ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ

1

ԱՍՏՈՒԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՕՔՈԶԻԱ ԹԱԳԱՒՈՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Աքաաբի մահուանից յետոյ մովաբացիներն ըմբոստացան Իսրայէլի դէմ: Օքոզիան ընկաւ Սամարիայում գտնուող իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասուածք ստացաւ: Նա պատգամաւորներ ուղարկեց ու ասաց նրանց. «Գնացէ՛ք եւ Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցրէ՛ք, թէ ես կը փրկուե՞մ այս ցաւից»: Եւ նրանք գնացին հարցնելու նրան: Տիրոջ հրեշտակը, սակայն, կանչեց թեզբացի Եղիային եւ ասաց. «Ելիր գնա՛ եւ Սամարիայի Օքոզիա արքայի պատգամաւորներին դիմաւորելով՝ նրանց ասա՛. “Իսրայէլի մէջ Աստուած չլինելո՞ւ պատճառով է, որ գնում էք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու: Մի՛ արէք այդ բանը: Տէրն այսպէս է ասում. “Այն մահիճը, որի մէջ պառկել ես, դրանից չես իջնելու եւ դրա մէջ էլ մեռնելու ես”»: Եղիան գնաց ու յայտնեց նրանց այդ խօսքերը:

Պատգամաւորները վերադարձան նրա մօտ, եւ նա հարցրեց. «Ինչո՞ւ էք յետ դարձել»: Նրան ասացին. «Մի մարդ մեր առաջ ելաւ ու ասաց մեզ. “Վերադարձէ՛ք ձեզ ուղարկող արքայի մօտ եւ ասացէ՛ք նրան. այսպէս է ասում Տէրը. ‘Իսրայէլի մէջ Աստուած չլինելո՞ւ պատճառով է, որ գնում էք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու: Մի՛ արէք այդ բանը: Այն մահիճը, որի մէջ պառկել ես, դրանից ցած չես իջնելու, մեռնելու ես’”»: Օքոզիան հարցրեց. «Ի՞նչ նշաններ ունէր այն մարդը, որ ձեր առաջ ելաւ եւ այդ բաներն ասաց ձեզ»: Նրանք ասացին. «Մազոտ մարդ էր եւ մէջքին կաշուէ գօտի էր կապել»: Նա ասաց. «Դա թեզբացի Եղիան է»:

Նա մի յիսնապետ հրամանատար ուղարկեց Եղիա մարգարէի մօտ իր յիսուն զինուորներով: Յիսնապետը եկաւ նրա մօտ: Եղիան նստած էր լերան գագաթին: Յիսնապետն ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան քեզ կանչում է, իջի՛ր այդտեղից»: 10 Եղիան պատասխան տալով՝ ասաց յիսնապետին. «Եթէ ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի եւ լափի քեզ ու քո յիսուն զինուորներին»: Կրակ իջաւ երկնքից եւ լափեց նրան ու նրա յիսուն զինուորներին:

11 Արքան նորից մի այլ յիսնապետ ուղարկեց նրա մօտ իր յիսուն զինուորներով: Յիսնապետն եկաւ ու ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան այսպէս է ասում. “Անմիջապէս ցա՛ծ իջիր այդտեղից”»: 12 Եղիան պատասխան տալով՝ ասաց նրան. «Եթէ ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի եւ լափի քեզ ու քո յիսուն զինուորներին»: Աստծու կրակն իջաւ երկնքից ու լափեց նրան ու նրա յիսուն զինուորներին:

13 Արքան երրորդ անգամ յիսնապետ ուղարկեց յիսուն հոգով: Երրորդ յիսնապետն եկաւ, Եղիայի առջեւ ծնկի իջաւ եւ աղաչելով՝ ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, բարի՛ աչքով նայիր ինձ ու քո այս յիսուն ծառաներին, 14 քանզի տեսանք, որ կրակ ընկաւ երկնքից ու լափեց նախորդ երկու յիսնապետներին ու նրանց յիսունական զինուորներին: Արդ, բարի՛ աչքով նայիր քո ծառաներին»:

15 Տիրոջ հրեշտակը խօսելով Եղիայի հետ՝ ասաց. «Գնա՛ նրա հետ, նրանցից երկիւղ մի՛ ունեցիր»: Վեր կացաւ Եղիան, նրա հետ գնաց արքայի մօտ 16 եւ ասաց նրան. «Քանի որ պատգամաւորներ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ Աստծու մօտ բան հարցնելու, կարծես թէ Իսրայէլի մէջ չկար Աստուած, որ նրանից հարցնէիր (մի բան, որ չպէտք է անէիր), ուստի այն մահիճը, որի մէջ պառկել ես, դրանից չես իջնելու, այլ մեռնելու ես»: 17 Եւ նա մեռաւ, ինչպէս որ Տէրն էր ասել Եղիային:

Աքաաբի որդի Յորամը Յուդայի երկրի արքայ Յոսափատի թագաւորութեան տասնութերորդ տարում թագաւորեց Իսրայէլի վրայ Սամարիայում տասներկու տարի: Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, բայց ոչ իր եղբայրների եւ իր մօր նման: Նա հանեց ու ոչնչացրեց իր հօր պատրաստած Բահաղի արձանները, բայց գործեց Յերոբովամի այն մեղքերը, որոնցով նա մեղանչել էր տուել Իսրայէլին, դրանցից չհրաժարուեց, ուստի Տէրը խիստ զայրացաւ Աքաաբի տան վրայ: Յոսափատի որդի Յուդայի երկրի արքայ Յորամի թագաւորութեան երկրորդ տարում Օքոզիայի փոխարէն իշխել էր իր եղբայր Յորամը, որովհետեւ Օքոզիան որդի չունէր:

18 Օքոզիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ:

2

ԵՂԻԱՆ ԵՐԿԻՆՔ Է ՀԱՄԲԱՐՁՒՈՒՄ. ՆՐԱՆ ՅԱՋՈՐԴՈՒՄ Է ԵՂԻՍԷԷՆ

Երբ Տէրը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսէէն գնացին Գաղգաղա400: Եղիան ասաց Եղիսէէին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրն ինձ Բեթէլ է ուղարկում»: Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»: Նրանք եկան Բեթէլ: Բեթէլում գտնուող մարգարէների որդիները եկան Եղիսէէի մօտ եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ Տէրը այսօր առնել տանելու է քո մօտից քո տիրոջը»: Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»: Եղիան ասաց Եղիսէէին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրն ինձ Երիքով է ուղարկում»: Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»: Նրանք եկան Երիքով: Երիքովում գտնուող մարգարէների որդիները մօտեցան Եղիսէէին եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ այսօր Տէրը քո տիրոջը առնել տանելու է քո մօտից»: Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»: Եղիան ասաց նրան. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրը ինձ Յորդանան գետի ափն է ուղարկում»: Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»: Եւ նրանք երկուսով գնացին: Մարգարէների որդիներից յիսուն հոգի գնաց ու կանգնեց հեռւում, Եղիայի ու Եղիսէէի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Յորդանան գետի եզերքին: Եղիան առաւ իր մորթէ վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին: Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ նրանք երկուսով անցան ցամաքով:

Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսէէին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տէրն ինձ քո մօտից չի վերացրել»: Եղիսէէն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրայ լինի»: 10 Եղիան ասաց. «Դժուար բան խնդրեցիր, բայց եթէ քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպէս թող լինի, ապա թէ ոչ՝ թող չլինի»:

11 Մինչ նրանք քայլում էին, մի հրեղէն կառք ու հրեղէն երիվարներ երեւացին, նրանց միմեանցից բաժանեցին, եւ Եղիան պտտահողմի մէջ դէպի երկինք վերացաւ: 12 Եղիսէէն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայէլի կառքը եւ նրա հեծեալը»: Եւ այլեւս չտեսաւ նրան: Եղիսէէն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կէս արեց: 13 Նա ձեռքն առաւ Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ: Եղիսէէն վերադարձաւ, գնաց կանգնեց Յորդանան գետի եզերքին, 14 վերցրեց Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ, խփեց ջրերին՝ ասելով. «Եղիայի Տէ՛ր Աստուած, ո՞ւր ես հիմա»: Նա խփեց ջրերին, ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ Եղիսէէն անցաւ:

15 Երբ Երիքովի մարգարէների որդիները դիմացից տեսան նրան, ասացին. «Եղիայի հոգին իջել է Եղիսէէի վրայ»: Նրանք եկան դիմաւորեցին, երկրպագեցին նրան 16 ու ասացին նրան. «Ահա մեզ՝ քո ծառաների հետ, յիսուն զօրեղ մարդիկ կան, թող գնան ու փնտռեն քո տիրոջը, գուցէ Տիրոջ հոգին նրան վերցնելով նետել է Յորդանան գետի եզերքը կամ մի լերան եւ կամ մի բլրի վրայ: Եղիսէէն ասաց. «Մի՛ ուղարկէք»: 17 Սակայն նրանք այնքան պնդեցին, որ նա ամաչեց ու ասաց. «Ուղարկեցէ՛ք»: Յիսուն հոգու ուղարկեցին, որոնք երեք օր փնտռեցին ու չգտան նրան: 18 Վերադարձան նրա մօտ, իսկ նա Երիքովում էր: Նա ասաց նրանց. «Չէ՞ որ ասացի՝ “Մի՛ գնացէք”»:

ԵՂԻՍԷԷԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԳՈՐԾԵՐԸ

19 Քաղաքի մարդիկ ասացին Եղիսէէին. «Մեր քաղաքում բնակուելը լաւ է, ինչպէս որ տեսնում ես, տէ՛ր իմ. բայց ջրերը վատ են, իսկ հողը՝ անբերրի»: 20 Եղիսէէն ասաց. «Ինձ մի նոր կո՛ւժ բերէք ու այդտե՛ղ դրէք401»: 21 Բերեցին նրա ուզածը, Եղիսէէն գնաց ջրերի ակունքը եւ այնտեղ աղ գցելով՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ եւ անբերրիութիւն չառաջանան:”» 22 Եւ այդ ջրերը մաքուր դարձան, ու այդպէս է մինչեւ այսօր, ինչպէս որ ասել էր Եղիսէէն:

23 Նա այնտեղից բարձրացաւ Բեթէլ եւ մինչ իր ճանապարհն էր գնում, քաղաքից դուրս եկան փոքրիկ երեխաներ ու ծաղրելով նրան՝ ասում էին. «Բարձրացի՛ր, ճաղա՛տ, բարձրացի՛ր, ճաղա՛տ»: 24 Երբ նա յետ դարձաւ ու տեսաւ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անուանելով յանցանքի եւ ունայնութեան որդիներ: Եւ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին: 25 Եղիսէէն այնտեղից գնաց Կարմելոս լեռը եւ ապա վերադարձաւ Սամարիա:

3

ՅՈՐԱՄԸ ԻՍՐԱՅԷԼԻ ԹԱԳԱՒՈՐ

Աքաաբի որդի Յորամը Յուդայի երկրի Յոսափատ արքայի թագաւորութեան տասնեօթներորդ տարում դարձաւ Իսրայէլի թագաւոր եւ տասներկու տարի թագաւորեց Սամարիայում: Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, բայց ո՛չ իր հօր, ո՛չ էլ իր մօր նման. նա կործանեց այն արձանները, որ իր հայրն էր կանգնեցրել: Նա, սակայն, միացաւ Նաբատի որդի Յերոբովամի գործած մեղքերին, որն Իսրայէլին մեղանչել էր տուել, եւ դրանցից չհրաժարուեց:

ՊԱՏԵՐԱԶՄ ՄՈՎԱԲԱՑԻՆԵՐԻ ԵՐԿՐԻ ԴԷՄ

Մովաբի Մոսա արքան ոչխարի հօտերի տէր էր եւ Իսրայէլի արքային հարկ էր տալիս հարիւր հազար մաքի ու հարիւր հազար նրբագեղմ խոյ:

Աքաաբի մեռնելուց յետոյ Մովաբի երկրի արքան ըմբոստացաւ Իսրայէլի արքայի դէմ: Այդ ժամանակ Յորամ արքան ելաւ Սամարիայից եւ գնաց Իսրայէլի բանակն աչքի անցկացնելու: Նա Յուդայի երկրի Յոսափատ արքայի մօտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Մովաբացիների արքան ըմբոստացել է իմ դէմ, կը գա՞ս ինձ հետ մովաբացիների դէմ պատերազմելու»: Նա ասաց. «Կ՚ելնեմ, քանզի մի ենք ես ու դու, մի են իմ ու քո զօրքը, եւ մի են իմ ու քո երիվարները»: Նա հարցրեց. «Ո՞ր ճանապարհով գնանք»: Սա պատասխանեց. «Եդոմի անապատի ճանապարհով»: Իսրայէլի արքան, Յուդայի երկրի արքան եւ Եդոմի արքան գնացին, եօթը օրուայ ճանապարհ կտրեցին, սակայն ջուր չկար ո՛չ բանակի, ո՛չ էլ իրենց հետ եղող անասունների համար:

