունը284: Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբօրը, խօսեն նրա հետ: Եթէ նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում ամուսնանալ նրա հետ”, ապա նրա եղբօր կինը մօտենալով ծերերին՝ նրա ոտքից թող հանի մի կօշիկը, թքի նրա երեսին եւ պատասխան տալով՝ ասի. “Այսպէս են վարւում այն մարդու հետ, որը վառ չի պահում իր եղբօր տունը”: 10 Նրա անունն Իսրայէլի մէջ թող կոչուի ‘բոբկացած մարդու տուն’»:

ՈՒՐԻՇ ՕՐԷՆՔՆԵՐ

11 «Եթէ երկու մարդ՝ երկու ազգակից իսրայէլացի եղբայրներ կռուեն միմեանց հետ, եւ նրանցից մէկի կինը իր ամուսնուն ազատելու նպատակով մօտենայ իր ամուսնու հետ կռուողին եւ ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիքներից, 12 ապա առանց խղճալու պէտք է կտրես նրա ձեռքը:

13 Տոպրակիդ մէջ նոյն չափի՝ ծանր ու թեթեւ կշռաքարեր թող չլինեն: 14 Քո տանը նոյն չափսը երկար ու կարճ թող չլինի: 15 Ճշգրիտ ու արդար կշռաքարեր պէտք է ունենաս, ճշգրիտ ու արդար չափ ունենաս, որպէսզի երկար ապրես այն երկրում, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն է տալու քեզ, 16 որովհետեւ քո Տէր Աստծու համար պիղծ է նա, ով վարւում է այդ կերպ, ով անարդարութիւն է գործում»:

ԱՄԱՂԷԿԱՑԻՆԵՐԸ՝ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ

17 «Յիշի՛ր, թէ ինչ արեց քեզ Ամաղէկը, երբ Եգիպտոսից դուրս գալու համար ճանապարհ էիր ընկել, 18 թէ ինչպէս ճանապարհին ելաւ քո դէմ, կոտորեց քո բանակի վերջապահներին ու յոգնելու պատճառով յետ ընկածներին, երբ դու քաղցած ու յոգնած էիր՝ չվախենալով Աստծուց: 19 Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ ազատի քո շրջապատում գտնուող քո բոլոր թշնամիներից այն երկրում, որ քո Տէր Աստուածը վիճակով քեզ է տալու իբրեւ ժառանգութիւն, Ամաղէկի անունը կը ջնջես երկրի երեսից: Տե՛ս, որ չմոռանաս սա»:

26

ԱՌԱՋԻՆ ԲԵՐՔԸ

«Երբ մտնես այն երկիրը, որ քո Տէր Աստուածը քեզ է տալու իբրեւ սեփականութիւն, երբ ժառանգես այն ու բնակուես այնտեղ, ապա կը վերցնես քո Տէր Աստծու քեզ տուած երկրի պտուղների առաջին բերքը, կը լցնես զամբիւղի մէջ եւ կը գնաս այնտեղ, ուր կ՚ընտրի Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնի դարձնի այնտեղ: Կը գնաս այդ ժամանակ քահանայութիւն անողի մօտ եւ կ՚ասես նրան. “Այսօր գոհութիւն եմ յայտնում իմ Տէր Աստծուն, քանի որ մտայ այն երկիրը, որ Տէրը երդուեց մեր հայրերին, որ մեզ տայ”: Այն ժամանակ քահանան քո ձեռքից վերցնելով զամբիւղը՝ այն թող դնի քո Տէր Աստծու զոհասեղանի առջեւ: Պատասխան տալով՝ կ՚ասես քո Տէր Աստծու առջեւ. “Իմ հայրը թողեց Ասորեստանն ու իջաւ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ մնաց սակաւաթիւ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձաւ, խիստ բազմացաւ: Եգիպտացիները չարչարեցին, ճնշեցին, տաժանակիր աշխատանքի լծեցին մեզ: Մենք աղաղակ բարձրացրինք դէպի մեր հայրերի Աստուածը, Տէրը լսեց մեր ձայնը, տեսաւ մեր տառապանքները, չարչարանքն ու նեղութիւնը, եւ Տէրն ինքը մեծ զօրութեամբ, ամուր ձեռքով ու հզօր բազկով, մեծամեծ տեսիլքներով, նշաններով ու զարմանահրաշ գործերով մեզ դուրս հանեց Եգիպտոսից, մեզ բերեց այս վայրը, մեզ տուեց այս երկիրը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում: 10 Արդ, ահա բերել եմ Տիրոջ ինձ տուած երկրի բերքի երախայրիքը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում”: Այնտեղ երկրպագութիւն կ՚անես քո Տէր Աստծու առջեւ, 11 այնտեղ կ՚ուրախանաք դու, ղեւտացին ու քեզ մօտ բնակուող պանդուխտը բոլոր այն բարիքների համար, որ քո Տէր Աստուածը տուել է քեզ ու քո ընտանիքին»:

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՏԱՍԱՆՈՐԴԸ

12 «Երբ քո երկրի բոլոր տասանորդները տաս վերջացնես, երկրորդ285 տարում տասանորդ կը տաս այս անգամ ղեւտացուն, եկուորին, որբին ու այրուն: Նրանք թող ուտեն ու յագենան քո քաղաքներում: 13 Այն ժամանակ քո Տէր Աստծու առջեւ կ՚ասես. “Ինչ որ սուրբ էր, իմ տնից դուրս տարայ, ըստ Տէր Աստծու ինձ տրուած հրամանների յանձնեցի ղեւտացուն, եկուորին, որբին ու այրուն: Տէ՛ր, քո պատուիրաններն անտես չարեցի, չմոռացայ: 14 Վշտիս օրերին դրանից չկերայ ու որեւէ պիղծ նպատակի չնուիրեցի, դրանից որեւէ մեռելի բաժին չհանեցի: Լսեցի իմ Տէր Աստծու խօսքը եւ արեցի այնպէս, ինչպէս պատուիրել էիր ինձ, Տէ՛ր: 15 Արդ, նայի՛ր քո սուրբ բնակութեան վայրից՝ երկնքից, եւ օրհնի՛ր քո ժողովրդին՝ իսրայէլացիներին եւ նրանց տուած քո երկիրը, ինչպէս երդուել ես մեր հայրերին, թէ մեզ կը տաս մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում”»:

ԻՍՐԱՅԷԼԸ՝ ՏԻՐՈՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ

16 «Այսօր քո Տէր Աստուածը քեզ պատուիրում է, որ կատարես այս բոլոր օրէնքներն ու կանոնները. դրանք կը պահէք ու կը կատարէք ձեր ամբողջ հոգով ու էութեամբ: 17 Քո Տէր Աստծուն ընտրի՛ր այսօր, որպէսզի նա քեզ Աստուած լինի. կ՚ընթանաք նրա ճանապարհով, կը պահպանէք նրա օրէնքներն ու կանոնները՝ կը լսէք նրա ասածը: 18 Տէրն այսօր քեզ ընտրեց, որ լինես նրա սեփական ժողովուրդը, ինչպէս որ խոստացել է քեզ, որպէսզի պահես նրա բոլոր պատուիրանները 19 եւ բոլոր ազգերից բարձր լինես: Նա քեզ դարձրել է անուանի, բարգաւաճ ու փառաւոր, որպէսզի ըստ իր խոստման լինես քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդը»:

27

ՔԱՐԵՐԻ ՎՐԱՅ ԳՐՈՒԱԾ ԱՍՏԾՈՒ ՕՐԷՆՔՆԵՐԸ

Մովսէսն ու Իսրայէլի ծերերը պատուիրեցին ու ասացին. «Պահեցէ՛ք բոլոր այն պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ: Երբ անցնէք Յորդանան գետով այն երկիրը, որ ձեր Տէր Աստուածը տալու է ձեզ, այնտեղ մեծամեծ քարեր կը կանգնեցնէք ու կը ծեփէք դրանք: Երբ անցնէք Յորդանան գետով ու մտնէք այն երկիրը, որ ձեր հայրերի Տէր Աստուածը տալու է ձեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում, ինչպէս խոստացել է ձեր հայրերի Տէր Աստուածը, որ տայ ձեզ, ապա քարերի վրայ կը գրէք այս օրէնքի բոլոր պատգամները: Երբ անցնէք Յորդանան գետով, այսօր իմ պատուիրած այդ քարերը կը կանգնեցնէք Գեբաղ լերան վրայ եւ դրանք կը ծեփէք: Այնտեղ քո Տէր Աստծու համար քարէ զոհասեղան կը պատրաստես: Դրան երկաթ չպէտք է դիպչի: Չյղկուած քարերով կը պատրաստես քո Տէր Աստծու զոհասեղանը: Դրա վրայ քո Տէր Աստծու համար ողջակէզներ կը մատուցես: Այնտեղ քո Տէր Աստծու համար փրկութեան286 զոհ կը մատուցես, կ՚ուտես ու կը կշտանաս այնտեղ, կ՚ուրախանաս քո Տէր Աստծու առջեւ եւ քարերի վրայ խիստ պարզորոշ կը գրես այս բոլոր օրէնքները»:

Մովսէսը, քահանաներն ու ղեւտացիները խօսելով բոլոր իսրայէլացիների հետ՝ ասացին. «Լո՛ւռ մնա ու լսի՛ր, Իսրայէ՜լ: Այսօր քո Տէր Աստծու ժողովուրդը դարձար: 10 Լսի՛ր քո Տէր Աստծու ասածը, կատարի՛ր նրա բոլոր պատուիրաններն ու օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ»:

ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՆԷԾՔՆԵՐ

11 Եւ Մովսէսն այդ օրը ժողովրդին պատուիրելով՝ ասաց. 12 «Ահա անուններն այն ցեղերի, որոնք ժողովրդին օրհնելու համար Յորդանան գետն անցնելուց յետոյ պիտի կանգնեն Գարիզին լերան վրա. Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար, Յովսէփ եւ Բենիամին: 13 Եւ ահա անուններն այն ցեղերի, որոնք ժողովրդին անիծելու համար պիտի կանգնեն Գեբաղ լերան վրայ. Ռուբէն, Գադ, Ասեր, Զաբուղոն, Դան եւ Նեփթաղիմ:

14 Ղեւտացիները պատասխան տալով՝ բարձրաձայն պէտք է ասեն բոլոր իսրայէլացիներին.

15 «Անիծեալ լինի այն մարդը, որը կոփածոյ ու ձուլածոյ կուռք կը պատրաստի ու այն կը թաքցնի, քանի որ Տիրոջ համար քանդակագործի ձեռքի աշխատանքը պիղծ է»: Եւ ժողովուրդը պատասխան տալով՝ թող ասի. «Այդպէս թող լինի»:

16 «Անիծեալ լինի այն մարդը, որը կ՚անարգի իր հօրը կամ իր մօրը»: Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»:

17 «Անիծեալ լինի այն մարդը, որը կ՚ոտնահարի եկուորի, որբի ու այրու իրաւունքները»: Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»:

18 «Անիծեալ լինի այն մարդը, որը կը խախտի իր հարեւանի սահմանները»: Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»:

19 «Անիծեալ լինի այն մարդը, որը կը մոլորեցնի կոյրին ճանապարհի վրայ»: Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»:

20 Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հօր կնոջ հետ, քանի որ դրանով բացած կը լինի իր հօր ամօթոյքը»: Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»:

21 «Անիծեալ լինի այն մարդը, որը կը կենակցի անասունի հետ»: Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»:

22 Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հօրենական կամ մօրենական կողմից իր քրոջ հետ»: Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. Այդպէս թող լինի:

24 287 «Անիծեալ լինի այն մարդը, որն իր մերձաւորին կը սպանի նենգութեամբ»: Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»:

25 «Անիծեալ լինի այն մարդը, որը կաշառք կը վերցնի անմեղ մարդ սպանելու համար»: Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»:

26 «Անիծեալ լինի այն մարդը, որը չի պահում այս օրէնքները եւ դրանք չի կատարում»: Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»:

28

ԽՈՍՏԱՑՈՒԱԾ ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐ

(Ղեւտ. 26.3-13, Բ Օր. 7.12-24)

«Եթէ լսէք մեր Տէր Աստծու ասածները, որ ես այսօր ձեզ եմ պատգամում, այն է՝ հետեւելով նրա պատուիրաններին՝ կատարէք դրանք, ապա ձեր Տէր Աստուածը ձեզ երկրի բոլոր ազգերից աւելի բարձր կը դասի: Այս բոլոր օրհնութիւնները կ՚իջնեն քեզ վրայ ու կը գտնեն քեզ, եթէ լսես քո Տէր Աստծու ձայնը288: Օրհնեալ կը լինես դու քաղաքում եւ օրհնեալ՝ դաշտում: Օրհնեալ կը լինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները եւ քո ոչխարների հօտերը: Օրհնեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները: Օրհնեալ կը լինես դու միշտ՝ ելնես թէ մտնես: Քո Տէր Աստուածը քո առջեւ կը կոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին: Նրանք քո դէմ կ՚ելնեն մէկ ճանապարհով, բայց եօթը ճանապարհով կը փախչեն քեզանից: Տէրը օրհնութիւն կ՚առաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնց կը ձեռնարկես այն երկրում, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ: Եթէ լսես մեր Տէր Աստծու ասածը եւ ընթանաս նրա ճանապարհով, ապա քո Տէր Աստուածը քեզ իր սուրբ ժողովուրդը կը դարձնի, ինչպէս երդուել է քո հայրերին: 10 Եւ երկրի բոլոր ազգերը կը տեսնեն, որ քո վրայ է դրուած Տիրոջ անունը, ու քեզանից կը վախենան: 11 Քո Տէր Աստուածը քեզ կը բազմացնի բարիքներով՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով, քո ոչխարների ծնունդներով այն երկրում, որ քո հայրերի Տէրը երդուել է տալ քեզ երկնքի ու երկրի ստեղծուելու օրից ի վեր289: 12 Տէրը քեզ համար կը բացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպէսզի ժամանակին անձրեւ տայ քո երկրին, կ՚օրհնի քո ձեռնարկած բոլոր գործերը, փող փոխ կը տաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի: 13 Եթէ լսես քո Տէր Աստծու պատուիրանները, որ պահելու եւ կատարելու համար հաղորդում եմ քեզ այսօր, ապա բազում ազգերի վրայ կ՚իշխես, բայց քեզ վրայ չեն իշխի: Քո Տէր Աստուածը քեզ կը դարձնի գլուխ, բայց ոչ պոչ, բարձր կը լինես եւ ոչ թէ՝ ցած: 14 Դու չպիտի խախտես այն խօսքերը, որ ես պատգամում եմ քեզ այսօր, չպիտի շեղուես ո՛չ աջ եւ ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստուածների յետեւից եւ չպաշտես դրանք»:

ԱՆԷԾՔՆԵՐԸ

(Ղեւտ. 26.14-46)

15 «Իսկ եթէ չլսես քո Տէր Աստծու ասածը՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անէծքները կը թափուեն քո գլխին, կը հասնեն քեզ: 16 Անիծեալ կը լինես դու քաղաքում եւ անիծեալ՝ դաշտում: 17 Անիծեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները: 18 Անիծեալ՝ քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրներն ու ոչխարների հօտերը: 19 Անիծեալ կը լինես դու միշտ՝ մտնելիս թէ ելնելիս: 20 Տէրը քեզ աղքատ ու կարիքաւոր կը դարձնի եւ ձեռնարկած ու ձեռնարկելիք բոլոր գործերդ անյաջողութեան կը մատնի, մինչեւ որ կոտորի քեզ Տէրը, մինչեւ որ քեզ ոչնչացնի իսկոյն քո չար ընթացքի համար, քանի որ դու ինձ լքեցիր: 21 Տէրը մահ կը սփռի քեզ վրայ, մինչեւ որ սպանի ու վերացնի քեզ այն երկրից, ուր մտնելու ես այն ժառանգելու համար: 22 Տէրը քեզ կը տանջի տարակուսանքներով, տենդով եւ սարսուռով, շլութեամբ ու երկիւղով, խորշակով ու դժգունութեամբ, եւ սրանք քեզ կը հետապնդեն, մինչեւ որ քեզ կորստեան մատնեն: 23 Քո գլխի վրայ երկինքը պղնձից կը լինի, իսկ քո տակի երկիրը՝ երկաթից: 24 Տէրը քո արտին անձրեւի փոխարէն փոշի կը թափի, երկնքից քեզ վրայ հող կը թափի, մինչեւ որ քեզ սպանի ու կորստեան մատնի: 25 Տէրը թշնամիներիդ առջեւ քեզ պարտութեան կը մատնի. դու նրանց դէմ մէկ ճանապարհով կ՚ելնես, բայց եօթը ճանապարհով կը փախչես նրանցից: Ցրիւ կը գաս երկրի բոլոր թագաւորութիւնների մէջ: 26 Ձեր դիակները երկնքի թռչունների ու երկրի գազանների կեր կը դառնան, եւ ոչ ոք չի լինի, որ քշի դրանց: 27 Տէրը քեզ կը հիւանդացնի եգիպտացիների խոցով ու թութքով, սուր քոսով ու բորոտութեամբ, որպէսզի չկարողանաս բուժուել: 28 Տէրը քեզ կը հիւանդացնի մտագարութեամբ, կուրութեամբ ու ցնորամտութեամբ: 29 Օրը ցերեկով կը խարխափես այնպէս, ինչպէս կոյրն է խարխափում խաւարի մէջ, եւ քո ուղիղ ճանապարհը չես գտնի: Այդ ժամանակ յաւիտենապէս զրկուած ու կողոպտուած կը լինես, եւ ոչ ոք օգնութեան չի գայ քեզ: 30 Կին կ՚առնես, բայց մի ուրիշ տղամարդ նրան կը խլի քեզանից: Տուն կը շինես, բայց ինքդ չես բնակուի նրա մէջ: Այգի կը տնկես, բայց ինքդ չես քաղի բերքը: 31 Քո արջառը կը մորթուի քո առջեւ, բայց դու չես ուտի դրանից: Քո էշը կը գողանան քեզանից, բայց դու այն յետ չես դարձնի քեզ մօտ: Քո ոչխարը կը մատնուի քո թշնամու ձեռքը, եւ ոչ ոք չի լինի, որ օգնի քեզ: 32 Քո տղաներն ու աղջիկները օտար ազգի ձեռքը կը մատնուեն, եւ դու տկարացած կկոցած աչքերով կը նայես նրանց, եւ քո ձեռքը չի հասնի նրանց: 33 Քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը կ՚ուտի քեզ անծանօթ մի ազգ, եւ դու մշտապէս զրկուած ու խորտակուած կը մնաս: 34 Քո տեսած արհաւիրքներից կը ցնորուես: 35 Տէրը ծնկներդ ու սրունքներդ, ոտքերիդ ծայրից մինչեւ գլուխդ անբուժելի խոցերով կը վարակի, եւ դու չես կարողանայ բուժուել: 36 Տէրը քեզ եւ քո ժողովրդի վրայ նշանակուած իշխաններին կը տանի կը յանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն են ճանաչել, եւ այնտեղ կը պաշտես օտար՝ փայտէ ու քարէ աստուածներ: 37 Զուարճաբանութեան, առակի եւ ծաղրուծանակի նիւթ կը դառնաս բոլոր այն ազգերի մէջ, որոնց կը յանձնի քեզ Տէրը: 38 Շատ սերմ կը ցանես արտում, բայց քիչ բերք կը հաւաքես, որովհետեւ մորեխը պիտի ուտի այն: 39 Այգիներ կը տնկես ու կը մշակես, բայց գինի չես խմի, ուրախութիւն չես ունենայ դրանից, որովհետեւ որդը կերած կը լինի այգիդ: 40 Քո բոլոր սահմաններին ձիթենիներ կը լինեն, բայց իւղով չես օծուի, որովհետեւ քո ձիթենիներն իրենց բերքը թափած կը լինեն: 41 Տղաներ ու աղջիկներ կը ծնես, բայց նրանք քոնը չեն լինի, որովհետեւ գերութեան մատնուած կը լինեն: 42 Քո բոլոր տնկած ծառերն ու հողի բերքը թրթուրը կ՚ուտի: 43 Քեզ մօտ բնակուող եկուորը քեզանից աւելի կը բարձրանայ, իսկ դու գնալով կ՚իջնես: 44 Նա քեզ փող փոխ կը տայ, իսկ դու չես կարողանայ նրան փոխ տալ: Նա գլուխ կը լինի, իսկ դու՝ պոչ: 45 Քեզ վրայ կ՚իջնեն այս անէծքները, կը հալածեն քեզ, մինչեւ որ կոտորեն, ոչնչացնեն քեզ, քանի որ չլսեցիր քո Տէր Աստծու ասածը՝ չպահեցիր նրա այն պատուիրաններն ու օրէնքները, որ նա պատուիրեց քեզ: 46 Քեզ ու քո սերնդի վրայ յաւիտեան նշաններ ու զարմանահրաշ գործեր կը լինեն 47 ի դիմաց այն բանի, որ քո Տէր Աստծուն ուրախութեամբ ու անկեղծ սրտով չպաշտեցիր, հակառակ ամէն ինչի շատութեան: 48 Դրա համար էլ ամէն տեսակ սովի, ծարաւի, մերկութեան ու աղքատութեան մէջ կը ծառայես քո թշնամիներին, որ Տէրը կ՚ուղարկի քո դէմ: Նա երկաթէ լուծ կը դնի քո վզին, մինչեւ որ ոչնչացնի քեզ: 49 Ինչպէս արծիւն է խոյանում, այնպէս էլ հեռու վայրերից՝ երկրի չորս ծագերից Աստուած քո դէմ կը հանի մի ազգ, որի լեզուն չես հասկանայ: 50 Այդ ազգը կը լինի դէմքով լպիրշ, ծերերին չի խնայի, մանուկներին չի խղճայ: 51 Նա կ՚ուտի քո հօտերից ծնուած անասուններին եւ քո երկրի բերքը: Նա կը խլի քո ցորենը, գինին, իւղը, կը վերցնի քո արջառների նախիրներն ու ոչխարների հօտերը, մինչեւ որ կորստեան մատնի քեզ: 52 Քեզ կը ճնշի քո բոլոր քաղաքներում, մինչեւ որ տապալուեն քո բարձր պարիսպներն ու ամրութիւնները, որոնց վրայ յոյս ես դրել քո ամբողջ երկրում: Քեզ կը ճնշի քո բոլոր այն քաղաքներում, որ քո Տէր Աստուածը տուել է քեզ: 53 Քո թշնամու քեզ պատճառած տառապանքի ու նեղութեան ժամանակ կ՚ուտես քո որովայնի ծնունդները՝ Տիրոջ քեզ տուած քո տղաների ու աղջիկների միսը: 54 Ձեր մէջ գտնուող ամենափափկակեաց եւ քնքուշ տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբօրը, իր ծոցում պառկող կնոջն ու ողջ թողած իր որդիներին, 55 որպէսզի նրանցից ոչ մէկին չտայ իր կերած որդիների մսից: Այսպէս պիտի վարուի նա, որ քո անձկութեան եւ նեղութեան մէջ, որոնցով պիտի նեղեն քեզ քո թշնամիները քո բոլոր քաղաքներում, նրան ուտելու ոչինչ պիտի չմնայ: 56 Ձեր մէջ գտնուող ամենափափկակեաց եւ քնքուշ կինը, որը քնքուշ ու փափկակեաց լինելու պատճառով փորձ իսկ չի արել երկրի վրայ ոտքով քայլելու, չար աչքով պիտի նայի իր ծոցում գտնուող ամուսնուն, իր տղային ու աղջկան, 57 պիտի խորովի եւ ուտի իր միջից ընկած ընկերքն ու իր իսկ ծնած զաւակին: Զրկուած լինելու պատճառով նա բոլորից կը թաքցնի դա իր անձկութեան եւ նեղութեան մէջ, որովհետեւ թշնամին քո բոլոր քաղաքներում քեզ տառապանք է պատճառելու:

58 Եթէ յանձն չառնէք կատարել այս գրքում գրուած օրէնքների բոլոր խօսքերը՝ չվախենաք ձեր Տէր Աստծու պատուական ու սքանչելի անունից, 59 ապա Տէրը նոր նշաններով՝ մեծ ու զարմանալի հարուածներով, խոր ու խիստ ցաւերով կը պատուհասի քեզ ու քո սերնդին: 60 Նա քեզ կը հիւանդացնի եգիպտացիների բոլոր վատ հիւանդութիւններով, որոնցից սոսկում էիր, եւ որոնք բուն կը դնեն քո մէջ: 61 Օրէնքների այս գրքում գրուած290 բոլոր հիւանդութիւններն ու արհաւիրքները Տէրը կը թափի քո գլխին, մինչեւ որ ոչնչացնի քեզ: 62 Թէեւ երկնքի աստղերի չափ շատ էիք, բայց սակաւաթիւ կը մնաք, որովհետեւ չլսեցիք ձեր Տէր Աստծու ասածը: 63 Տէրն ինչպէս որ ուրախանում էր ձեր մէջ ձեզ բարութիւն անելով ու ձեզ բազմացնելով, Տէրը նոյն ձեւով կ՚ուրախանայ ձեր մէջ ձեզ կոտորելով. եւ դուք կը վերանաք այն երկրից, ուր մտնելու էք այն ժառանգելու համար: 64 Քո Տէր Աստուածը քեզ կը ցրի բոլոր ազգերի մէջ՝ երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը, եւ դու այնտեղ կը պաշտես քեզ ու քո հայրերին անծանօթ փայտէ ու քարէ օտար աստուածներ: 65 Այդ ազգերի մէջ էլ հանգստութիւն չի տայ քեզ, եւ քո ոտքերը կանգնելու տեղ չեն ունենայ: Այնտեղ նա քեզ կը տայ տխուր սիրտ, արտասուաթոր աչքեր ու հիւծուած մարմին: 66 Քո աչքերի առաջ քո կեանքը մազից կախուած կը լինի, գիշեր ու ցերեկ կը զարհուրես ու վստահ չես լինի քո կեանքի համար: 67 Քո սրտի ապրած վախի ու քո աչքերի տեսած դէպքերի պատճառով առաւօտները կ՚ասես. “Ե՞րբ է երեկոյ լինելու”, իսկ գիշերները կ՚ասես. “Ե՞րբ է առաւօտ լինելու”: 68 Եւ Տէրը այդտեղից նաւերով, հազարաւոր զօրքերով քեզ կը վերադարձնի Եգիպտոս այն նոյն ճանապարհով, որն այլեւս չէիք տեսնելու: Այնտեղ ձեր թշնամիներին իբրեւ ստրուկ ու աղախին կը վաճառուէք, բայց ոչ ոք ձեզ չի գնի»:

29

ՏԻՐՈՋ ՈՒԽՏԸ ԻՍՐԱՅԷԼԻ ՀԵՏ

Սրանք են ուխտի այն խօսքերը, որ Տէրը պատուիրեց Մովսէսին Մովաբի երկրում հաղորդել իսրայէլացիներին, բացի այն ուխտից, որ հաղորդել էր նրանց Քորէբում:

Մովսէսը կանչելով բոլոր իսրայէլացիներին՝ ասաց. «Դուք ինքներդ տեսաք այն ամէնը, ինչ ձեր առաջ արեց Տէրը Եգիպտոսում փարաւոնի, նրա ծառաների ու նրա ամբողջ երկրի նկատմամբ՝ ամուր ձեռքով ու հզօր բազկով կատարուած այն մեծամեծ փորձանքները, նշաններն ու զարմանահրաշ գործերը, որոնց ականատեսը եղաք դուք: Ձեր Տէր Աստուածը մինչեւ այսօր ձեզ ո՛չ միտք տուեց, որ գիտենաք, ո՛չ աչքեր, որ տեսնէք, ո՛չ ականջ, որ լսէք: Քառասուն տարի նա ձեզ տարաւ անապատով: Ո՛չ ձեր զգեստները հնացան, ո՛չ ձեր ոտքերի կօշիկները մաշուեցին: Հաց չկերաք եւ գինի ու օղի չխմեցիք, որպէսզի համոզուէիք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, եւ եկաք մինչեւ այս վայրը291: Մեր դէմ պատերազմի ելան Եսեբոնի թագաւոր Սեհոնը, Բասանի թագաւոր Օգը: Հարուածեցինք նրանց ու գրաւեցինք նրանց երկիրը: Ռուբէնի, Գադի ցեղին ու Մանասէի կէս ցեղին իբրեւ սեփականութիւն տուեցի այն: Հետեւեցէ՛ք, որ կատարէք այս ուխտի բոլոր խօսքերը, որպէսզի իմանաք այն ամէնը, ինչ պիտի անէք:

10 Ձեր Տէր Աստծու առջեւ այսօր, ահա, կանգնած էք դուք բոլորդ՝ ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր դատաւորները, ձեր օրէնսգէտները, Իսրայէլի բոլոր տղամարդիկ, 11 ձեր կանայք ու ձեր որդիները, ձեր մէջ բնակուող եկուորը, ձեր փայտահատից մինչեւ ձեր ջրկիրը, 12 որպէսզի ձեր Տէր Աստծու ուխտի մէջ մտնէք եւ դա հաստատէք նրա նզովքներով292, որ ձեր Տէր Աստուածը ուխտեց ձեզ այսօր, 13 որպէսզի ձեզ դարձնի իր ժողովուրդը, եւ Նա լինի ձեզ համար Աստուած, ինչպէս ասել է եւ ինչպէս երդուել է ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին:

14 Ես ոչ միայն ձեզ համար եմ անում այս ուխտերն ու այս նզովքները293, 15 այլեւ նրա՛նց համար, ովքեր այսօր մեզ հետ են՝ մեր Տէր Աստծու առջեւ, նաեւ նրա՛նց համար, ովքեր այսօր մեզ հետ չեն: 16 Դուք ինքներդ էլ գիտէք, թէ ինչպէս ապրեցինք Եգիպտացիների երկրում, թէ ինչպէս անցանք այն ազգերի միջից, որոնց երկրով անցաք դուք: 17 Դուք տեսաք նրանց գարշելի գործերն ու նրանց կուռքերը, նրանց մօտ գտնուող փայտէ, քարէ, արծաթէ ու ոսկէ իրերը: 18 Ձեր մէջ թող չգտնուի տղամարդ կամ կին, ազգ կամ ցեղ, որի միտքը իր Տէր Աստծուց շեղուած լինելով՝ գնայ ու պաշտի այդ ազգերի կուռքերը:

Ձեր մէջ ոչ մէկը բուսած դառն ու դաժան արմատ չլինի: 19 Եթէ լինի մէկը, որ, լսելով այս նզովքի պատգամները, մտածի ու ասի՝ “Թողութիւն թող լինի ինձ, հակառակ որ ես իմ մոլոր ճամփով եմ ընթանում”, այդ դէպքում մեղաւորն անմեղին կորստեան կը մատնի: 20 Աստուած չի ուզենայ ներել նրան, այլ կը բորբոքուեն նրա բարկութիւնն ու նախանձը այդ մարդու վրայ, նրա վրայ կը թափուեն այս օրէնքների գրքում գրուած այս ուխտի բոլոր նզովքները, եւ Տէրը նրա անունը կը ջնջի երկրի վրայից: 21 Ըստ այս օրէնքների գրքում գրուած այս ուխտի բոլոր նզովքների, Տէրը նրան կը մեկուսացնի բոլոր իսրայէլացիներից, որպէսզի չարիք հասցնի նրան: 22 Եւ միւս ազգերը, ձեզանից յետոյ եկող ձեր որդիները, հեռու երկրներից եկած օտարները, տեսնելով այդ երկրում տիրող արհաւիրքները, նրանց վրայ Տիրոջ ուղարկած հիւանդութիւնները, կ՚ասեն. 23 “Ծծումբ ու այրող աղ կայ այնտեղ: Ոչ մի բան չի ցանուի նրա հողի մէջ ու չի բուսնի, եւ ոչ մի դալար բոյս չի բարձրանայ այդ հողից: Երկիրը լինելու է Սոդոմի ու Գոմորի, Ադամայի ու Սեբոյիմի նման, որոնք Տէրը կործանեց սրտմտութեամբ ու բարկութեամբ”: 24 Բոլոր ազգերը կ՚ասեն. “Ինչո՞ւ Տէրը այդպիսի պատուհաս բերեց այդ երկրի գլխին, ի՞նչ է նրա խոր զայրոյթի եւ այդ բարկութեան պատճառը”: 25 Պատասխան կը տան ու կ՚ասեն. “Որովհետեւ դրժեցին իրենց հայրերի Աստծու ուխտը, որ Տէրը արել էր նրանց հայրերի հետ, երբ նրանց դուրս էր բերում Եգիպտացիների երկրից: 26 Նրանք գնացին պաշտեցին օտար աստուածներ, երկրպագեցին դրանց, որոնց չգիտէին. եւ Աստուած դրանք չէր սահմանել նրանց համար: 27 Տէրը սրտմտութեամբ բարկացաւ այդ երկրի վրայ՝ դրա վրայ թափեց այդ օրէնքների մատեանի մէջ գրուած այս ուխտի բոլոր նզովքները: 28 Տէրը շատ խիստ բարկութեամբ, սրտմտութեամբ ու զայրոյթով նրանց դուրս բերեց իրենց երկրից եւ նրանց մինչեւ այսօր նետել է օտար երկիր”: 29 Գաղտնի բաները մեր Տէր Աստծունն են, իսկ յայտնիները՝ մեզ ու մեր որդիներին յաւիտեան, որպէսզի կատարենք այս օրէնքների բոլոր խօսքերը»:

30

ԻՍՐԱՅԷԼԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՌՆԱՅ ԱՍՏԾՈՒՆ

«Եթէ քեզ հասնեն իմ հաղորդած այս բոլոր պատգամները՝ օրհնութիւնները կամ անէծքները, եւ հոգուդ մէջ յիշես դրանք այն բոլոր ազգերի մէջ, ուր Տէրը քեզ ցրելու է, դառնաս դէպի քո Տէր Աստուածը294, քո ամբողջ հոգով ու էութեամբ լսես նրա խօսքը այն բոլոր գործերում, որ ես հաղորդում եմ քեզ այսօր, ապա Տէրը կը ների295 քո բոլոր մեղքերը, կ՚ողորմի քեզ եւ դարձեալ ի մի կը հաւաքի քեզ բոլոր այն ժողովուրդների միջից, որոնց մէջ ցրել էր քեզ: Եթէ դու ցրիւ ես եկել երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը, այդտեղից էլ կը հաւաքի քեզ քո Տէր Աստուածը: Այնտեղից կը վերցնի քեզ քո Տէր Աստուածը եւ քո Տէր Աստուածը քեզ կը բերի քո հայրերի ժառանգած երկիրը: Կը ժառանգես այն, քեզ համար լաւ կը լինի, եւ Աստուած քեզ քո հայրերից տասնապատիկ աւելի կը բազմացնի: Տէրը կը մաքրի քո ու քո սերնդի սիրտը, որպէսզի քո Տէր Աստծուն սիրես քո ամբողջ հոգով ու էութեամբ, որպէսզի ապրէք դու եւ քո սերունդը: Այն ժամանակ քո Տէր Աստուածը այս նզովքները կը թափի քեզ հալածող քո թշնամիների ու քեզ ատողների գլխին: Դու շուռ կը գաս, կը լսես քո Տէր Աստծու խօսքը եւ կը կատարես նրա պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ: Քո Տէր Աստուածը քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով ու քո անասունների ծնունդներով յաջողութիւն կը պարգեւի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում: Քո Տէր Աստուածը դարձեալ կ՚ուրախանայ քեզ բարութիւն անելով, ինչպէս քո հայրերի համար էր ուրախացել, 10 եթէ լսես քո Տէր Աստծու ասածը՝ պահես ու կատարես այս օրէնքների գրքում գրուած նրա բոլոր պատուիրանները, նրա օրէնքներն ու նրա կանոնները, քո Տէր Աստծուն վերադառնաս քո ամբողջ հոգով ու էութեամբ:

11 Այն պատուիրանները, որոնք այսօր ես պատգամում եմ քեզ, ո՛չ դժուար են, ո՛չ էլ՝ քեզ անմատչելի: 12 Դրանք ո՛չ երկնքում են, որ ասես, թէ՝ “Մեզնից ո՞վ կ՚ելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք եւ կատարենք”, 13 ո՛չ էլ՝ ծովի միւս ափին, որ ասես, թէ՝ “Ո՞վ պիտի անցնի ծովի միւս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդայ, եւ մենք կատարենք”: 14 Քեզ չափազանց մօտիկ է այդ խօսքը. քո բերանում, քո սրտում է, եւ դու ի վիճակի ես կատարելու այդ:

ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

15 Այսօր, ահա, քո առջեւն եմ դնում կեանքն ու մահը, բարին ու չարը: 16 Եթէ լսես մեր Տէր Աստծու պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ՝ սիրես քո Տէր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրէնքները, նրա պատուիրաններն ու նրա կանոնները, կ՚ապրէք ու բազմամարդ կը լինէք, եւ քո Տէր Աստուածը քեզ կ՚օրհնի ամբողջ երկրում, ուր կը մտնես այն ժառանգելու համար: 17 Իսկ եթէ քո միտքը փոխես, չհնազանդուես, մոլորուելով երկրպագես օտար աստուածների ու պաշտես դրանք, 18 ապա այսօր քեզ յայտնում եմ, որ կը կորչէք, երկար չէք մնայ այն երկրում, ուր դուք կ՚անցնէք Յորդանան գետը կտրելով՝ այն ժառանգելու համար: 19 Երդւում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջեւն եմ դնում կեանքն ու մահը, օրհնութիւններն ու անէծքները: Ընտրի՛ր կեանքը, որպէսզի ապրէք դու եւ քո սերունդը: 20 Պէտք է սիրես քո Տէր Աստծուն, լսես նրա ասածը, կապուած մնաս նրան, որովհետեւ նա է քո կեանքն ու քո երկարակեցութիւնը, որպէսզի բնակուես այն երկրում, որ Տէրը երդուեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, որ կը տայ նրանց»:

31

ՅԵՍՈՒՆ՝ ՄՈՎՍԷՍԻ ՅԱՋՈՐԴԸ

Մովսէսը բոլոր իսրայէլացիներին այս բաները հաղորդելուց յետոյ նրանց ասաց. «Այսօր ես հարիւր քսան տարեկան եմ, այլեւս չեմ կարող ո՛չ գնալ, ո՛չ գալ: Տէրն ինձ ասել է՝ “Յորդանան գետից այն կողմ չանցնես”: Քո Տէր Աստուածը, որ ընթանում է քո առջեւից, Նա՛ պիտի վերացնի քո առջեւից այդ ազգերին, եւ դու պիտի տիրես նրանց: Յեսո՛ւն պիտի առաջնորդի քեզ, ինչպէս ասել է Տէրը: Տէրը նրանց հետ պիտի վարուի այնպէս, ինչպէս վարուեց Սեհոնի ու Օգի հետ՝ Յորդանան գետի այն կողմում գտնուող ամորհացի երկու թագաւորների ու նրանց երկրի հետ, որ կոտորէք նրանց: Տէրը նրանց պիտի յանձնի ձեր ձեռքը, եւ դուք նրանց հետ պիտի վարուէք այնպէս, ինչպէս պատուիրել եմ ձեզ: Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանց ներկայութիւնից, քանի որ քո Տէր Աստուածն ինքը պիտի գնայ ձեր առջեւից, ձեր մէջ: Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ»:

Մովսէսը կանչեց Յեսուին ու բոլոր իսրայէլացիների առջեւ ասաց նրան. «Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, որովհետեւ այս ժողովրդին առաջնորդելով՝ դու պիտի մտնես այն երկիրը, որ ձեր հայրերի Տէրը երդուեց տալ նրանց, եւ դու պիտի նրանց սեփականութեան տէր դարձնես: Քո առջեւից գնացող Տէրը չի լքելու եւ չի անտեսելու քեզ: Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր»:

ՕՐԷՆՔ, ՈՐԸ ՊԻՏԻ ԿԱՐԴԱՑՈՒԻ ԱՄԷՆ ԵՕԹԸ ՏԱՐԻՆ ՄԷԿ

Մովսէսն այս օրէնքների բոլոր խօսքերը գրեց մատեանում, այն տուեց քահանաներին՝ Տիրոջ ուխտի տապանակը ուսամբարձ տանող Ղեւիի որդիներին եւ իսրայէլացի ծերերին: 10 Մովսէսն այդ օրը նրանց պատուիրելով՝ ասաց. «Եօթը տարի յետոյ՝ թողութեան տարում, Տաղաւարահարաց տօնին, 11 երբ ամբողջ Իսրայէլը հաւաքուի, որպէսզի Տիրոջ ընտրած վայրում հանդիպէք ձեր Տէր Աստծուն, այս օրէնքները կը կարդաք իսրայէլացիների առջեւ, նրանց ականջին, 12 երբ ժողովուրդը՝ տղամարդիկ, կանայք, երեխաներն ու ձեր քաղաքներում գտնուող եկուորները հաւաքուած կը լինեն, որպէսզի լսեն ու սովորեն երկնչել մեր Տէր Աստծուց եւ սովորեն կատարել այս օրէնքի բոլոր պատգամները: 13 Նրանց անտեղեակ որդիները թող լսեն ու սովորեն երկնչել մեր Տէր Աստծուց այդ երկրում ապրելու բոլոր օրերին, այն երկրում, որ Յորդանան գետով անցնելով՝ պիտի ժառանգէք դուք»:

ԻՍՐԱՅԷԼԻ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆԸ

14 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա մօտեցան քո մահուան օրերը: Կանչի՛ր Յեսուին, կանգնեցէ՛ք վկայութեան խորանի դռանը, որպէսզի պատուէր տամ նրան»: Մովսէսն ու Յեսուն գնացին դէպի վկայութեան խորանը եւ կանգնեցին վկայութեան խորանի դռանը: 15 Տէրն իջաւ ամպի սիւնի ձեւով ու կանգնեց վկայութեան խորանի դռանը: Խորանի դռանը կանգնեց նաեւ ամպի սիւնը: 16 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա դու պիտի մահանաս ու գնաս քո նախնիների մօտ. այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանայ՝ հետեւելով օտար աստուածներին այն երկրի, որոնց բնակիչների մէջ պիտի մտնի: Նա պիտի լքի ինձ ու պիտի խախտի իր հետ կնքած իմ ուխտը: 17 Այդ օրը սրտմտութեամբ պիտի բարկանամ նրանց վրայ, պիտի լքեմ նրանց, երեսս պիտի թեքեմ նրանցից, նրանք թշնամիների կեր պիտի դառնան, բազում չարիքներ ու նեղութիւններ պիտի կրեն ու այդ օրը պիտի ասեն. “Այս չարիքները մեզ վրայ թափուեցին, քանի որ մեր Տէր Աստուածը մեզ հետ չէ”: 18 Ես այդ օրը իմ երեսը պիտի դարձնեմ նրանցից բոլոր այն չարիքների համար, որ նրանք գործեցին, քանի որ յարեցին օտար աստուածների: 19 Ուրեմն գրեցէ՛ք օրհներգութեան այս խօսքերը, դրանք սովորեցրէ՛ք իսրայէլացիներին, դրանք դրէ՛ք նրանց բերանը, որպէսզի այդ օրհներգութիւնը իսրայէլացիների մէջ ինձ համար վկայութիւն լինի: 20 Արդարեւ, ես նրանց տանելու եմ այն լաւ երկիրը, որ երդուել եմ տալ նրանց հայրերին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում: Թող ուտեն ու լիուլի յագենան: Յետոյ նորից պիտի յարեն օտար աստուածների, պիտի պաշտեն դրանք, ինձ պիտի զայրացնեն ու դրժեն նրանց հետ կնքած իմ ուխտը: 21 Այն ժամանակ այդ օրհներգութիւնն իբրեւ վկայութիւն նրանց դէմ պիտի ելնի, նրանք ու նրանց յետնորդները պիտի չմոռանան դա: Ես գիտեմ նրանց չարութիւնը, որ նրանք յղացան այսօր այստեղ, նախքան ես նրանց կը տանեմ այն լաւ երկիրը, որը երդուեցի տալ նրանց հայրերին»296:

22 Այդ օրը Մովսէսը գրեց այս օրհներգութիւնը եւ այն սովորեցրեց իսրայէլացիներին:

23 Մովսէսը Նաւէի որդի Յեսուին պատուիրելով՝ ասաց. «Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, որովհետեւ Իսրայէլի որդիներին դու ես տանելու այն երկիրը, որ Տէրը խոստացաւ տալ նրանց, եւ Նա լինելու է քեզ հետ»:

24 Երբ Մովսէսն այս օրէնքների բոլոր խօսքերը մինչեւ վերջ գրեց մատեանի մէջ ու աւարտեց, 25 նա Տիրոջ ուխտի տապանակը տանող ղեւտացիներին պատուիրելով՝ ասաց. 26 «Օրէնքների այս մատեանն առէ՛ք եւ դրէ՛ք մեր Տէր Աստծու ուխտի տապանակի մի կողմը: Դա այնտեղ ձեզ համար վկայութիւն թող լինի: 27 Ես գիտեմ ձեր ըմբոստութիւնն ու կամակորութիւնը. եթէ այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մէջ, եւ դուք Աստծու դէմ ապստամբում էք, ապա իմ մահուանից յետոյ ինչե՜ր կ՚անէք: 28 Արդ, ինձ մօտ հաւաքեցէ՛ք ձեր ցեղապետներին ու ծերերին, ձեր դատաւորներին ու օրէնսգէտներին, որպէսզի նրանց ասեմ բոլոր այս խօսքերը եւ ձեզ համար վկայ ունենամ երկինքն ու երկիրը: 29 Գիտեմ, որ իմ մահուանից յետոյ անպայման անօրէնութիւններ էք անելու, շեղուելու էք այն ճանապարհից, որ ես ձեզ պատուիրեցի, եւ վերջին օրերին ձեզ չարիքներ պիտի պատահեն, որովհետեւ չար գործ էք կատարելու Տիրոջ առջեւ՝ ձեր ձեռնարկած գործերով բարկացնելու էք նրան»: 30 Եւ Մովսէսը հաւաքուած բոլոր իսրայէլացիներին մինչեւ վերջ ասաց օրհներգութեան այս խօսքերը.

32

ՄՈՎՍԷՍԻ ՕՐՀՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ

«Երկի՛նք, ակա՛նջ դիր, որ խօսեմ,

եւ երկիրը թող լսի իմ բերանի պատգամները:

Իմ խօսքը թող ընկալուի իբրեւ անձրեւ,

իմ պատգամներն իջնեն իբրեւ ցօղ,

իբրեւ սէզի վրայ տեղացող անձրեւ

ու խոտի վրայ տեղացող տեղատարափ,

որովհետեւ Տիրոջ անունը տուեցի:

Օրհնութիւն առաքեցէ՛ք մեր Տէր Աստծուն,

Աստուած, որի գործերը ճշմարիտ են,

ու նրա ուղիները՝ օրինաւոր:

Աստուած հաւատարիմ է,

եւ Նրա մէջ անիրաւութիւն չկայ,

Տէրն արդար է ու անարատ:

Սրանք մեղք գործեցին, բայց դրա համար որդիները մեղաւոր չեն:

Սա թիւր ու մոլորուած մի ազգ է:

Ո՜վ յիմար ու անմիտ ժողովուրդ,

մի՞թէ Տիրոջը դրանով ես հատուցում:

Մի՞թէ նա այն հայրը չէ,

որ քեզ շահեց, քեզ արարեց ու հաստատեց քեզ:

Յիշի՛ր անցած օրերը,

մտաբերի՛ր անցած սերունդների տարիները,

հարցրո՛ւ քո հայրերին, եւ նրանք քեզ կը պատմեն,

քո ծերերին, եւ նրանք քեզ կ՚ասեն:

Երբ Բարձրեալն իրարից բաժանեց բոլոր ազգերին,

ինչպէս Ադամի որդիներին էր սփռել,

ազգերի սահմանները նշանակեց ըստ Աստծու297 որդիների թուի:

Տիրոջ բաժինն եղաւ իր ժողովուրդը՝ Յակոբը,

իսկ իր ժառանգութեան վիճակը՝ Իսրայէլը:

10 Նա հոգաց նրա պէտքերն անապատում,

ջրից զուրկ վայրում,

ծարաւեցնող տօթից պաշտպանեց նրան,

խրատեց ու աչքի լոյսի պէս պահեց նրան:

11 Իր բոյնն ու իր ձագերին թեւի տակ առնող արծուի նման գթաց,

տարածեց իր թեւերն ու ընդունեց նրան,

բարձրացրեց ու իր մէջքին դրեց նրան:

12 Միայն Տէ՛րն էր տանում նրանց,

եւ նրանց հետ օտար աստուած չկար:

13 Նրանց բերեց երկրի բարգաւաճ վայրերը,

նրանց կերակրեց արտերի բերքով,

ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող իւղով կերակրեց նրանց:

14 Գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպի,

ընտիր ցորենի ալիւրի հետ

նրանց տալիս էր կովերի կարագ ու մաքիների կաթ,

նրանք խմում էին խաղողի արիւն՝ գինի:

15 Յակոբը կերաւ ու յագեցաւ,

ճարպակալեց ու ըմբոստացաւ այդ սիրելի մարդը:

Գիրացաւ, հաստացաւ ու լայնացաւ,

լքեց Տէր Աստծուն՝ իր Արարչին,

ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դէմ:

16 Ինձ բարկացրին օտար աստուածներով

եւ իրենց գարշելի գործերով դառնացրին ինձ:

17 Ոչ թէ Աստծու, այլ դեւերի համար զոհեր էին մատուցում,

այն կուռքերի, որոնց չէին ճանաչում,

որոնք նոր էին ու ժամանակաւոր,

եւ որոնց չէին ճանաչում ձեր հայրերը:

18 Դու լքեցիր քեզ ծնած քո Աստծուն,

մոռացար քեզ կերակրող Աստծուն:

19 Տէրը տեսաւ ու վրդովուեց,

սրտմտեց իր տղաների ու աղջիկների բարկութեան համար: Նա ասաց.

20 “Իմ երեսը կը թեքեմ նրանցից եւ նրանց ցոյց կը տամ,

թէ ինչ կը լինի նրանց վախճանը,

որովհետեւ սրանք մոլորուած ազգ են,

հաւատ չունեցող որդիներ:

21 Նրանք ինձ վրդովեցին չաստուածներով,

ինձ բարկացրին իրենց կուռքերով,

ուրեմն ես էլ նրանց կ՚անհանգստացնեմ իրաւ ազգ չեղող մարդկանցով,

նրանց կը բարկացնեմ անմիտ ժողովրդով:

22 Իմ բարկութիւնից հուր է բորբոքուել:

Դա կ՚այրի մինչեւ դժոխքի խորքերը,

կը լափի հողն ու նրա բերքը,

կը վառի լեռների հիմքերը:

23 Նրանց վրայ չարիք պիտի կուտակեմ

ու իմ նետերն սպառեմ նրանց վրայ թափելով:

24 Նրանք պիտի հիւծուեն սովից ու թռչունների կեր ուտելով:

Անբուժելի հիւանդութիւններ եւ ժանիքաւոր գազաններ պիտի ուղարկեմ նրանց վրայ,

որպէսզի սրանք երկրի երեսից վերացնեն նրանց:

25 Դրսից սուրը, իսկ ներսից երկիւղը թող ոչնչացնեն նրանց՝

երիտասարդներին, կոյս աղջիկներին, կաթնակերներին ու ալեւոր ծերերին:

26 Ասացի, որ կը ցրեմ նրանց,

մարդկանց միջից կը վերացնեմ նրանց յիշատակը:

27 Բայց այդ բանն անելուց հրաժարուեցի,

քանզի նկատի ունէի թշնամիների զայրոյթը.

չլինի թէ հակառակորդները երկար ապրեն եւ վեր կենան ու ասեն.

“Ոչ թէ Տէրն արեց այս ամէնը,

այլ՝ մեր հզօր ձեռքերը:

28 Սրանք անխոհեմ ազգ են,

ու նրանց մէջ իմաստութիւն չկայ:

29 Նրանք չմտածեցին ի մտի ունենալ այս.

արդ, կը ստանան ապագայում:

30 Մի մարդ ինչպէ՞ս կարող է հալածել հազարին,

եւ երկուսը՝ հետապնդել տասը հազարին,

եթէ Աստուած չի ոչնչացնում նրանց:

31 Նրանց աստուածները մեր Աստծու նման չեն298,

իսկ մեր թշնամիներն անխոհեմ են:

32 Սոդոմի որթատնկից է նրանց որթատունկը,

իսկ նրանց վազը՝ Գոմորից:

Նրանց խաղողը լեղի է,

նրանց ողկոյզը՝ դառն:

33 Նրանց գինին վիշապների ժահրն է եւ իժերի մահառիթ թոյնը:

34 Մի՞թէ այս ամէնն ինձ մօտ չի հաւաքուած

եւ կնքուած չի պահւում իմ գանձարանում:

35 Կը հատուցեմ վրէժխնդրութեան օրը՝

այն ժամանակ, երբ նրանք կը շեղեն իրենց ուղին,

որովհետեւ մօտ է նրանց կորստեան օրը,

եւ ձեր դատաստանը պատրաստ է:

36 Տէրը դատելու է իր ժողովրդին

եւ մխիթարուելու է իր ծառաներով,

որովհետեւ տեսել է, որ նրանք հիւծուած են,

լքուած ու գերութեան մատնուած:

37 Եւ Տէրը պիտի ասի. “Ո՞ւր են նրանց աստուածները,

որոնց ապաւինում էիք,

38 որոնց զոհերի ճարպն էիք ուտում,

նրանց նուիրաբերումների գինին խմում:

Թող վեր կենան, օգնեն, պաշտպան կանգնեն ձեզ:

39 Տեսէք, տեսէք, որ ԵՍ ԵՄ միայն,

եւ ինձանից բացի ուրիշը չկայ:

Ես եմ սպանում եւ ես եմ փրկում,

ես եմ հիւանդացնում եւ ես եմ բժշկում:

Չկայ մէկը, որ կարողանայ փրկել իմ ձեռքից:

40 Ձեռքս երկինք բարձրացնելով՝ երդւում եմ իմ աջով ու ասում.

“Ես յաւիտեան կենդանի եմ,

41 իմ սուսերը սրելու եմ կայծակի նման,

իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը,

եւ իմ թշնամիներից ես պիտի վրէժ լուծեմ:

Հատուցելու եմ նաեւ ինձ ատելի մարդկանց:

42 Իմ նետերը պիտի յագենան արեամբ,

իսկ իմ սուրը պիտի խմի վիրաւորների, գերիների եւ ինձ թշնամի իշխանների արիւնը:

Երկի՛նք, ուրախացի՛ր Նրա հետ,

նրան թող երկրպագեն Աստծու բոլոր որդիները299:

43 Ազգե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ,

նրան թող զօրացնեն Աստծու բոլոր հրեշտակները,

որովհետեւ նրա որդիների արեան վրէժն է պահանջւում.

թշնամիների վրէժն է պահանջուելու,

եւ դատաստան է արուելու:

Թող ատելի մարդկանց նա արժանին հատուցի,

եւ Տէրը թող սրբագործի իր ժողովրդի երկիրը»:

Մովսէսն այս օրհներգութիւնները գրեց այդ օրը եւ դրանք սովորեցրեց իսրայէլացիներին: 44 Մովսէսը մտաւ ժողովրդի մէջ, եւ ինքն ու Նաւէի որդի Յեսուն օրէնքի բոլոր խօսքերը լսելի դարձրին ժողովրդի ականջին: 45 Մովսէսը, այս խօսքերը բոլոր իսրայէլացիներին հաղորդելուց յետոյ, 46 նրանց ասաց. «Ձեր հոգու մէջ պահեցէ՛ք բոլոր այն խօսքերը, որոնց վրայ այսօր վկայութիւն եմ դնում ձեր առջեւ: Դրանք հաղորդեցէ՛ք ձեր որդիներին, որպէսզի պահեն ու կատարեն օրէնքի բոլոր խօսքերը: 47 Սա ոչ թէ դատարկ խօսք է, այլ ձեր կեանքի էութիւնը: Դրա համար էլ երկար կ՚ապրէք այն երկրում, որ դուք, անցնելով Յորդանան գետը, պիտի ժառանգէք»:

48 Տէրը նոյն օրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց. 49 «Բարձրացի՛ր Մովաբի երկրում Երիքովի դիմաց գտնուող Աբարիմ լեռը՝ Նաբաւ լեռը, եւ դիտի՛ր այն երկիրը, որ տալու եմ իսրայէլացիներին իբրեւ սեփականութիւն: 50 Գնա վախճանուի՛ր այնտեղ, քո բարձրացած լերան վրայ եւ միացի՛ր քո ժողովրդին, ինչպէս որ Հոր լերան վրայ մեռաւ քո եղբայր Ահարոնն ու միացաւ իր ժողովրդին: 51 Եւ սա՝ ի դիմաց այն բանի, որ իսրայէլացիների ներկայութեամբ Հակառակութեան ջրերի մօտ, Կադէսում՝ Սին անապատում, անտեսեցիք իմ խօսքերը, չփառաւորեցիք դրանք իսրայէլացիների մէջ: 52 Դիմացի՛ց պիտի տեսնես այդ երկիրը, բայց այնտեղ պիտի չմտնես»:

33

ՄՈՎՍԷՍՆ ՕՐՀՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻ ՏԱՍՆԵՐԿՈՒ ՑԵՂԵՐԸ

Այս է այն օրհներգութիւնը, որով Մովսէսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց իսրայէլացիներին՝ ասելով.

«Տէրը եկաւ Սինայից եւ մեզ երեւաց Սէիրից:

Նա Կադէսից բիւրաւոր մարդկանց հետ շտապ իջաւ Փառանի լեռից՝

աջ կողմում ունենալով իր հետ հրեշտակներին300:

Նա գթաց իր ժողովրդին:

Նրա սրբագործած բոլոր էակները քո ձեռքին են,

նրանք քեզ հետ են:

Նրա պատգամներից օրէնքներ ստեղծուեցին,

որոնք դարձան Յակոբի ժողովրդի սեփականութիւնը:

Դրանք մեզ հաղորդեց Մովսէսը:

Երբ ժողովրդի իշխանները ի մի հաւաքուեն Իսրայէլի ցեղերի հետ,

իշխան թող լինի Նա իր սիրեցեալների մէջ:

Ռուբէնը թող ապրի՝ չմեռնի,

նրա ժողովուրդը թուով բազմաքանակ թող լինի»:

Յուդայի մասին ասաց հետեւեալը.

«Տէ՜ր, լսի՛ր Յուդայի ձայնը եւ այցելի՛ր նրա ժողովրդին:

Թող նրա ձեռքերն իր համար անեն ընտրութիւն,

իսկ դու օգնակա՛ն եղիր նրան թշնամիների դէմ»:

Ղեւիի մասին ասաց.

«Ղեւիին տուէ՛ք նրա յայտնութիւնը301,

իսկ նրա ճշմարտութիւնը՝ այն անարատ մարդուն,

որին փորձութեան ենթարկեցին

ու Հակառակութեան ջրի մօտ բամբասեցին նրան:

Նա էր, որ ասում էր իր հօրն ու մօրը,

թէ չի տեսել նրանց,

չի ճանաչել իր եղբայրներին

ու իր որդիներին անգիտացել:

Նա հետեւեց քո խօսքերին ու պահեց քո ուխտը:

10 Քո իրաւունքները Յակոբին, քո օրէնքները Իսրայէլին պիտի յայտնեն նրանք:

Երբ բարկանաս, քո զոհասեղանի վրայ նրանք մշտապէս խունկ պիտի ծխեն:

11 Տէ՜ր, օրհնի՛ր նրա զօրութիւնը եւ ընդունի՛ր նրա ձեռքի գործերը:

Ջարդի՛ր նրա վրայ յարձակուող թշնամիների մէջքը,

որպէսզի նրան ատող մարդիկ չկարողանան ոտքի կանգնել»:

12 Բենիամինի մասին ասաց.

«Տիրոջ սիրելին ապահով թող ապրի.

Աստուած նրա համար հովանի կը լինի ամէն օր,

եւ նա Նրա ուսերի վրայ կը հանգստանայ»:

13 Յովսէփի մասին ասաց.

«Տէրն օրհնել է նրա երկիրը,

ապահովել երկնքի անձրեւով ու ցօղով,

անդունդների ընդերքից բխող աղբիւրներով,

14 արեգակի փոփոխութիւնից կախուած բերքով,

ամպերը միմեանց վրայ կուտակելով,

15 հինավուրց լեռների գագաթներով,

մշտնջենական բլուրների կատարներով,

16 երկրի եղանակի համեմատ տրուող առատութեամբ:

Մորենու մէջ երեւացած Աստծու հաճութիւնը թող իջնի Յովսէփի գլխին՝

եղբայրների մէջ փառաւորուածի գագաթին:

17 Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման,

նրա եղջիւրները նման են միեղջերուի եղջիւրների:

Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին

մինչեւ երկրի հեռաւոր անկիւնները:

Սրանք են Եփրեմի բիւրաւորները,

եւ սրանք են Մանասէի հազարաւորները»:

18 Զաբուղոնի մասին ասաց.

«Ուրախացի՛ր, Զաբուղո՛ն, երբ ճանապարհ ես ելնում գործի համար»:

Իսաքարի մասին ասաց.

«Իր բնակավայրում թող ազգեր մեռնեն:

19 Այդտեղ կանչեցէ՛ք մարդկանց ու արդարութեան զոհեր մատուցեցէ՛ք,

որովհետեւ ծովի հարստութիւնն ու ծովեզերքի մօտ բնակուող մարդկանց վաճառքի շահը կարող են քեզ կերակրել»:

20 Գադի մասին ասաց.

«Թող օրհնեալ լինի Աստուած, որ ընդարձակեց Գադի երկիրը:

Նա հանգստացաւ ինչպէս առիւծը.

նա խորտակեց բազուկներ ու իշխաններ

21 եւ տեսաւ իր իշխանութիւնը,

որովհետեւ այնտեղ է բաժանուած Իսրայէլիացիների առաջնորդների հետ միացած իշխանների

երկիրը,

եւ Տէրն իր արդարութիւնն ու դատաստանը գործադրեց ի նպաստ Իսրայէլի»:

22 Դանի մասին ասաց.

«Դանը առիւծի ձագ է:

Նա Բասանից ցատկ պիտի կատարի»:

23 Նեփթաղիմի մասին ասաց. «Նեփթաղիմը յագեցած է բարիքներով:

Նա թող լցուի Տիրոջ օրհնութիւններով,

թող ժառանգի ծովն ու հարաւը»:

24 Ասերի մասին ասաց.

«Ասերն օրհնուի թող որդիներից,

նա եղբայրներին ընդունելի թող լինի,

իր ոտքը թաթախի իւղի մէջ:

25 Նրա կօշիկները երկաթից ու պղնձից թող լինեն:

Քո զօրութիւնը քո օրերի չափ թող լինի:

26 Սիրելի Աստծու նման ոչ ոք չկայ:

Նա բարձրանում է երկինք,

որպէսզի դառնայ քո օգնականն ու հաստատուի իր վեհութեամբ:

27 Աստծու իշխանութիւնն ու նրա բազուկների մշտնջենաւոր զօրութիւնը քեզ հովանի թող լինեն:

Նա քո առջեւից թող հալածի թշնամուն եւ ասի՝ կորի՛ր:

28 Իսրայէլը Յակոբի երկրում թող բնակուի ապահով ու առանձին,

ցորենի ու գինու առատութեան մէջ թող ապրի,

իսկ երկինքը նրա համար ցօղի շտեմարան թող լինի:

29 Երանի՜ քեզ, Իսրայէ՛լ.

ո՞վ կարող է նմանուել քեզ,

ո՜վ Տիրոջ ընտրեալ ժողովուրդ:

Քո օգնականը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի:

Քո թշնամիները թող գան, դու բարձրանալու ես նրանց ուսերին»:

34

ՄՈՎՍԷՍԻ ՄԱՀԸ

Մովսէսը Մովաբի երկրի Արաբոթ վայրից բարձրացաւ Նաբաւ լեռը՝ Փոգորի գագաթը, որ գտնւում է Երիքովի դիմաց: Տէրը նրան ցոյց տուեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչեւ Դան, Նեփթաղիմի ամբողջ երկիրը, Եփրեմի ու Մանասէի ամբողջ երկիրը, Յուդայի ամբողջ երկիրը մինչեւ հեռաւոր ծովը, անապատն ու Երիքովի շրջակայքը, արմաւենիների քաղաքները մինչեւ Սեգոր: Տէրն ասաց Մովսէսին. «Այս է այն երկիրը, որ երդուելով Աբրահամին, Իսահակին ու Յակոբին՝ ասել եմ. “Քո յետնորդներին եմ տալու դա”: Այս երկիրը ցոյց եմ տալիս քեզ, բայց դու այնտեղ չես մտնելու»:

Եւ Տիրոջ ծառայ Մովսէսը վախճանուեց Մովաբի երկրում, Տիրոջ խօսքի համաձայն: Նրան թաղեցին Գայիում, Փոգորի տան մօտ, եւ ոչ ոք մինչեւ այսօր չգիտի, թէ որտեղ է նրա գերեզմանը: Երբ Մովսէսը վախճանուեց, հարիւր քսան տարեկան էր: Այդ տարիքում ո՛չ նրա տեսողութիւնն էր վատացել, ո՛չ էլ դէմքը խորշոմել:

Իսրայէլացիները Մովաբի երկրի Արաբոթ վայրում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց երեսուն օր ողբացին: Վերջացան Մովսէսի սգոյ լացի օրերը:

Նաւէի որդի Յեսուն լցուեց իմաստութեան հոգով, որովհետեւ Մովսէսն իր ձեռքը դրել էր նրա վրայ: Իսրայէլացիները հնազանդուեցին նրան եւ արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին:

10 Իսրայէլում այլեւս Մովսէսի նման մարգարէ չելաւ: Նա մի մարդ էր, որին Տէրը երես առ երես ճանաչեց: 11 Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը, նրա ամբողջ երկրի հանդէպ եղած մեծամեծ նշանները 12 Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով:

 

 

[255] Եբրայերէնը յաւելեալ ունի՝ այս անօրէն ազգից:

[256] Իմա՛՝ հսկայամարմին մարդիկ:

[257] Եբրայերէնում՝ Փասգայի լերան գագաթը, աչքերովդ նայի՛ր ծովի, հիւսիսի, հարաւի ու արեւելքի ուղղութեամբ, աչքերովդ տե՛ս, որովհետեւ Յորդանան գետի այն կողմը չես անցնելու դու:

[258] Եբրայերէն՝ Մասսայում:

[259] Եբրայերէնը յաւելեալ ունի՝ քո Տէր Աստուածը քառասուն տարի:

[260] Եբրայերէնը յաւելեալ ունի՝ իմ երկու ձեռքերի վրայից նետեցի:

[261] Եբրայերէն՝ Տաբեթայի, Մասսայի եւ Կիբրոթ-Հաթթավայի մէջ:

[262] Եբրայերէնը յաւելեալ ունի՝ ժողովի օրը:

[263] Ելք Ա 49 եօթանասունհինգ:

[264] Այսինքն՝ Միջերկրական ծով:

[265] Եբրայերէնը յաւելեալ ունի՝ բարձրացնելու ընծայ:

[266] Եբրայերէնում՝ անում ենք:

[267] Եբրայերէնը յաւելեալ ունի՝ քո ցեղերից մէկի տարածքում:

[268] Այլ բնագրերում՝ ձեր աչքերի միջեւ դաջուածք չպէտք է անէք:

[269] Սեւ ագռաւ, արջնագռաւ:

[270] Բադի մի տեսակ:

[271] Բուի տեսակ (տե՛ս Ղեւտական ԺԱ,  19):

[272] Այլ բնագրերում՝ ընտանիքը:

[273] Եբրայերէն՝ Երբ եօթը տարիները լրանան:

[274] Եբրայերէնում պակասում է:

[275] Եբրայերէնն ունի՝ թող նա իր համար գրի պատճէնը...

[276] Այլ բնագրերում՝ երեխաներին:

[277] Այս եւ յաջորդ մի քանի կէտադրութիւնը՝ ըստ այլ բնագրերի:

[278] Հարիւր կտոր արծաթ:

[279] Եբրայերէնը յաւելեալ ունի՝ մինչեւ տասներորդ սերունդը:

[280] Վերջին նախադասութիւնը այլ բնագրերում չկայ:

[281] Ըստ եբրայերէն բնագրի՝ Դու կարող ես փոխ տալ օտարին, բայց ոչ քո եղբօրը:

[282] Վերջին երկու համարները այլ բնագրերում որպէս առանձին համարներ տեղ են գրաւել ԻԴ գլխի սկզբում:

[283] Յաւելեալ կայ՝ մէկ տարի:

[284] Եբրայերէնը յաւելեալ ունի՝ Տէգրս հրաժարւում է Իսրայէլի մէջ հաստատել իր եղբօր անունը:

[285] Եբրայերէն՝ երրորդ:

[286] Եբրայերէն՝ խաղաղութեան:

[287] Հայկական բնագիրը չունի  23-րդ համարը: Այն եբրայական (նաեւ յունական) բնագրում ունի հետեւեալ նախադասութիւնը. Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հարսի (յուն.) /զոքանչի (եբր.) հետ: Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»:

[288] Այլ բնագրերում՝ այլ կէտադրութիւն:

[289] Այլ բնագրերում չիք երկնքի ու երկրի ստեղծուելու օրից ի վեր:

[290] Եբրայերէն՝ չգրուած:

[291] Այլ բնագրերում՝ այլ կէտադրութիւն:

[292] Եբրայերէնում՝ երդումով:

[293] Եբրայերէնում՝ երդումը:

[294] Եբրայերէնը յաւելեալ ունի՝ թէ՛ դու եւ թէ՛ որդիներդ:

[295] Եբրայերէնում՝ գերութիւնից դարձնելով:

[296] Եբրայերէնը յաւելեալ ունի՝ Երբ նրանք շատ չարիքների ու նեղութիւնների հանդիպեն:

[297] Եբրայերէնում՝ Իսրայէլի:

[298] Եբրայերէնում՝ չկայ նրանց աստուածները մեր Աստծու նման չեն:

[299] Այս նախադասութիւնն այլ բնագրերում չկայ:

[300] Եբրայերէն՝ Օրէնքի կրակը:

[301] Տես Ելք ԻԸ, 30:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հղումներ