10 Իսրայէլի արքան ասաց. «Աւա՜ղ, Տէրը պաշարել է իրար մօտ հաւաքուած երեք թագաւորներիս, որ սրանց մովաբացիների ձեռքը յանձնի»: 11 Յոսափատն ասաց. «Մի՞թէ այստեղ Տիրոջ մի մարգարէ չկայ, որ նրա միջոցով Տիրոջը հարցնենք»: Իսրայէլի արքայի ծառաներից մէկն ասաց. «Այստեղ է Սափատի որդի Եղիսէէն, որը Եղիայի ձեռքին ջուր էր ածում»: 12 Յոսափատն ասաց. «Տիրոջ խօսքը նրա հետ է»: Իսրայէլի արքան, Յուդայի երկրի Յոսափատ արքան եւ Եդոմի արքան եկան նրա մօտ: 13 Եղիսէէն ասաց Իսրայէլի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հօր ու քո մօր մարգարէների մօտ»: Իսրայէլի արքան նրան ասաց. «Մի՞թէ Տէրը երեք թագաւորներիս կանչեց, որ մեզ յանձնի մովաբացիների ձեռքը»: 14 Եղիսէէն ասաց. «Կենդանի է զօրութիւնների Տէրը, որի առջեւ կանգնած եմ. եթէ Յուդայի երկրի Յոսափատ արքայի նկատմամբ ակնածանք չունենայի, քո երեսն իսկ չպիտի նայէի: 15 Բայց արդ, բերէ՛ք ինձ մի քնարահարի»: Երբ քնարահարն սկսեց նուագել, Տիրոջ ձեռքը իջաւ Եղիսէէի վրայ: 16 Նա ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Այս հեղեղատը փոսերի՛ վերածեցէք”: 17 Այսպէս է ասում Տէրը. “Ո՛չ հողմ էք տեսնելու, ո՛չ էլ անձրեւ, սակայն այս հեղեղատը ջրով պիտի լցուի, եւ դուք, ձեր անասուններն ու ձեր գրաստները պիտի խմէք այդտեղից”: 18 Այս բոլորը դեռ չնչին բան է Տիրոջ համար: 19 Նա մովաբացիներին ձեր ձեռքն է մատնելու, դուք աւերելու էք բոլոր պարսպապատ քաղաքները, բոլոր գեղեցիկ քաղաքները, ջարդելու էք պտղատու ծառերը, խցանելու էք ջրի աղբիւրները եւ քարեր լցնելով՝ անպէտք էք դարձնելու բարեբեր դաշտերը»:

20 Առաւօտեան զոհաբերութեան ժամին Եդոմի կողմից ջրեր հոսեցին, եւ շրջակայ տարածքը լցուեց ջրով: 21 Երբ ամբողջ Մովաբի երկիրը լսեց, որ թագաւորները եկել են իրենց դէմ պատերազմելու, զէնք կրելու ի վիճակի եղող եւ նրանցից աւելի տարիքաւոր մարդիկ առաւօտ կանուխ զարթնեցին ու կանգնեցին սահմանագլխին: 22 Երբ արեւը բարձրացաւ ջրերի վրայ, ջրերի դիմաց կանգնած մովաբացիներին թուաց, թէ այդ ջրերն արեան պէս կարմիր են: 23 Նրանք ասացին. «Դա սրի թափած արիւն է, թագաւորներն իրար հետ կռուել են, ամէն մէկն իր ընկերոջն է սպանել: Հիմա, ո՜վ մովաբացիներ, գնանք աւարի»: 24 Նրանք մտան Իսրայէլի բանակատեղին, իսկ իսրայէլացիները ելան ու հալածեցին մովաբացիներին: Սրանք փախան իսրայէլացիների առջեւից, բայց իսրայէլացիները եկան ու խիստ հարուածներ հասցրին մովաբացիներին, 25 կործանեցին քաղաքները, ամէն մէկը մի քար նետեց եւ լցրեց բարեբեր դաշտերը, նրանք խցանեցին ջրի բոլոր աղբիւրները, ջարդեցին բոլոր պտղատու ծառերը: Այնտեղ մնացին միայն քանդած պատերի քարերը, որովհետեւ պարսաւորները պաշարել էին այն ու քանդել: 26 Երբ Մովաբի երկրի արքան տեսաւ, որ պատերազմը տանուլ է տալիս, իր հետ վերցրեց եօթը հարիւր սուսերակիրներ, որպէսզի ճեղքելով հասնի Եդոմի արքային, սակայն չկարողացաւ: 27 Նա իր անդրանիկ որդուն, որն իր փոխարէն պէտք է թագաւորէր, տարաւ ողջակիզեց պարսպի վրայ: Դա մեծ կսկիծ պատճառեց իսրայէլացիներին, եւ նրանք նրանցից երես դարձնելով՝ գնացին իրենց երկիրը:

4

ԵՂԻՍԷԷՆ ՕԳՆՈՒՄ Է ԽԵՂՃ ՈՐԲԵՒԱՅՐՈՒՆ

Մարգարէների որդիների կանանցից մէկը աղաղակում էր Եղիսէէին եւ ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռաւ: Դու գիտես, որ նա Տիրոջ երկիւղած ծառան էր, եւ ահա պարտատէրը եկել է, որ իմ երկու որդիներին որպէս ստրուկ տանի իր մօտ»: Եղիսէէն նրան ասաց. «Ի՞նչ անեմ քեզ: Ասա՛ ինձ, թէ ինչ կայ քո տանը»: Նա ասաց. «Քո աղախնի տանը ոչինչ չկայ, բացի այն իւղից, որով օծւում եմ»: Եղիսէէն ասաց. «Գնա՛ եւ քո բոլոր դրացիներից դատարկ ամաններ խնդրի՛ր ոչ քիչ քանակով: Ապա մտի՛ր տունդ, դռները փակի՛ր քո եւ քո որդիների վրայ, իսկ քո ունեցած իւղը լցրո՛ւ բոլոր ամանների մէջ ու լցուածը մի կո՛ղմ դիր»: Նա հեռացաւ նրա մօտից, դուռը փակեց իր եւ իր որդիների վրայ: Սրանք ամաններն էին մատուցում, իսկ նա լցնում էր, մինչեւ որ բոլոր ամանները լցուեցին: Նա ասաց իր որդիներին. «Մի աման եւս բերէ՛ք»: Նրանք ասացին. «Այլեւս աման չկայ»: Եւ իւղը դադարեց հոսելուց: Նա գնաց ու դա պատմեց Աստծու մարդուն: Եղիսէէն ասաց. «Գնա իւղը վաճառի՛ր, վճարի՛ր քո պարտքը, եւ դու ու քո որդիները մնացած իւղով կ՚ապրէք»:

ԵՂԻՍԷԷՆ ԵՒ ՍՈՄՆԱՑԻ ՀԱՐՈՒՍՏ ԿԻՆԸ

Պատահեց, որ, երբ մի օր Եղիսէէն անցնում էր Սոմնայից, մի հարուստ կին նրան կանչեց հաց ուտելու: Եղիսէէն շատ յաճախ այնտեղից անցնելիս մտնում էր այդ տունը՝ ուտելու եւ խմելու: Կինն ասաց իր ամուսնուն. «Գիտեմ, որ Աստծու մարդը սուրբ է, եւ նրա ճանապարհը մեր կողմով է անցնում: 10 Ե՛կ մի փոքրիկ վերնատուն շինենք նրա համար, այնտեղ դնենք մահիճ, սեղան, աթոռ ու աշտանակ, եւ երբ որ մեզ մօտ գայ, թող այնտեղ ապրի»: 11 Եւ ահա մի օր, երբ նա եկել էր ու մտել վերնատուն ու այդտեղ քնել, 12 ասաց իր սպասաւոր Գէեզիին. «Ինձ մօ՛տ կանչիր այդ սոմնացի կնոջը»: Նա կանչեց կնոջը, եւ սա եկաւ կանգնեց նրա առջեւ: 13 Եղիսէէն ասաց սպասաւորին. «Ասա՛ նրան. “Ահա այս ամէնը դու պատրաստել ես մեզ համար: Ի՞նչ պէտք է անել քեզ համար. գուցէ արքայի կամ զօրքի հրամանատարի մօտ պէտք է բարեխօսե՞լ քո մասին”»: Կինն ասաց. «Ես իմ ժողովրդի մէջ եմ բնակւում»: 14 Եղիսէէն ասաց. «Նրան ի՞նչ կարող ենք անել»: Իր սպասաւոր Գէեզին ասաց. «Շատ բարի, չէ՞ որ նա որդի չունի, եւ նրա ամուսինը ծեր չէ402»: 15 Եղիսէէն ասաց. «Կանչի՛ր նրան»: Գէեզին կանչեց նրան, եւ սա կանգնեց դռան առաջ: 16 Եղիսէէն ասաց նրան. «Միւս տարի այս ժամանակ, այս օրերին գրկումդ մի մանուկ կ՚ունենաս»: Կինն ասաց. «Ո՛չ, տէ՛ր, Աստծո՛ւ մարդ, մի՛ խաբիր քո աղախնին»: 17 Կինը յղիացաւ ու հետեւեալ տարին, այդ նոյն ժամանակ որդի ծնեց, որը ողջ-առողջ էր, ինչպէս նրան ասել էր Եղիսէէն: 18 Մանուկը մեծացաւ:

Մի օր տղան գնաց իր հօր, հնձողների մօտ ու ասաց իր հօրը. «Գլո՜ւխս, գլո՜ւխս»: 19 Հայրն ասաց իր ծառային. «Տա՛ր սրան իր մօր մօտ»: 20 Նա տարաւ նրան նրա մօր մօտ, իսկ երեխան մօր ծնկներին քնեց մինչեւ կէսօր ու մեռաւ: 21 Կինը վերցրեց նրան ու պառկեցնելով Աստծու մարդու անկողնում՝ դուռը փակեց նրա վրայ: 22 Նա գնաց կանչեց իր ամուսնուն եւ ասաց. «Ինձ մօ՛տ ուղարկիր քո ծառաներից մէկին ու մի էշ, որպէսզի շտապ հասնեմ Աստծու մարդու մօտ եւ վերադառնամ»: 23 Ամուսինն ասաց. «Ինչո՞ւ ես դու այսօր գնում նրա մօտ. ո՛չ նորալուսին է, ո՛չ էլ շաբաթ»: Նա ասաց. «Հանգստացի՛ր»: 24 Կինը համետեց էշը եւ ասաց իր ծառային. «Քշի՛ր ու գնա՛, մինչեւ որ ասեմ՝ “Կանգնի՛ր”: Բայց եթէ քեզ ասեմ՝ “Այստե՛ղ արի”, կը գաս: 25 Կը քշես ու կը գնաս Աստծու մարդու մօտ, Կարմելոս լեռը»: Երբ Եղիսէէն տեսաւ, որ կինը գալիս է իր մօտ, ասաց իր սպասաւոր Գէեզիին. 26 «Ահա նա այն սոմնացի կինն է: Ընդառա՛ջ գնա եւ հարցրո՛ւ. “Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ”»: Նա ասաց. «Ողջ-առողջ ենք»: 27 Ապա եկաւ Եղիսէէի մօտ, լեռը, եւ գրկեց նրա ոտքերը: Գէեզին մօտեցաւ, որ նրան յետ քաշի, բայց Եղիսէէն ասաց. «Թո՛յլ տուր նրան, որովհետեւ նրա սիրտը վշտահար է, եւ Տէրն ինձնից դա թաքցրել է, չի յայտնել ինձ»: 28 Կինն ասաց. «Մի՞թէ ես իմ տիրոջից որդի խնդրեցի, չասացի՞, թէ՝ “Մի՛ խաբիր ինձ”»: 29 Եղիսէէն ասաց Գէեզիին. «Գօտի՛ կապիր մէջքիդ, իմ ցուպը ձեռքդ վերցրո՛ւ եւ գնա՛: Եթէ որեւէ մէկին հանդիպես, բարեւ մի՛ տուր, եթէ որեւէ մէկը քեզ բարեւ տայ, մի՛ պատասխանիր, իմ ցուպը դի՛ր երեխայի երեսին»: 30 Երեխայի մայրն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»: Եղիսէէն ելաւ ու գնաց կնոջ յետեւից: 31 Գէեզին նրանցից առաջ անցաւ եւ ցուպը դրեց երեխայի երեսին, սակայն երեխան ո՛չ խօսում էր, ո՛չ լսում: Նա վերադարձաւ Եղիսէէի մօտ ու ասաց. «Երեխան վեր չի կենում»: 32 Եղիսէէն մտաւ տուն եւ տեսաւ, որ մեռած երեխան պառկած է իր մահճում: 33 Եղիսէէն տուն մտնելով՝ դուռը փակեց իրենց երկուսի վրայ, աղօթեց Տիրոջը, 34 եկաւ ընկաւ երեխայի վրայ, իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը՝ նրա աչքերին, իր ձեռքերը՝ նրա ձեռքերին, ապա կծկուեց նրա վրայ ու ջերմացրեց երեխայի մարմինը: 35 Նա շրջեց տան մէջ այս ու այն կողմ, բարձրացաւ երեխայի վրայ, եօթն անգամ ծածկեց երեխային իր մարմնով, եւ երեխան բացեց իր աչքերը: 36 Եղիսէէն աղաղակեց ու ասաց Գէեզիին. «Այստե՛ղ կանչիր սոմնացի կնոջը»: Նա կանչեց նրան, եւ կինը ներս մտաւ: 37 Եղիսէէն ասաց. «Ա՛ռ քո որդուն»: Կինը մտաւ, ընկաւ նրա ոտքերին եւ մինչեւ գետին խոնարհուեց նրա առաջ: Նա առաւ իր որդուն ու գնաց, 38 իսկ Եղիսէէն վերադարձաւ Գաղգաղա:

ԹՈՒՆԱՒՈՐՈՒԱԾ ԿԱԹՍԱՆ

Երկրում սով էր. մարգարէները նստած էին Եղիսէէի առջեւ: Եղիսէէն իր սպասաւորին ասաց. «Մեծ կաթսան կրակի՛ն դիր եւ ապո՛ւր եփիր մարգարէների համար»: 39 Նա գնաց դաշտ՝ բանջար քաղելու, գտաւ մի վայրի բոյս եւ դրանից մի ամբողջ բեռ վայրի դդում 40 քաղեց ու բերեց լցրեց ապուրի կաթսայի մէջ, բայց նա չէր իմանում403, թէ դա ինչ բոյս է: Երբ ճաշը պատրաստ էր, դրեց նրանց առաջ, որ ուտեն: Երբ սկսեցին ապուրն ուտել, նրանք աղմուկ բարձրացնելով՝ ասացին. «Մահ կայ կաթսայի մէջ, ո՜վ Աստծու մարդ»: Նրանք չկարողացան ուտել: 41 Եղիսէէն ասաց. «Ալի՛ւր առէք ու լցրէ՛ք այդ կաթսայի մէջ»: Նա ասաց իր սպասաւոր Գէեզիին. «Դի՛ր ժողովրդի առջեւ, որ ուտեն»: Եւ կաթսայի այդ ճաշը ոչ ոքի վնաս չտուեց:

ԵՂԻՍԷԷՆ ԿԵՐԱԿՐՈՒՄ Է ՀԱՐԻՒՐ ՄԱՐԴՈՒ

42 Բեթսարիսայից մի մարդ եկաւ եւ Աստծու մարդու համար մատղաշ արմտիքից պատրաստուած նկանակներ, գարեհաց ու չոր թուզ բերեց տոպրակով: 43 Եղիսէէն ասաց. «Տուէ՛ք ժողովրդին, թող ուտեն»: Նրա սպասաւորն ասաց. «Ի՞նչ ես տալիս, որ հարիւր մարդու առջեւ դնեմ»: Նա ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն, քանզի այսպէս է ասում Տէրը. “Պիտի ուտեն, եւ պիտի աւելանայ”»: 44 Ծառան դրեց նրանց առջեւ, նրանք կերան, եւ, Տիրոջ ասածի նման, մի բան էլ դեռ աւելացաւ:

5

ԲՈՐՈՏ ՆԷԵՄԱՆԻ ԲՈՒԺՈՒՄԸ

Ասորիների զօրքի հրամանատար գեղեցկադէմ Նէեմանը յարգելի մարդ էր իր տիրոջ առջեւ, քանզի նրա միջոցով էր Տէրը փրկութիւն տուել ասորիներին: Այս մարդը հզօր էր, սակայն՝ բորոտ: Ասորի զինուած կողոպտիչները յարձակուել էին եւ Իսրայէլից գերի վերցրել մի փոքրիկ աղջկայ, որը մնում էր Նէեմանի կնոջ մօտ: Աղջիկն ասաց իր տիկնոջը. «Երանի թէ իմ տէրը գնար Աստծու մարգարէի մօտ, որը Սամարիայում է, նա նրան կը բուժէր բորոտութիւնից»: Կինը գնաց եւ ասաց իր տիրոջը. «Այսպէս է խօսում իսրայէլացի աղջիկը»: Ասորիների արքան ասաց Նէեմանին. «Գնա՛, ես էլ նամակ կ՚ուղարկեմ Իսրայէլի արքային»: Սա գնաց՝ իր ձեռքին ունենալով տասը տաղանդ404 արծաթ, վեց հազար դահեկան եւ տասը ձեռք պատմուճան: Նա տարաւ Իսրայէլի արքային ուղղուած նամակը, ուր գրուած էր. «Երբ որ քեզ հասնի այս նամակը, գիտցի՛ր, որ քեզ մօտ եմ ուղարկում իմ ծառայ Նէեմանին, որպէսզի բուժես նրան իր բորոտութիւնից»: Երբ Իսրայէլի արքան ընթերցեց նամակը, իր հագուստները պատառոտելով՝ ասաց. «Միթէ ես Աստուա՞ծ եմ, որ սպանեմ կամ կենդանացնեմ. ինձ մօտ մարդ է ուղարկել բորոտութիւնից բուժելու համար: Իմացէ՛ք եւ տեսէ՛ք, որ սա պատրուակ է»:

Երբ Աստծու մարդ Եղիսէէն լսեց, թէ Իսրայէլի արքան իր հագուստներն է պատառոտել, լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Ինչո՞ւ ես պատառոտել քո հագուստները, թող Նէեմանն ինձ մօտ գայ եւ իմանայ, որ Իսրայէլում մարգարէ կայ»:

Նէեմանն եկաւ երիվարներով ու մարտակառքերով եւ կանգնեց Եղիսէէի տան դռանը: 10 Եղիսէէն մարդ ուղարկելով նրա մօտ՝ ասաց. «Գնա՛ եօթն անգամ լուացուի՛ր Յորդանան գետում, քո մարմինը կը բուժուի, եւ դու կը մաքրուես»: 11 Նէեմանը բարկացաւ եւ գնաց՝ ասելով. «Ես էլ կարծում էի, թէ գուցէ կը գայ, կը կանգնի ինձ մօտ, իր Տէր Աստծու անունը կը տայ, իր ձեռքը կը դնի հիւանդ տեղի վրայ եւ կը բուժի իմ բորոտութիւնը: 12 Մի՞թէ Դամասկոսի Նաբանա եւ Փարփարա գետերը Իսրայէլի բոլոր ջրերից աւելի լաւ չեն, ինչո՞ւ չերթամ, չլուացուեմ դրանց մէջ եւ մաքրուեմ»: Եւ վերադառնալով՝ գնաց զայրացած: 13 Նրան մօտեցան ծառաներն ու ասացին. «Հա՛յր, եթէ մարգարէն դժուար բան խնդրէր, չպէ՞տք է կատարէիր: Նա միայն ասաց՝ “Լուացուի՛ր ու կը մաքրուես”»: 14 Նէեմանն իջաւ ու եօթն անգամ թաթախուեց Յորդանան գետի մէջ, ինչպէս Եղիսէէն էր ասել, եւ նրա մարմինը դարձաւ մատղաշ երեխայի մարմնի նման. նա մաքրուեց:

15 Դրանից յետոյ նա իր ամբողջ բանակով վերադարձաւ Եղիսէէի մօտ ու կանգնելով նրա առջեւ՝ ասաց. «Հիմա համոզուեցի, որ չկայ Աստուած ամբողջ աշխարհում, այլ միայն՝ Իսրայէլում: Արդ, ընծա՛յ ընդունիր քո ծառայից»: 16 Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը. ես կանգնած եմ նրա առջեւ. ոչինչ չեմ ընդունի»: Նա ստիպեց առնել, սակայն Եղիսէէն չհամաձայնուեց: 17 Նէեմանն ասաց. «Քանի որ մերժում ես, թող քո ծառային երկու ջորու բեռ հող տան այս երկրից, որպէսզի քո ծառան այլեւս օտար աստուածներին ողջակէզ եւ զոհ չմատուցի այս բանի համար, 18 այլ միայն՝ Տիրոջը: Թող Տէրը ների քո ծառային հետեւեալի համար. երբ իմ տէր արքան մտնի Ռեմանի տունը նրան երկրպագելու, ես էլ նրա հետ երկրպագեմ Ռեմանին, քանի որ արքան յենուած է լինում իմ ձեռքին: Թող Տէրը ների քո ծառային այս բանի համար»: 19 Եղիսէէն ասաց Նէեմանին. «Գնա՛ խաղաղութեամբ»: Եւ նա գնաց նրա մօտից, Իսրայէլի երկրից:

ԳԷԵԶԻԻ ՍԽԱԼԸ

20 Սպասաւոր Գէեզին ասաց Եղիսէէին. «Իմ տէրը հրաժարուեց վերցնել ասորի Նէեմանի բերած նուէրները: Կենդանի է Տէրը. ես նրա յետեւից կը վազեմ ու մի բան կ՚առնեմ»: 21 Գէեզին վազեց Նէեմանի յետեւից, եւ երբ Նէեմանը տեսաւ, որ նա իր յետեւից է գալիս, մարտակառքից իջաւ եւ նրան ընդառաջ գնալով՝ ասաց. «Բարի՞ գործով է»: 22 Գէեզին ասաց. «Բարի գործով է: Իմ տէրն ինձ քեզ մօտ ուղարկեց՝ ասելով. “Ահա Եփրեմի լեռից ինձ մօտ եկան երկու երիտասարդ մարգարէներ: Նրանց համար տո՛ւր մի տաղանդ405 արծաթ եւ երկու ձեռք պատմուճան”»: 23 Նէեմանն ասաց. «Եթէ այդպէս է, ա՛ռ երեք տաղանդ արծաթ»: Նէեմանն ստիպեց եւ երկու պարկի մէջ երեք տաղանդ արծաթ ու երկու ձեռք պատմուճան դնելով՝ տուեց իր երկու ծառաներին, որ տանեն նրա առջեւից: 24 Երբ մի մութ տեղ հասան, նա բեռը խլեց նրանց ձեռքից ու տան մէջ դրեց, իսկ այդ մարդկանց ճանապարհ գցեց: 25 Նրանք վերադարձան: Գէեզին եկաւ կանգնեց իր տիրոջ առջեւ: Եղիսէէն հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գէեզի՛»: Գէեզին ասաց. «Քո ծառան ոչ մի տեղ չէր գնացել»: 26 Եղիսէէն նրան ասաց. «Մի՞թէ իմ սիրտը քեզ հետ չէր, երբ այդ մարդն իր մարտակառքից իջաւ քեզ դիմաւորելու: Արդարեւ, արծաթ ու հագուստներ առար՝ ձիթենիներ ու այգիներ, արջառ ու ոչխար գնելու եւ ծառաներ ու աղախիններ ունենալու համար: 27 Թող Նէեմանի բորոտութիւնը քեզ ու քո սերնդին կպչի յաւիտեան»: Եւ Գէեզին դուրս եկաւ նրա մօտից ձեան նման սպիտակած բորոտ մարմնով:

6

ԿՈՐԱԾ ԵՒ ԳՏՆՈՒԱԾ ԿԱՑԻՆԸ

Մարգարէներն ասացին Եղիսէէին. «Այս տեղը, ուր մենք բնակւում ենք, մեզ համար նեղ է, գնանք մինչեւ Յորդանան գետը եւ այնտեղ ամէն մէկս մի գերան վերցնելով՝ մեզ համար բնակութեան տեղ պատրաստենք»: Եղիսէէն ասաց. «Գնացէ՛ք»: Նրանցից մէկն ասաց. «Դու եւս քո ծառաներով ե՛կ մեզ հետ»: Նա պատասխանեց. «Կը գամ»: Եւ գնաց նրանց հետ: Հասան Յորդանան գետի եզերքը: Այնտեղ ծառ էին կտրում: Եւ ահա երբ նրանցից մէկը գերան էր կտրում, կացինը ջուրն ընկաւ: Նա բացականչելով՝ ասաց. «Ո՜հ, Տէ՛ր, ես այն փոխ էի առել»: Աստծու մարդը հարցրեց. «Ո՞ւր ընկաւ»: Նա ցոյց տուեց տեղը, եւ Եղիսէէն մի փայտ կտրելով՝ այնտեղ գցեց, ու երկաթը ջրի երեսը լողաց: Եղիսէէն ասաց. «Վերցրո՛ւ»: Նա ձեռքը մեկնեց ու վերցրեց կացինը:

ԵՂԻՍԷԷՆ ԳԵՐԵՎԱՐՈՒՄ Է ԱՍՈՐԻ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԻ

Ասորիների արքան պատերազմի մէջ էր Իսրայէլի դէմ: Նա խորհրդակցելով իր ծառաների հետ՝ ասաց. «Այսինչ տեղում թող բանակը դարան մտնի»: Եղիսէէն լուր ուղարկելով Իսրայէլի արքային՝ ասաց. «Զգո՛յշ եղիր, չլինի, թէ անցնես այսինչ տեղով, քանզի ասորիները դարան են մտել այնտեղ»: 10 Իսրայէլի արքան մարդ ուղարկեց Եղիսէէի նշած վայրը եւ դարանից զգուշացաւ ոչ միայն մէկ, այլ երկու եւ աւելի անգամ: 11 Այս բանի համար ասորիների արքան վրդովուեց եւ կանչելով իր ծառաներին՝ ասաց. «Ինձ չէ՞ք ասի, թէ ով է իմ գաղտնիքները յայտնում Իսրայէլի արքային»: 12 Ծառաներից մէկն ասաց. «Ո՛չ, տէ՛ր իմ արքայ, Իսրայէլում գտնուող Եղիսէէ մարգարէն է, որ Իսրայէլի արքային յայտնում է նոյնիսկ այն բոլոր խօսքերը, որ դու քո ննջասենեակում ես խօսում»: 13 Արքան ասաց. «Գնացէ՛ք ու տեսէ՛ք, թէ ո՛ւր է նա, որ մարդ ուղարկեմ ու բռնեմ նրան»: Յայտնեցին նրան, որ Եղիսէէն Դոթայիմում է:

14 Նա ուղարկեց մարտակառքեր, երիվարներ եւ ուժեղ զօրք: Սրանք եկան ու գիշերը պաշարեցին քաղաքը: 15 Առաւօտ կանուխ Եղիսէէն զարթնեց եւ դուրս եկաւ, որ պաշտամունք կատարի406: Նա տեսաւ, որ զօրքը երիվարներով ու մարտակառքերով պաշարել է քաղաքը: Սպասաւորը նրան ասաց. «Տէ՜ր, ի՞նչ պիտի անենք»: 16 Եղիսէէն ասաց. «Մի՛ վախեցիր, քանզի մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»: 17 Եղիսէէն աղօթք անելով՝ ասաց. «Տէ՜ր, բա՛ց սպասաւորիս աչքերը, որ տեսնի»: Տէրը բացեց նրա աչքերը, եւ նա տեսաւ, որ Եղիսէէի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղէն մարտակառքերով, որոնք եկան նրա մօտ: 18 Եղիսէէն սկսեց աղօթել Տիրոջն՝ ասելով. «Հարուածի՛ր այս ազգին, որ շիլ դառնայ»: Եւ Տէրը, ինչպէս ասել էր Եղիսէէն, հարուածեց նրանց ու շիլ դարձրեց: 19 Եղիսէէն ասաց թշնամու զօրքին. «Այս չէ ճանապարհը, եւ այս չէ քաղաքը, եկէ՛ք իմ յետեւից, եւ ես ձեզ կը տանեմ այն մարդու մօտ, որին փնտռում էք»: Նա տարաւ նրանց Սամարիա, եւ երբ մտաւ Սամարիա, ասաց Եղիսէէն. «Տէ՜ր, բա՛ց նրանց աչքերը, որ տեսնեն»: 20 Եւ Տէրը բացեց նրանց աչքերը, ու տեսան, որ իրենք Սամարիայի մէջ են:

21 Երբ Իսրայէլի արքան տեսաւ նրանց, ասաց Եղիսէէին. «Սպանե՞մ սրանց, հա՛յր իմ»: 22 Եղիսէէն ասաց. «Մի՛ սպանիր: Սպանել կարող ես նրանց, որոնց քո սրով ու աղեղով ես գերի վերցրել: Նրանց առջեւ հաց ու ջուր դի՛ր. թող ուտեն ու խմեն: Արձակի՛ր նրանց, թող գնան իրենց տիրոջ մօտ»: 23 Նրանց առաջ առատ խոտ407 դրեց: Նրանք կերան ու խմեցին: Արքան նրանց արձակեց, եւ նրանք գնացին իրենց տիրոջ մօտ: Ասորիների կողոպտիչ զօրքը այլեւս Իսրայէլի երկրի վրայ չյարձակուեց:

ՍԱՄԱՐԻԱՅԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ

24 Դրանից յետոյ Ադերի որդին՝ ասորիների արքան, հաւաքեց իր ամբողջ բանակը եւ եկաւ պաշարեց Սամարիան: 25 Սամարիայում մեծ սով եղաւ, իսկ ասորիները պաշարած պահում էին քաղաքը: Մի էշի գլուխը յիսուն սիկղ արծաթով էր ծախւում, իսկ աղաւնու կեղտի մէկ քառորդ կապիճ չափը՝ յիսունհինգ արծաթով: 26 Իսրայէլի արքան շրջում էր պարսպի վրայ: Մի կին աղաղակելով՝ ասաց նրան. «Փրկի՛ր ինձ, տէ՜ր արքայ»: 27 Արքան ասաց. «Եթէ Տէրը չի փրկում, ինչո՞վ կարող եմ ես փրկել քեզ, կալո՞վ, թէ՞ հնձանով»: 28 Արքան հարցրեց. «Քեզ ի՞նչ է պատահել»: Նա ասաց. «Այս կինն ինձ ասաց. “Տո՛ւր քո որդուն, որ այսօր ուտենք նրան, իսկ իմ որդուն վաղը կ՚ուտենք”: 29 Եփեցինք իմ որդուն ու կերանք: Յաջորդ օրն ասացի նրան. “Տո՛ւր քո որդուն, որ ուտենք”, սակայն նա թաքցրեց իր որդուն»: 30 Երբ արքան կնոջ այս խօսքերը լսեց, պատառոտեց իր հագուստները, եւ քանի որ նա դեռ շրջում էր պարսպի վրայ, ժողովուրդը տեսաւ, որ նա իր հագուստի տակից, մարմնի վրայ քուրձ էր հագել: 31 Արքան ասաց. «Թող Աստուած այսպէս ու այսպէս եւ աւելին անի ինձ, եթէ Սափատի որդի Եղիսէէի գլուխն իր վրայ մնայ այսօր»: 32 Եղիսէէն նստել էր իր տանը, ծերերի հետ: Արքան մարդ ուղարկեց նրա մօտ, եւ երբ դեռ պատգամաւորը նրա մօտ չէր հասել, Եղիսէէն ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ էք, մարդասպանի որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի: Հէնց որ հասնի պատգամաւորը, դռների մօտ բռնեցէ՛ք նրան: Չէ՞ որ նրա տիրոջ ոտնաձայնը նրա յետեւից լսւում է»: 33 Մինչ Եղիսէէն խօսում էր նրանց հետ, պատգամաւորն եկաւ նրանց մօտ եւ ասաց. «Ահա այս չարիքը Տիրոջից է. Տիրոջ վրայ էլ ի՞նչ յոյս դնեմ»:

7

Եղիսէէն ասաց. «Տիրոջ խօ՛սքը լսեցէք: Այսպէս է ասում Տէրը. “Վաղն այս ժամին Սամարիայի դարպասների մօտ մէկ գրիւ ընտիր ալիւրը մէկ սիկղ, եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ պէտք է արժենայ”»: Այն զօրապետը, որի ձեռքին յենւում էր արքան, ասաց Եղիսէէին. «Եթէ Տէրը անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թէ այդպիսի բան կարող է լինել»: Եղիսէէն ասաց. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»:

ԱՍՈՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է

Քաղաքի դարպասի մօտ կային չորս բորոտ մարդիկ: Նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ այստեղ նստենք մինչեւ մեր մահը: Եթէ ասենք՝ “Մտնենք քաղաք”, քաղաքում էլ սով է, այնտեղ էլ կը մեռնենք. եթէ այստեղ նստած մնանք, էլի կը մեռնենք: Արի՛ գնանք ասորիների բանակը: Եթէ մեզ ողջ թողնեն, կ՚ապրենք, իսկ եթէ սպանեն մեզ, թող մեռնենք»: Նրանք մթնշաղին վեր կացան, որպէսզի ասորիների բանակը մտնեն: Նրանք հասան ասորիների բանակատեղին, սակայն այստեղ մարդ չկար: Տէրն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ եւ մեծ զօրքի աղաղակ լսել տուեց, եւ նրանք իրար ասացին. «Իսրայէլի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագաւորներին, որպէսզի մեզ վրայ յարձակուեն»: Եւ նրանք ելան ու մթութեան մէջ փախան՝ թողնելով իրենց բանակատեղիի վրանները, ձիերն ու էշերը, ինչպէս որ կային: Նրանք մազապուրծ փախան: Բորոտները հասան մինչեւ բանակատեղիի եզրը, մի վրան մտան, կերան ու խմեցին, վերցրին արծաթ, ոսկի ու հագուստներ, գնացին եւ տարան թաքցրին դրանք: Մի այլ վրան մտան եւ այնտեղից էլ վերցրին ու տարան թաքցրին: Նրանք ասացին իրար. «Ճիշտ չէ մեր արածը, այսօր աւետեաց օր է, իսկ մենք լռո՞ւմ ենք: Մինչեւ առաւօ՞տ սպասենք, որ մեր անօրէնութեան պատիժը կրենք: Եկէ՛ք գնանք թագաւորի մօտ եւ այս ամէնը յայտնենք նրան»: 10 Նրանք գնացին, ձայն տուեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսւում, միայն ձիեր ու էշեր էին կապուած, իսկ վրանները մնում էին, ինչպէս որ կային»: 11 Դռան պահապանները ձայն տուեցին եւ այդ լուրը հասցրին թագաւորի տուն:

12 Արքան գիշերով ելաւ եւ ասաց իր ծառաներին. «Հիմա ասեմ ձեզ, թէ ասորիները մեզ ինչ են արել: Գիտենալով, որ սոված ենք, ելել են բանակատեղիից եւ թաքնուել բաց դաշտում՝ մտածելով, որ թերեւս քաղաքից դուրս կը գանք, մեզ կենդանի կը բռնեն, կը մտնեն քաղաքը եւ ապա դուրս կը գան»: 13 Նրա ծառաներից մէկն ասաց. «Թող մարդիկ Իսրայէլի մէջ փոքր քանակով մնացած ձիերից հինգը վերցնեն, գնանք ու հետախուզենք այնտեղ»: 14 Արքան երկու ձիաւոր ուղարկեց ասորիների արքայի բանակատեղի՝ ասելով. «Գնացէ՛ք ու հետախուզեցէ՛ք»: 15 Սրանք գնացին նրանց հետքերով մինչեւ Յորդանան գետը եւ տեսան, որ ամբողջ ճանապարհը լի է հագուստներով եւ իրերով, որ խուճապահար փախչելիս նետել էին ասորիները: Հետախոյզները վերադարձան ու պատմեցին արքային:

16 Ժողովուրդը եկաւ եւ կողոպտեց ասորիների բանակատեղին: Մէկ գրիւ ընտիր ալիւրը արժեց մէկ սիկղ, իսկ երկու գրիւ գարին՝ մէկ սիկղ, ինչպէս ասել էր Տէրը: 17 Արքան դռան առջեւ հսկիչ կարգեց այն զօրապետին, որի ձեռքին յենւում էր ինքը պաշտամունքի ժամանակ: Ժողովուրդը դռան մօտ այնքան կոխոտեց նրան, որ նա մեռաւ, ինչպէս ասել էր Աստծու մարդը, երբոր պատգամաւորը նրա մօտ էր եկել: 18 Եղաւ այնպէս, ինչպէս Եղիսէէն ասել էր արքային. «Վաղն այս ժամին Սամարիայի դարպասների մօտ երկու գրիւ գարին մի սիկղ կը լինի, եւ մէկ գրիւ ընտիր ալիւրը՝ մի սիկղ»: 19 Իսկ զօրապետը պատասխանել էր Եղիսէէին. «Տէրը եթէ անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թէ այդպիսի բան կարող է լինել»: 20 Այդ ժամանակ Եղիսէէն ասել էր. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»: 21 Այդպէս էլ եղաւ. եւ ժողովուրդը կոխոտեց նրան դռան առաջ, ու նա մեռաւ:

8

ՍՈՄՆԱՑԻ ԿՆՈՋ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱՒԱՐՏԸ

Եղիսէէն, խօսելով այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, ասաց. «Վե՛ր կացէք գնացէ՛ք դու եւ քո տնեցիները, եղէ՛ք պանդուխտ այնտեղ, որտեղ կարող էք ապրել, քանզի Տէրը սով է ուղարկելու երկրի վրայ. դա արդէն եկել է եւ եօթը տարի է տեւելու երկրի վրայ»: Կինը վեր կացաւ եւ արեց այնպէս, ինչպէս Եղիսէէն էր ասել. ինքն ու տնեցիները գնացին եւ եօթը տարի պանդուխտ մնացին այլազգիների երկրում:

Եօթը տարին լրանալուց յետոյ կինը վերադարձաւ այլազգիների երկրից եւ իր տան ու արտերի համար բողոքի գնաց արքայի մօտ:

Թագաւորը խօսելով Աստծու մարդ Եղիսէէի սպասաւոր Գէեզիի հետ՝ ասաց. «Պատմի՛ր ինձ Եղիսէէի կատարած բոլոր մեծամեծ գործերը»: Երբ նա պատմում էր արքային, թէ ինչպէս էր Եղիսէէն կենդանացրել մեռեալ որդուն, առաջ եկաւ այդ կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսէէն, եւ արքային ասաց իր տան եւ արտերի մասին: Գէեզին ասաց. «Տէ՜ր արքայ, այս է այդ կինը, եւ այս էլ՝ նրա որդին, որին Եղիսէէն կենդանացրեց»: Արքան հարցեր տուեց կնոջը, եւ նա պատմեց նրան: Թագաւորը տուեց նրան մի ներքինի եւ ասաց. «Վերադարձրո՛ւ նրան նրա ամբողջ ունեցուածքը եւ արտերի այն ամբողջ բերքը, որ ստացուել է նրա պանդխտութեան առաջին օրից մինչեւ այսօր:

ԵՂԻՍԷԷՆ ԵՒ ԱԶԱՅԷԼԸ

Եղիսէէն եկաւ Դամասկոս: Ասորիների արքան՝ Ադերի որդին, հիւանդացել էր: Նրան այդ մասին յայտնելով՝ ասացին. «Աստծու մարդն այստեղ է եկել»: Արքան ասաց Ազայէլին. «Մի ընծա՛յ վերցրու, գնա՛ Աստծու մարդու մօտ, նրա միջոցով Տիրոջը հարցրո՛ւ, թէ կը բուժուե՞մ արդեօք իմ այս հիւանդութիւնից»: Ազայէլը վերցրեց ընծան եւ Դամասկոսի բոլոր բարիքները քառասուն ուղտի վրայ բարձելով՝ գնաց նրան ընդառաջ: Նա կանգնելով նրա առջեւ՝ ասաց. «Ո՜վ հայր Եղիսէէ, քո որդին, ասորիների արքայ Ադերի որդին, ինձ քեզ մօտ է ուղարկել՝ ասելով, թէ՝ “Արդեօք կը բուժուե՞մ իմ այս հիւանդութիւնից”»: 10 Եղիսէէն ասաց նրան. «Գնա ասա՛, որ կ՚ապրի, սակայն Տէրն ինձ ցոյց է տուել, որ կը մեռնի»: 11 Մարգարէի հայեացքը դարձաւ սեւեռուն, դէմքը՝ լարուած, եւ Աստծու մարդը լաց եղաւ: 12 Ազայէլը հարցրեց. «Ինչո՞ւ ես լալիս, տէ՛ր իմ»: Եղիսէէն ասաց. «Գիտեմ, թէ իսրայէլացիների դէմ ինչ չարիքներ ես գործելու. նրանց ամրոցները հրով պիտի այրես, քաջ մարդկանց սրով պիտի կոտորես, նրանց տղաներին պիտի ոչնչացնես, յղիների փորը պիտի պատռես»: 13 Ազայէլն ասաց. «Քո ծառան ի՞նչ շուն է, որ այդ բաներն անի»: Եղիսէէն ասաց. «Տէրն ինձ յայտնեց, որ դո՛ւ պիտի թագաւորես ասորիների վրայ»: 14 Ազայէլը գնաց Եղիսէէի մօտից եւ մտաւ իր տիրոջ մօտ: Սա հարցրեց նրան. «Ի՞նչ ասաց Եղիսէէն»: Նա պատասխանեց. «Ինձ ասաց, թէ՝ “Անպայման կ՚ապրես”»: 15 Հետեւեալ օրը նա մի սաւան առաւ, ջրով թրջեց, փռեց իր երեսին ու մեռաւ:

Նրա փոխարէն թագաւորեց Ազայէլը:

ՅՈՐԱՄԸ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՒՈՐ

(Բ Մնաց. 21.1-20)

16 Իսրայէլի արքայ Աքաաբի որդի Յորամի թագաւորութեան հինգերորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի Յոսափատ արքայի որդի Յորամը: 17 Երբ նա գահ բարձրացաւ, երեսուներկու տարեկան էր եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում: 18 Նա ընթացաւ Իսրայէլի թագաւորների ճանապարհով, ինչպէս արել էր Աքաաբի տոհմը, քանզի Աքաաբի դուստրը նրա կինն էր: Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, 19 սակայն Տէրը չկամեցաւ ոչնչացնել Յուդայի երկիրը իր ծառայ Դաւթի սիրուն, որովհետեւ նրան խոստացել էր, որ թէ՛ նրան, թէ՛ նրա սերնդին միշտ ճրագ՝ թագաւորութիւն կը տայ:

20 Նրա օրօք Եդոմն ազատագրուեց Յուդայի երկրից եւ իր համար առանձին մի թագաւոր օծեց: 21 Յորամն իր բոլոր մարտակառքերով եկաւ Սիոր եւ առաւօտեան, լոյսը չբացուած, յարձակուեց եդոմացիների վրայ (որոնք իրեն շրջապատել էին), ինչպէս նաեւ նրա մարտակառքերի զօրավարների վրայ: 22 Զինուորները փախան՝ ամէն մէկն իր վրանը: Եդոմը անջատ մնաց Յուդայի երկրից: Եւ այդպէս է մինչեւ այսօր: Այդ ժամանակ ապստամբեց նաեւ Լոբնան: 23 Յորամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ:

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՕՔՈԶԻԱ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց. 22.1-6)

24 Յորամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր հայրերի մօտ, իր նախնի Դաւթի քաղաքում, եւ նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Օքոզիան: 25 Իսրայէլի արքայ Աքաաբի որդի Յորամի թագաւորութեան տասներկուերորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիան: 26 Երբ Օքոզիան թագաւոր դարձաւ, քսաներկու տարեկան էր: Նա մէկ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մայրը Իսրայէլի Ամրի արքայի դուստր Գոթողիան էր: 27 Նա ընթացաւ Աքաաբի տոհմի ճանապարհով, չարիք գործեց Տիրոջ առջեւ, ինչպէս Աքաաբի տունն էր արել, որովհետեւ նա Աքաաբի տան փեսան էր: 28 Նա Աքաաբի որդի Յորամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելու, սակայն ասորիները խոցեցին Յորամին: 29 Յորամ արքան վերադարձաւ, որպէսզի Յեզրայէլում բուժուի այն վէրքերից, որ ասորիները հասցրել էին Ռամաթում ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելու ժամանակ: Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիան եկաւ Յեզրայէլ Աքաաբի որդի Յորամի տեսութեան, որովհետեւ սա հիւանդացել էր:

9

ՅԷՈՒՆ ԻՍՐԱՅԷԼԻ ԹԱԳԱՒՈՐ

Եղիսէէ մարգարէն կանչելով մի երիտասարդ մարգարէի՝ ասաց նրան. «Գօտի՛ կապիր մէջքիդ, իւղի այս սրուակը ձեռքդ վերցրո՛ւ, գնա մտի՛ր Գաղաադի Ռամաթ քաղաքը, ու երբ տեսնես Ամեսիի որդի Յոսափատի որդի Յէուին, կանչի՛ր նրան իր եղբայրների միջից, նրան մի ներքնասենեակ տա՛ր եւ այս սրուակի իւղը նրա գլխին թափելով՝ ասա՛. “Այսպէս է ասում Տէրը. քեզ Իսրայէլի թագաւոր օծեցի”: Ապա դուռը բա՛ց արա, էլ մի՛ սպասիր, փախի՛ր»: Երիտասարդ մարգարէն գնաց մտաւ Գաղաադի Ռամաթ քաղաքը եւ տեսաւ, որ զօրքի իշխանները նստած են: Նա ասաց. «Ո՜վ իշխան, խօսք ունեմ քեզ ասելու»: Յէուն ասաց. «Մեզնից ո՞ւմ»: Մարգարէն ասաց. «Քե՛զ, ո՜վ իշխան»: Յէուն եկաւ ու մտաւ սենեակը: Նա իւղը թափելով նրա գլխին՝ ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Քեզ Տիրոջ ժողովրդի՝ Իսրայէլի թագաւոր օծեցի, որպէսզի վերացնես քո տիրոջ՝ Աքաաբի տունը քո միջից եւ իմ ծառայ մարգարէների ու Տիրոջ բոլոր ծառաների արեան վրէժը լուծես Յեզաբէլից ու նրա ամբողջ տնից, Աքաաբի տնից ոչնչացնես բոլոր պատին միզողներին, Իսրայէլում կապուած ու ազատ մարդկանց, որպէսզի ես Աքաաբի տունը Նաբատի որդի Յերոբովամի տան եւ Աքիայի որդի Բաասայի տան նման դարձնեմ: 10 Յեզաբէլին Յեզրայէլի դաշտերի մէջ շները պիտի ուտեն, քանի որ մարդ չպիտի գտնուի, որ թաղի նրան”»:

11 Ապա նա դուռը բացեց ու փախաւ: Յէուն եկաւ իր տիրոջ ծառաների մօտ, որոնք հարցրին նրան. «Բարի՞ լուր է. այս անմիտն ինչո՞ւ էր եկել քեզ մօտ»: Նա ասաց նրանց. «Դուք արդէն գիտէք այդ մարդուն եւ նրա բարբաջանքները»: 12 Նրանք ասացին. «Ճիշտ չէ, պատմի՛ր մեզ»: Յէուն նրանց ասաց. «Այսպէս ու այսպէս ասաց ինձ. “Այսպէս է ասում Տէրը. քեզ Իսրայէլի թագաւոր օծեցի”»: 13 Երբ այդ լսեցին, ամէն մէկն շտապեց իր բաճկոնն առնել եւ աստիճանների գլխին, ուր նստում էին, դրեց նրա տակը: Եղջերափող հնչեցնելով՝ նրանք ասացին. «Յէուն թագաւոր դարձաւ»:

ՅԷՈՒՆ ԴԱՒԱԴՐՈՒԹԻՒՆ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՅՈՐԱՄ ԹԱԳԱՒՈՐԻ ԴԷՄ

14 Ամեսսիայի որդի Յոսափատի որդի Յէուն գլուխ բարձրացրեց Յորամի դէմ, իսկ Յորամը բոլոր իսրայէլացիների հետ ասորիների արքայ Ազայէլից Գաղաադի Ռամաթ քաղաքն էր պաշտպանում: 15 Յորամ արքան ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելու ընթացքում ասորիների հասցրած վէրքերից բուժուելու համար եկել էր Յեզրայէլ: Յէուն ասաց. «Եթէ հոգով դուք ինձ հետ էք, ապա թող ոչ ոք գաղտնի կերպով դուրս չգայ քաղաքից, որ գնայ այս բանը յայտնի Յեզրայէլում»: 16 Յէուն ձի հեծաւ ու գնաց Յեզրայէլ, ուր Իսրայէլի Յորամ արքան բուժւում էր նետերի վէրքերից, որ նա ստացել էր Ռամաթում ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելիս: Նա զօրաւոր եւ հզօր մարդ էր եւ այնտեղ էր պառկել: Յուդայի երկրի արքայ Օքոզիան եկել էր տեսնելու Յորամին: 17 Յեզրայէլում մի պահակ աշտարակի վրայ ելաւ ու փոշի տեսաւ, որ Յէուի գալուց էր բարձրանում: Նա ասաց. «Ես փոշի եմ տեսնում»: Յորամն ասաց. «Մի հեծեալ վերցրո՛ւ, նրան ընդառա՛ջ ուղարկիր, եւ նա թող հարցնի, թէ խաղա՞ղ նպատակով է գալիս»: 18 Հեծեալը գնաց նրան ընդառաջ եւ ասաց. «Արքան այսպէս է ասում. “Արդեօք խաղա՞ղ նպատակով ես գալիս”»: Յէուն ասաց նրան. «Քո ինչի՞ն է պէտք խաղաղութիւնը, հետեւի՛ր ինձ:» Աշտարակի պահակն այդ բանը հաղորդելով՝ ասաց. «Սուրհանդակը հասել է նրանց, բայց չի վերադառնում»: 19 Արքան երկրորդ հեծեալին ուղարկեց, որն ասաց. «Այսպէս է հարցնում արքան, թէ՝ “Արդեօք խաղա՞ղ նպատակով ես գալիս”»: Յէուն ասաց. «Քո ինչի՞ն է պէտք խաղաղութիւնը, հետեւի՛ր ինձ»: 20 Աշտարակի պահակն այդ բանը հաղորդելով՝ ասաց. «Սուրհանդակը հասել է նրանց մօտ, բայց չի վերադառնում: Նրա ձի վարելը Ամեսսիայի որդի Յէուի ձի վարելուն նման է, որովհետեւ կատաղօրէն է քշում»: 21 Յորամն ասաց. «Կառքը լծի՛ր»: Մարտակառքերը լծեցին, եւ Իսրայէլի արքայ Յորամն ու Յուդայի երկրի արքայ Օքոզիան, ամէն մէկն իր մարտակառքը նստած՝ գնացին Յէուին ընդառաջ եւ նրան հասան Նաբոթ Յեզրայէլացու կալուածքում:

ԻՍՐԱՅԷԼԻ ՅՈՐԱՄ ԱՐՔԱՅԻ ՄԱՀԸ

22 Երբ Յորամը տեսաւ Յէուին, ասաց. «Խաղա՞ղ նպատակով ես գալիս, Յէո՛ւ»: Յէուն ասաց. «Ի՞նչ խաղաղութիւն, երբ քո մայր Յեզաբէլի պոռնկութիւններն ու կախարդութիւնները շատանում են»: 23 Յորամը սանձերը շուռ տալով՝ փախաւ եւ ասաց Օքոզիային. «Դաւադրութիւն է, Օքոզիա՛»: 24 Յէուն քաշեց աղեղը, հարուածեց Յորամի թիկունքի մէջտեղը, նետը մտաւ նրա սիրտը, եւ նա ընկաւ իր ծնկների վրայ: 25 Յէուն ասաց իր զինակիր Բադեկարին. «Սրան գցի՛ր Նաբոթ Յեզրայէլացու կալուածքի մի արտը, քանզի յիշում եմ, որ, երբ ես ու դու դրա հայր Աքաաբի յետեւից ձի հեծած կողք-կողքի գնում էինք, Տէրը նրա նկատմամբ այս վճիռը տուեց. 26 “Ես, - ասաց Տէրը, - երէկ տեսայ Նաբոթի ու նրա որդիների արիւնը. դրա համար ես քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”: Արդ, վերցրո՛ւ նրան ու նետի՛ր այդ արտը, ինչպէս ասել է Տէրը»:

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՕՔՈԶԻԱ ԹԱԳԱՒՈՐԻ ՄԱՀԸ

27 Յուդայի երկրի արքայ Օքոզիան, տեսնելով այդ, փախաւ Բեթանգան տանող ճանապարհով, բայց Յէուն հետապնդելով նրան՝ ասաց. «Ապա, դրա՛ն էլ սպանիր»: Եւ նա նրան խոցեց մարտակառքում, երբ սա բարձրանում էր Բերայի, այսինքն՝ Յեբլաամի զառիվերը: Նա փախաւ Մակեդդով եւ այնտեղ մեռաւ: 28 Ծառաները նրան տարան Երուսաղէմ եւ այնտեղ թաղեցին իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում:

29 Իսրայէլի արքայ Յորամի թագաւորութեան տասնմէկերորդ տարում էր թագաւորել Օքոզիան Յուդայի երկրի վրայ:

ՅԵԶԱԲԷԼ ԹԱԳՈՒՀՈՒ ՄԱՀԸ

30 Յէուն եկաւ Յեզրայէլ:

Յեզաբէլն այդ լսելով՝ իր աչքերին ծարիր քսեց, իր գլուխը զարդարեց ու նայեց պատուհանից դուրս: 31 Երբ Յէուն քաղաք էր մտնում, նա ասաց. «Մի՞թէ տիրասպան Զամբրին խաղաղութեամբ է գալիս»: 32 Յէուն իր գլուխը բարձրացնելով դէպի պատուհանը՝ ասաց. «Ո՞վ ես դու, իջի՛ր ինձ մօտ»: Երկու ներքինիներ կռացան ու ցած նայեցին, 33 եւ Յէուն ասաց նրանց. «Ցա՛ծ գցեցէք սրան»: Ցած նետեցին այդ կնոջը. նրա արիւնը պատերի ու ձիերի վրայ ցայտեց, եւ ձիերը ոտքի կոխան արեցին նրան: 34 Յէուն մտաւ ներս եւ ուտելուց ու խմելուց յետոյ ասաց. «Վերցրէ՛ք այդ անիծեալին ու թաղեցէ՛ք նրան, քանզի թագաւորի դուստր է»: 35 Գնացին նրան թաղելու, սակայն նրանից ոչինչ չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքերից, 36 եւ վերադառնալով՝ այդ մասին յայտնեցին Յէուին: Նա ասաց. «Իրականացաւ Տիրոջ այն խօսքը, որ ասուել էր Եղիա Թեզբացու բերանով, թէ՝ “Յեզրայէլի կալուածքում շներն ուտելու են Յեզաբէլի մարմինը, 37 Յեզաբէլի դիակը այդ կալուածքի հողի երեսին լինելու է իբրեւ աղբ, այնպէս որ ոչ ոք չկարողանայ ասել, թէ՝ ‘Սա է Յեզաբէլը’”»:

10

ԱՔԱԱԲԻ ՍԵՐՆԴԻ ԿՈՏՈՐԱԾԸ

Աքաաբը Սամարիայում եօթանասուն որդի ունէր: Յէուն նամակ գրեց եւ ուղարկեց Սամարիա նրա իշխաններին, ծերերին եւ Աքաաբի որդիների դաստիարակներին: Այդտեղ ասուած էր. «Երբ ձեզ հասնի այս նամակը, քանի որ ձեզ մօտ են ձեր տիրոջ որդիները, եւ դուք ունէք մարտակառքեր ու երիվարներ, ամրապատ քաղաքներ ու զէնքեր, ապա ձեր տիրոջ որդիներից, որին որ արժանի ու յարմար տեսնէք, նրան նստեցրէ՛ք իր հօր գահին եւ պատերազմեցէ՛ք ձեր տիրոջ տան համար»: Նրանք շատ վախեցան ու ասացին. «Երկու թագաւոր չկարողացան նրա դէմ կանգնել, մենք ինչպէ՞ս դէմ կանգնենք»: Ուստի թագաւորական տան ու քաղաքի վերակացուները, ծերերն ու դաստիարակները մարդ ուղարկեցին Յէուի մօտ՝ ասելով. «Մենք քո ստրուկներն ենք, եւ մեզ ինչ որ հրամայես, կ՚անենք, ոչ ոքի թագաւոր չենք նստեցնի, եւ ինչ որ լաւ է քեզ համար, այն կ՚անենք»:

Նա մի երկրորդ նամակ գրեց նրանց՝ ասելով. «Եթէ դուք ինձ էք պատկանում եւ իմ ձայնին հնազանդ էք, ապա ձեր տիրոջ որդիների գլուխները կտրեցէ՛ք եւ վաղն այս ժամին բերէ՛ք ինձ մօտ, Յեզրայէլ»: Արքայի որդիները եօթանասուն հոգի էին, եւ քաղաքի ազդեցիկ մարդիկ էին նրանց դաստիարակում: Երբ նամակը նրանց հասաւ, բռնեցին արքայի որդիներին, եօթանասունին էլ սպանեցին եւ նրանց գլուխները կողովների մէջ դնելով՝ ուղարկեցին նրա մօտ, Յեզրայէլ: Սուրհանդակն եկաւ ու Յէուին ասաց. «Արքայի որդիների գլուխները բերել են»: Նա ասաց. «Դրանք երկու կոյտ անելով՝ դրէ՛ք քաղաքից դուրս մինչեւ առաւօտ»: Առաւօտեան նա ելաւ կանգնեց եւ ասաց ամբողջ ժողովրդին. «Դուք մեղաւոր չէք, ես եմ գլուխ բարձրացրել իմ տիրոջ դէմ, եւ ես եմ սպանել նրան, բայց տեսէ՛ք, սրանց հիմա ո՞վ է կոտորել: 10 Որպէսզի Աքաաբի մասին Տիրոջ ասած խօսքն իրականանայ, Տէրը կատարեց այն, ինչ ասել էր իր ծառայ Եղիայի միջոցով»: 11 Եւ Յէուն կոտորեց Աքաաբի տնից Յեզրայէլում մնացած բոլոր մարդկանց, նրա բոլոր մեծամեծներին, հարազատներին, քրմերին, այնպէս որ նրանցից ոչ մէկին կենդանի չթողեց:

ՕՔՈԶԻԱՅԻ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ

12 Դրանից յետոյ Յէուն ելաւ գնաց Սամարիա: Երբ ճանապարհին նա հասաւ հովիւների կացարանին, 13 Յէուն հանդիպեց Յուդայի երկրի Օքոզիա արքայի եղբայրներին, որոնց ասաց. «Ովքե՞ր էք դուք»: Նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, եկել ենք արքայի ու նրա ազգականների408 որդիներին ողջունելու»: 14 Յէուն ասաց. «Սրանց կենդանի՛ բռնեցէք»: Նրանց կենդանի բռնեցին ու հովիւների կացարանի մօտ կոտորեցին այդ քառասուներկու հոգուն, եւ նրանցից ոչ ոք կենդանի չմնաց:

15 Յէուն գնաց այնտեղից եւ հանդիպեց իրեն ընդառաջ եկող Ռեքաբի որդի Յոնադաբին: Նա նրան բարեւեց ու ասաց. «Արդեօք քո սիրտը հաւատարի՞մ է, ինչպէս իմ սիրտն է հաւատարիմ քո նկատմամբ»: Յոնադաբն ասաց. «Հաւատարիմ է»: Յէուն ասաց. «Եթէ այդպէս է, ձեռքդ ի՛նձ տուր»: Սա տուեց իր ձեռքը, եւ նա նրան իր մօտ՝ մարտակառքի վրայ բարձրացրեց: 16 Նա ասաց նրան. «Արի՛ ինձ հետ ու Տիրոջ հանդէպ ունեցած նախանձախնդրութիւնս տե՛ս»: Եւ նա նրան նստեցրեց իր մարտակառքը: 17 Նա մտաւ Սամարիա եւ այնտեղ Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց, մինչեւ որ նրանց բնաջնջեց, ինչպէս Տէրն ասել էր Եղիային:

ՅԷՈՒՆ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ԲԱՀԱՂԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ

18 Յէուն հաւաքեց ամբողջ ժողովրդին եւ նրանց ասաց. «Աքաաբը Բահաղին քիչ ծառայութիւն մատուցեց, իսկ Յէուն շատ ծառայութիւններ պիտի մատուցի: 19 Արդ, Բահաղի բոլոր մարգարէներին, նրա ծառաներին ու քրմերին ինձ մօ՛տ կանչեցէք. թող ոչ ոք չբացակայի, քանզի Բահաղին մեծ զոհ եմ մատուցելու: Ով բացակայի, իմ ձեռքից չի փրկուի»: Յէուն խաբէութիւն արեց, որպէսզի Բահաղի ծառաներին կորստեան մատնի: 20 Յէուն ասաց. «Բահաղի համար սրբազան զոհաբերութիւն պատրաստեցէ՛ք»: 21 Այդ բանը հաղորդեցին բոլորին: Յէուն Իսրայէլի բոլոր կողմերը մարդ ուղարկեց, Բահաղին պաշտող բոլոր մարդիկ եկան, չներկայացող մարդ չմնաց: Սրանք մտան Բահաղի մեհեանը, եւ մեհեանը բերնէբերան լցուեց: 22 Յէուն ասաց սեղանի409 վերակացուներին. «Հանեցէ՛ք Բահաղին ծառայողների պատմուճանները»: Եւ նրանք հանեցին նրանց պատմուճանները: 23 Յէուն եւ Ռեքաբի որդի Յոնադաբը մտան Բահաղի մեհեանը: Նրանք ասացին Բահաղին պաշտողներին. «Որոնեցէ՛ք եւ տեսէ՛ք, թէ արդեօք այստեղ ձեզ հետ չկա՞ն Տիրոջը պաշտողներ, այստեղ միայն Բահաղին ծառայողներ պէտք է լինեն»: 24 Յէուն մտաւ խունկ ծխելու եւ ողջակէզներ մատուցելու, իսկ դրսում երեք հարիւր ութսուն մարդ կանգնեցնելով՝ ասաց նրանց. «Եթէ ձեզնից որեւէ մէկը կենդանի թողնի նրան, ում ես կը յանձնեմ ձեր ձեռքը, իր կեանքով կը հատուցի այդ մարդու փոխարէն»: 25 Երբ Յէուն ողջակէզները կատարեց վերջացրեց, ասաց հետեւակ ու սպառազէն զինուորներին. «Մտէք կոտորեցէ՛ք նրանց, նրանցից ոչ ոք թող դուրս չգայ»: Հետեւակ ու սպառազէն զինուորները նրանց սրակոտոր արեցին, նրանց մարմինները դուրս շպրտեցին, ապա գնացին քաղաք, ուր գտնւում էր Բահաղի մեհեանը, 26 Բահաղի մեհեանի արձանը հանեցին եւ այրեցին այն: 27 Նրանք կործանեցին Բահաղի արձանները, քանդեցին Բահաղի մեհեանը եւ այն արտաքնոց դարձրին, ինչպէս որ է մինչեւ այսօր: 28 Այսպիսով Յէուն Բահաղ աստծուն վերացրեց Իսրայէլից: 29 Յէուն, սակայն, Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից, այսինքն՝ Բեթէլի ու Դանի ոսկէ երինջներից չհրաժարուեց: 30 Տէրն ասաց Յէուին. «Քանի որ քաջութիւն ունեցար Աքաաբի որդիների նկատմամբ անելու այն, ինչ իմ սրտում էր, ուստի քո յետնորդները մինչեւ չորրորդ սերունդ նստելու են Իսրայէլի գահին»: 31 Յէուն, սակայն, ամբողջ հոգով Իսրայէլի Տէր Աստծու օրէնքով ընթանալու ջանադիր չեղաւ, Իսրայէլին մեղանչել տուող Յերոբովամի մեղքերից զերծ չմնաց:

ՅԷՈՒԻ ՄԱՀԸ

32 Այդ օրերին Տէրն սկսեց կոտորակել Իսրայէլի բոլոր սահմանները, իսկ Ազայէլը նրանց կոտորեց Իսրայէլի բոլոր սահմաններում, 33 Յորդանան գետից արեւելք գտնուող ամբողջ Գաղաադի, Գադի, Ռուբէնի ու Մանասէի երկրներում, Առնոնի ձորի եզրին գտնուող Արոյերից մինչեւ Գաղաադ ու Բասան: 34 Յէուի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, նրա բոլոր քաջագործութիւնները, մղած պատերազմները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ:

35 Յէուն գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին Սամարիայում: Նրա փոխարէն թագաւորեց նրա որդի Յովաքազը: 36 Յէուն Սամարիայում Իսրայէլի վրայ թագաւորեց քսանութ տարի:

11

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԳՈԹՈՂԻԱ ԹԱԳՈՒՀԻՆ

(Բ Մնաց., 22.10-23.15)

Օքոզիայի մայր Գոթողիան երբ տեսաւ իր որդիների մահը, կոտորեց ամբողջ թագաւորական սերունդը, բայց Յորամ արքայի դուստրը, Օքոզիայի քոյր Յոսաբէէն Օքոզիայի որդի Յովասին վերցրեց արքայի սպանուած որդիների միջից եւ նրան ու նրա դայեակին Գոթողիայից փախցնելով՝ թաքցրեց ննջասենեակում: Յովասը փրկուեց: Նա նրա հետ վեց տարի Տիրոջ տանը թաքնուեց, երբ Գոթողիան թագաւորում էր երկրում:

Եօթներորդ տարում Յովիդայէն մարդ ուղարկեց, կանչեց հարիւրապետներին, թիկնապահներին ու սուրհանդակ զինուորներին, նրանց բերեց Տիրոջ տունն ու նրանց Տիրոջ անունով երդուեցնելով՝ ցոյց տուեց նրանց արքայի որդի Յովիդայէին: Նա պատուիրելով նրանց՝ ասաց. «Ձեր անելիքն այս է. ձեր մէկ երրորդ մասը շաբաթ օրը թող պահպանի արքունի տան դուռը, միւս մէկ երրորդ մասը ճանապարհների դարպասը պահպանի, իսկ մնացած մէկ երրորդ մասը՝ սուրհանդակ զինուորների յետեւի դուռը: Այսպիսով ամբողջ տունը պէտք է հսկողութեան տակ առնուի: Երեք խմբերից երկուսը, այսինքն՝ շաբաթ օրը Տիրոջ տունը եւ արքայի շուրջը պահպանութիւն անողները, զէնքերը ձեռքներին արքայի չորս կողմը թող պահպանեն, եւ ովքեր այդ շրջանից ներս մտնեն, թող սպանուեն: Եւ նրանք թագաւորի հետ են լինելու նրա ելումուտ անելու ամբողջ ժամանակ»:

Հարիւրապետներն արեցին այն, ինչ իմաստուն Յովիդայէն պատուիրել էր. ամէն մէկն առաւ իր մարդկանց՝ թէ՛ նրանց, որոնք շաբաթ օրը պահպանութիւն անելու էին կոչուած եւ թէ՛ նրանց, որոնք այդ օրը վերջացրել էին իրենց ծառայութիւնը, եւ եկաւ Յովիդայէ քահանայի մօտ: 10 Քահանան Դաւիթ արքայի՝ Տիրոջ տանը գտնուող գեղարդներն ու զէնքերը տուեց հարիւրապետներին: 11 Հետեւակ զինուորներն եկան ու իրենց զէնքերը ձեռքներին կանգնեցին տան աջ անկիւնից մինչեւ ձախ անկիւնը, զոհասեղանի ու արքունի տան շուրջը: 12 Յովիդայէն բերել տուեց արքայի որդուն, նրա գլխին դրեց թագը, նրան յանձնեց վկայականը, նրան օծելով թագաւոր դարձրեց եւ ծափ զարկեց ու ասաց. «Կեցցէ՛ արքան»:

13 Գոթողիան լսելով շարժման մէջ եղող մարդկանց աղմուկը՝ եկաւ նրանց մօտ, մտաւ Տիրոջ տունը 14 եւ տեսաւ, որ արքան, ինչպէս կարգն է, կանգնել է սեան մօտ, իսկ երգիչներն ու փողհարները՝ նրա շուրջը: Երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր եւ փող հնչեցնում: Գոթողիան պատառոտեց իր հագուստները եւ աղաղակեց՝ ասելով. «Դա՜ւ է, դա՜ւ»: 15 Յովիդայէ քահանան պատուիրեց զօրքի հարիւրապետներին՝ ասելով. «Դո՛ւրս բերէք նրան շարքերից, եւ ով որ գնայ նրա յետեւից, թող սրով սպանուի»: Քահանան չէր ուզում, որ նա Տիրոջ տանը սպանուի: 16 Նրան բռնեցին, եւ երբ իրենք արքունի տուն տանող երիվարների ճանապարհով էին ընթանում, սպանեցին նրան:

ՅՈՎԻԴԱՅԷԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(Բ Մնաց., 24.1-16)

17 Յովիդայէն Տիրոջ եւ արքայի, ինչպէս եւ արքայի ու ժողովրդի միջեւ ուխտ դրեց, որ իրենք կը լինեն Տիրոջ ժողովուրդը: 18 Երկրի բոլոր մարդիկ գնացին Բահաղի մեհեանը, կործանեցին այն, ջարդուփշուր արեցին նրա զոհասեղանները, նրա արձանները, Բահաղի քուրմ Մաթանին սպանեցին զոհասեղանի դիմաց: Քահանան հսկիչ ոստիկաններ նշանակեց Տիրոջ տան վրայ: 19 Նա հարիւրապետներին, թիկնապահներին, սուրհանդակ զինուորներին ու երկրի ամբողջ ժողովրդին առնելով՝ արքային դուրս բերեց Տիրոջ տնից, սուրհանդակների դռան ճանապարհով բերեց արքունի տուն եւ նրան թագաւորական գահին նստեցրեց: 20 Երկրի ամբողջ ժողովուրդը ուրախացաւ, քաղաքը հանդարտուեց: Գոթողիային արքունի տան մօտ սպանել էին սրով: 21 Երբ Յովասը թագաւոր օծուեց, եօթը տարեկան էր:

12

ՅՈՒԴԱՅԻ ՅՈՎԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց., 24.1-16)

Յէուի թագաւորութեան եօթներորդ տարում թագաւոր դարձաւ Յովասը, որը քառասուն տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Սաբիա էր՝ Բերսաբէէ քաղաքից: Յովասն արդար գտնուեց Տիրոջ առջեւ այնքան ժամանակ, որ Յովիդայէն նրան դաստիարակում էր: Մարդիկ, սակայն, մեհենական բարձունքներից չհրաժարուեցին, եւ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում մեհենական բարձունքներում:

Յովասն ասաց քահանաներին. «Տիրոջ տունը մտած սրբութիւնների ամբողջ արծաթը, այսինքն՝ հաշուառման ենթարկուած բոլոր մարդկանց դրամը, ըստ մարդկանց սրտի ցանկութեան Տիրոջ տան համար նուիրաբերուող արծաթը, ինչպէս նաեւ ամէն մէկի կատարած վաճառքից ստացուած հարկերը քահանաները թող վերցնեն, որպէսզի, ուր որ Տիրոջ տան քանդուած մասեր լինեն, նորոգուեն»:

Մինչեւ Յովաս արքայի թագաւորութեան քսաներկուերորդ տարին քահանաները Տիրոջ տան քանդուած մասերը դեռ չէին նորոգել, ուստի Յովաս արքան կանչեց Յովիդայէ քահանային ու միւս քահանաներին եւ ասաց նրանց. «Ինչո՞ւ չէք նորոգել Տիրոջ տան քանդուած մասերը: Վաճառքից ստացուած արծաթը ձեզ մի՛ վերցրէք, այլ Տիրոջ տան քանդուած մասերի նորոգմա՛նը յատկացրէք»: Քահանաները խոստացան ժողովրդից արծաթ չառնել, եթէ դա չէին յատկացնելու Տիրոջ տան քանդուած մասերը նորոգելու համար: Յովիդայէ քահանան մի արկղ վերցրեց, վրան անցք բացեց եւ դրեց Տիրոջ զոհասեղանի կողքին: Տիրոջ տունը պահպանող քահանաները, Տիրոջ տանը գտնուած ամբողջ արծաթը լցրին այնտեղ: 10 Երբ տեսնում էին, որ արկղի մէջ արծաթը շատացել է, կանչում էին 11 արքունի քարտուղարների պետին ու մեծ քահանային, որոնք գալիս էին, Տիրոջ տանը գտնուած արծաթը ծրարում եւ պատրաստ գումարը տալիս էին Տիրոջ տան գործավարներին, որ բաշխեն Տիրոջ տան ատաղձագործներին, 12 շինարարներին, նկարիչներին, ճարտար որմնադիրներին, քարգործներին, որպէսզի Տիրոջ տան քանդուած մասերը նորոգելու համար գնեն փայտ ու տաշած քարեր եւ անեն այն ամէնը, ինչ անհրաժեշտ էր Տիրոջ տունը նորոգելու համար: 13 Տիրոջ տուն բերուած արծաթով, սակայն, Տիրոջ տան համար արծաթէ դռներ, սեպեր, տաշտեր, փողեր եւ ամէն տեսակ ոսկէ ու արծաթէ անօթներ չպէտք է սարքէին, 14 այլ այդ գումարը գործաւորներին պէտք է տային, որպէսզի նրանք Տիրոջ տունը նորոգեն: 15 Հաշիւ չէին պահանջում այն մարդկանցից, որոնց ձեռքն էին յանձնում գործաւորներին տրուելիք արծաթը, որովհետեւ նրանք վստահելի էին, 16 իսկ մեղքի ու յանցանքի քաւութեան համար ընծայաբերուած արծաթը Տիրոջ տուն չէր մտնում, այլ քահանաներին էր տրւում:

ՅՈՎԱՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

17 Այն ժամանակ ասորիների արքայ Ազայէլը յարձակուեց Գէթի դէմ եւ գրաւեց այն: Ապա Ազայէլն իր երեսը դարձրեց դէպի Երուսաղէմ, որ նրա վրայ արշաւի: 18 Յուդայի երկրի արքայ Յովասը իր հայրերի, Յուդայի երկրի արքաներ Յոսափատի, Յորամի ու Օքոզիայի արած բոլոր նուիրատուութիւններն ու իր նուիրատուութիւնները, Տիրոջ տան ու թագաւորի տան գանձարաններում գտնուող ամբողջ արծաթը ուղարկեց ասորիների արքային, իսկ ինքը մեկնեց Երուսաղէմից:

19 Յովասի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արեց, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 20 Նրա ծառաները նրա դէմ ելան, դաւաճանեցին նրան եւ Գաղաադում բնակուող Մաալոնի տանը սպանեցին Յովասին: 21 Նրան սպանեցին նրա ծառաները՝ Յեմաւութի որդի Յովազաքարը եւ սրա որդի Յեզեբութը: Նրա այս պատանդ ծառաները խփեցին ու սպանեցին նրան եւ թաղեցին իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում: Նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Ամեսսիան:

13

ԻՍՐԱՅԷԼԻ ՅՈՎԱՔԱԶ ԹԱԳԱՒՈՐԸ

Յուդայի երկրի արքայ Օքոզիայի որդի Յովասի թագաւորութեան քսաներկուերորդ տարում Իսրայէլի վրայ, Սամարիայում թագաւորեց Յէուի որդի Յովաքազը: Նա թագաւորեց տասնեօթը տարի: Նա Տիրոջ առջեւ չարիք գործեց, ընթացաւ Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերի հետքերով: Նա դրանցից չհրաժարուեց: Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Իսրայէլի դէմ, եւ Տէրը նրանց շարունակ մատնեց ասորիների Ազայէլ արքայի եւ Ազայէլի որդի Ադերի ձեռքը:

Յովաքազն աղօթեց Տիրոջը, եւ Տէրը լսեց նրան, որովհետեւ տեսաւ Իսրայէլի նեղութիւնները, որ պատճառում էր նրան ասորիների արքան: Տէրն Իսրայէլին մի ազատարար տուեց. Իսրայէլն ազատուեց ասորիների ձեռքից, եւ իսրայէլացիներն ապրեցին իրենց վրաններում, ինչպէս նախկին ժամանակներում: Սակայն իսրայէլացիները չհրաժարուեցին Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից, այլ նրա ուղիով ընթացան, եւ Աստարոթի կուռքերն էլ մնացին Սամարիայում: Յովաքազի մօտ մնացել էին միայն յիսուն հեծեալ, տասը մարտակառք ու տասը հազար հետեւակ. մնացածներին ասորիների արքան բնաջնջել էր եւ կոխոտուած հող էր դարձրել:

Յովաքազի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, նրա քաջագործութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ: Յովաքազը գնաց իր նախնիների գիրկը, նրան թաղեցին Սամարիայում, իր նախնիների մօտ:

ԻՍՐԱՅԷԼԻ ՅՈՎԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ

Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յովասը: 10 Յուդայի երկրի արքայ Յովասի թագաւորութեան երեսունեօթներորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Յովաքազի որդի Յովասը: Նա Սամարիայում թագաւորեց տասներկու տարի: 11 Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից, թաղուեց դրանց մէջ:

12 Յովասի մնացած պատմութիւնը, այն ամէնը, ինչ նա արել է, Յուդայի երկրի արքայի հետ կռուելու ժամանակ նրա ցուցաբերած քաջագործութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 13 Յովասը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա գահին նստեց Յերոբովամը: Յովասը թաղուեց Սամարիայում, Իսրայէլի թագաւորների մօտ:

ԵՂԻՍԷԷՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՍՈՐԻՆԵՐԻ ԴԷՄ ՅԱՂԹԱՆԱԿԸ

14 Եղիսէէն ծանր հիւանդացաւ, որից եւ մեռաւ: Իսրայէլի արքայ Յովասը մինչ այդ եկել էր նրա մօտ, լաց եղել նրա մօտ՝ ասելով. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայէլի մարտակառքն էիր եւ նրա հեծելազօրը»: 15 Եղիսէէն նրան ասել էր. «Ա՛ռ քո աղեղն ու նետերը»: Յովասն առել էր աղեղն ու նետերը, 16 եւ Եղիսէէն Իսրայէլի արքային ասել էր. «Աղեղը ձեռքո՛վդ լարիր». եւ նա իր ձեռքով լարել էր աղեղը: Եղիսէէն իր ձեռքը դրել էր արքայի ձեռքին 17 եւ ասել. «Բա՛ց արեւելեան կողմի պատուհանը»: Նա բացել էր, եւ Եղիսէէն ասել էր. «Արձակի՛ր»: Երբ նա արձակել էր, Եղիսէէն ասել էր. «Սա Տիրոջ փրկութեան նետն է, ասորիների դէմ փրկութեան նետը: Դու ասորիներին պիտի հարուածես Ափեկում, մինչեւ որ իսպառ բնաջնջես նրանց»: 18 Եղիսէէն աւելացրել էր. «Նետեր վերցրո՛ւ»: Երբ Յովասը նետերը վերցրել էր, Եղիսէէն ասել էր Իսրայէլի արքային. «Արձակի՛ր եւ խփի՛ր գետնին»: Արքան երեք նետ էր խփել գետնին ու կանգ առել: 19 Աստծու մարդը բարկացել էր նրա վրայ՝ ասելով. «Եթէ հինգ կամ վեց անգամ հարուածէիր, ասորիներին իսպառ ոչնչացրած կը լինէիր: Արդ, միայն երեք անգամ կը հարուածես ասորիներին»:

20 Մեռաւ Եղիսէէն, եւ նրան թաղեցին: Հետեւեալ տարին Մովաբի կողոպտիչ զօրքը յարձակուեց երկրի վրայ: 21 Այդ ժամանակ մի մարդու էին թաղում: Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զօրքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը: Այդ մեռած մարդու դիակը Եղիսէէի ոսկորներին դիպչելուն պէս հանգուցեալը կենդանացաւ ու կանգնեց իր ոտքերի վրայ:

ՊԱՏԵՐԱԶՄ ԻՍՐԱՅԷԼԻ ԵՒ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՄԻՋԵՒ

22 Ասորիների արքայ Ազայէլը Յովաքազի իշխանութեան բոլոր օրերին նեղում էր Իսրայէլին, 23 բայց Տէրը յանուն Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ դրած ուխտի ողորմեց, գթաց ու հայեացքը դարձրեց նրանց, չկամեցաւ կործանել նրանց եւ իր երեսը նրանցից շուռ չտուեց:

24 Ասորիների արքայ Ազայէլը մեռաւ, եւ թագաւորեց Ադերի որդին նրա որդու փոխարէն: 25 Յովաքազի որդին Յովասը ելաւ եւ Ազայէլի որդի Ադերի որդուց գրաւեց այն քաղաքները, որ նրա հայրը պատերազմով խլել էր իր հօրից՝ Յովաքազի ձեռքից: Յովասը նրան երեք անգամ յաղթեց եւ վերագրաւեց Իսրայէլի քաղաքները:

14

ՅՈՒԴԱՅԻ ԱՄԱՍԻԱ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց., 25.1-24)

Իսրայէլի արքայ Յովաքազի որդի Յովասի թագաւորութեան երկրորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիան: Քսանհինգ տարեկան էր նա, երբ թագաւոր դարձաւ, եւ քսանինը տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունն էր Յովադին, որը Երուսաղէմից էր: Ամասիան արդար գտնուեց Տիրոջ առջեւ, բայց ոչ իր նախնի Դաւթի նման: Ըստ ամենայնի նա արեց այն, ինչ իր հայր Յովասն էր արել, սակայն բարձունքների մեհեանները չվերացրեց, եւ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքներում: Երբ թագաւորութիւնն իր ձեռքն անցաւ, նա սպանեց իր այն պալատական պաշտօնեաներին, որոնք սպանել էին իր հօրը, սակայն սպանողների որդիներին չսպանեց, որովհետեւ, ինչպէս գրուած է Մովսէսի Օրէնքի գրքում, Տէրը պատուիրել է՝ ասելով. «Թող հայրերը չմեռնեն որդիների պատճառով, ոչ էլ որդիները մեռնեն հայրերի պատճառով, այլ ամէն ոք իր մեղքի համար թող մեռնի»: Նա տասը հազար եդոմացիների սպանեց Մայիլայում, գրաւեց Վէմը պատերազմով եւ այն կոչեց Յեկթովէլ, ինչպէս եւ կոչւում է մինչեւ այսօր:

Այդ ժամանակ Ամասիան Իսրայէլի արքայ Յէուի որդի Յովաքազի որդի Յովասի մօտ բանագնաց ուղարկեց՝ ասելով. «Ե՛կ երես երեսի հանդիպենք միմեանց»: Իսրայէլի արքայ Յովասը մարդ ուղարկեց Յուդայի երկրի արքայ Ամասիայի մօտ եւ ասաց. «Լիբանանում բուսնող ակքան փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղեւնուն՝ ասելով. “Քո դստերը կնութեան տո՛ւր իմ որդուն”: Լիբանանի անապատի գազանները, սակայն, անցան ու կոխոտեցին ակքան փուշը: 10 Եդոմացիներին կոտորեցիր եւ մտքումդ հպարտացար: Գոհացի՛ր քո փառքով ու նստի՛ր քո տանը: Ինչո՞ւ է քո չարութիւնը քեզ գրգռում, չէ՞ որ կ՚ընկնես դու, եւ քեզ հետ էլ՝ Յուդայի երկիրը»: 11 Ամասիան չանսաց նրան, եւ պատերազմի ելաւ Իսրայէլի արքայ Յովասը: Հրէաստանի Բեթսամիւս բնակավայրում դէմ դիմաց իրար հանդիպեցին ինքը եւ Յուդայի երկրի արքայ Ամասիան: 12 Յուդայի երկրի զօրքը պարտուեց Իսրայէլից, եւ Յուդայի երկրի բոլոր զօրքերը իրենց վրանները փախան: 13 Իսրայէլի արքայ Յովաքազի որդի Յովասը Բեթսամիւսում բռնեց Յովաքազի որդի Յովասի որդի Ամասիային՝ Յուդայի երկրի թագաւորին, եկաւ Երուսաղէմ եւ Եփրեմի դարպասից մինչեւ Անկիւնների դարպասը քանդեց Երուսաղէմի պարիսպը, որը չորս հարիւր կանգուն էր: 14 Նա Տիրոջ տան ու թագաւորի տան գանձարանում եղած ոսկին ու արծաթը, բոլոր անօթները եւ հարճորդիներին410 վերցնելով՝ վերադարձաւ Սամարիա:

15 Յովասի մնացած գործերը, նրա կատարած քաջագործութիւններն ու Յուդայի երկրի արքայ Ամասիայի դէմ մղած պատերազմը չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 16 Յովասը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Սամարիայում, Իսրայէլի թագաւորների հետ: Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յերոբովամը:

ԱՄԱՍԻԱ ԹԱԳԱՒՈՐԻ ՄԱՀԸ

(Բ Մնաց., 25.25-28)

17 Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիան Իսրայէլի թագաւոր Յովաքազի որդի Յովասի մահուանից յետոյ ապրեց տասնհինգ տարի: 18 Ամասիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 19 Նրա դէմ Երուսաղէմում դաւադրութիւն կազմակերպեցին, եւ նա փախաւ Լաքիս: Նրա յետեւից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին: 20 Նրան բերեցին ձիերի վրայ ու թաղեցին Երուսաղէմում՝ Դաւթի քաղաքում, իր հայրերի մօտ:

21 Յուդայի երկրի ամբողջ ժողովուրդը վերցրեց տասնվեցամեայ Ազարիային եւ թագաւոր նստեցրեց նրա հայր Ամասիայի փոխարէն: 22 Ազարիան բարեկարգեց Ելոթը եւ արքայի մեռնելուց յետոյ այն վերադարձրեց Յուդայի երկրին:

ԻՍՐԱՅԷԼԻ ՅԵՐՈԲՈՎԱՄ ԹԱԳԱՒՈՐԸ

23 Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիայի թագաւորութեան տասնհինգերորդ տարում թագաւորեց Իսրայէլի արքայ Յովասի որդի Յերոբովամը: Նա քառասունմէկ տարի թագաւորեց Սամարիայում: 24 Նա Տիրոջ առջեւ չարիք գործեց, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի բոլոր մեղքերից: 25 Նա Իսրայէլի սահմանները՝ Եմաթի մուտքից մինչեւ Արաբա ծովը ապահով դարձրեց, ինչպէս իր ծառայ գեթաքոբերացի Ամաթի որդի Յովնան մարգարէի միջոցով ասել էր Տէր Աստուածը, 26 քանզի Տէրը տեսել էր սակաւամարդ, նեղուած, տկար ու լքուած Իսրայէլի չափազանց դառն տառապանքը. ոչ ոք չկար, որ օգնէր Իսրայէլին: 27 Տէրը չէր ուզում, որ իսրայէլացիները բնաջնջուեն երկնքի ներքոյ, ուստի Յովասի որդի Յերոբովամի ձեռքով փրկեց նրանց:

28 Յերոբովամի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, թէ պատերազմում նա ինչպիսի քաջագործութիւն է ցուցաբերել, ինչպէս է Դամասկոսն ու Եմաթը Յուդայի երկրից ազատելով վերադարձրել Իսրայէլին, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ:

29 Յերոբովամը գնաց իր նախնիների՝ Իսրայէլի թագաւորների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Զաքարիան:

15

ՅՈՒԴԱՅԻ ԱԶԱՐԻԱ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց., 26.1-23)

Իսրայէլի Յերոբովամ արքայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի Ամասիա արքայի որդի Ազարիան: Նա տասնվեց տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ յիսուներկու տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Յեքեղիա էր, նա Երուսաղէմից էր: Ազարիան իր հայր Ամասիայի նման ըստ ամենայնի բարի գործեր կատարեց Տիրոջ առջեւ, բայց բարձունքների մեհեանները չվերացրեց, իսկ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքներում: Տէրը պատուհասեց թագաւորին, եւ նա բորոտ դարձաւ մինչեւ իր կեանքի վերջը: Նա առանձին մի տան մէջ էր բնակւում: Արքունի տան վրայ իշխում եւ երկրի ժողովրդին դատում էր արքայի որդին՝ Յովաթամը:

Ազարիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի թագաւորների ժամանակագրութեան մէջ: Ազարիան գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ: Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յովաթամը:

ԻՍՐԱՅԷԼԻ ԶԱՔԱՐԻԱ ԹԱԳԱՒՈՐԸ

Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունեօթներորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Յերոբովամի որդի Զաքարիան: Նա վեց ամիս թագաւորեց Սամարիայում: Նա իր նախնիների նման չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից: 10 Նրա դէմ գլուխ բարձրացրին Յաբիսի որդի Սեղղումն ու Կեբդաամը. նրանք ժողովրդի ներկայութեամբ հարուածեցին նրան ու սպանեցին: Նրա փոխարէն թագաւորեց Սեղղումը:

11 Զաքարիայի մնացած գործերը նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 12 Ահա այս էր այն մարդը, որի մասին Տէրը ասել էր Յէուին. «Քո որդիներից միայն մինչեւ չորրորդ սերունդը պիտի նստի Իսրայէլի գահին»: Եւ այդպէս էլ եղաւ:

ԻՍՐԱՅԷԼԻ ՍԵՂՂՈՒՄ ԹԱԳԱՒՈՐԸ

13 Յաբիսի որդի Սեղղումը թագաւորեց Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունութերորդ տարում: Սեղղումը Սամարիայում թագաւորեց մէկ ամիս: 14 Գադդիի որդի Մանայեմը դուրս եկաւ Թերսայից, մտաւ Սամարիա, Սամարիայում հարուածեց Յաբիսի որդի Սեղղումին, սպանեց նրան ու փոխարէնը թագաւոր նստեց:

15 Սեղղումի մնացած գործերը, նրա կազմակերպած դաւադրութիւնները նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ:

ԻՍՐԱՅԷԼԻ ՄԱՆԱՅԵՄ ԹԱԳԱՒՈՐԸ

16 Այն ժամանակ Մանայեմը յարձակուեց Թերսայի վրայ եւ այնտեղ, սկսած Թերսայից, նրա սահմաններում գտնուող բոլորին սպանեց, յղի կանանց արգանդը պատռեց, որովհետեւ նրա առաջ չէին բացել քաղաքի դարպասները:

17 Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունիններորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Գադդիի որդի Մանայեմը: Նա տասը տարի թագաւորեց Սամարիայում: 18 Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից:

19 Ասորեստանի արքայ Փուան եկաւ յարձակուեց Իսրայէլի վրայ: Մանայեմը Փուային հազար տաղանդ411 արծաթ տուեց, որպէսզի նա իրեն օգնական լինի, եւ Մանայեմն իր թագաւորութիւնն իր ձեռքում պահի: 20 Այս արծաթն Ասորեստանի արքային տալու համար Մանայեմն Իսրայէլի բոլոր հարուստների վրայ հարկ դրեց, ամէն մէկից յիսնական սիկղ արծաթ առաւ: Ասորեստանի թագաւորը յետ դարձաւ՝ չմնաց երկրում:

21 Մանայեմի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ: Մանայեմը գնաց իր նախնիների գիրկը:

22 Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Փակէիան: 23 Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան յիսուներորդ տարում Փակէիան թագաւորեց Իսրայէլի վրայ: Նա տասը տարի թագաւորեց Սամարիայում: 24 Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից: 25 Նրա դէմ գլուխ բարձրացրեց Ռոմելիայի որդի Փակէէն՝ իր զօրապետը: Սրա հետ էին Արգոբը եւ Արիէն, ինչպէս նաեւ չորսհարիւրեակի միջից յիսուն հոգի: Նա հարուածեց նրան Սամարիայում, արքունի տան առաջ, սպանեց նրան, եւ նրա փոխարէն ինքը թագաւորեց:

26 Փակէիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ:

ԻՍՐԱՅԷԼԻ ՓԱԿԷԷ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց. 27.1-9)

27 Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան յիսուներկուերորդ տարում թագաւորեց Ռոմելիայի որդի Փակէէն: Նա Սամարիայում Իսրայէլի վրայ թագաւորեց քսան տարի: 28 Նա Տիրոջ առջեւ չարութիւն գործեց, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից: 29 Իսրայէլի արքայ Փակէէի օրօք եկաւ Ասորեստանի Թակղաթփաղասար արքան, գրաւեց Այինը, Կաբէէլը, Բեթմաաքան, Յանոքը, Կենէզը, Ասորը, Գաղաադը եւ Գալիլիան, Նեփթաղիմի ամբողջ երկիրը եւ նրանց բնակիչներին քշեց Ասորեստան: 30 Եղայի որդի Օսէէն դաւադրութիւն կազմակերպեց Ռոմելիայի որդի Փակէէի դէմ, խփեց ու սպանեց նրան, եւ նրա փոխարէն ինքը թագաւորեց Օզիայի որդի Յովաթամի թագաւորութեան քսաներորդ տարում:

31 Փակէէի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ:

32 Իսրայէլի թագաւոր Ռոմելիայի որդի Փակէէի թագաւորութեան երկրորդ տարում Իսրայէլում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Օզիայի որդի Յովաթամը: 33 Նա քսանհինգ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ եւ տասնվեց տարի իշխեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Յերուսա էր, նա Սադոկի դուստրն էր: 34 Յովաթամը ըստ ամենայնի արդար գտնուեց Տիրոջ առջեւ, այնպէս, ինչպէս իր հայր Օզիան, 35 միայն թէ նա բարձունքների մեհեանները չվերացրեց, եւ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքներում: Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը:

36 Յովաթամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ:

37 Այդ օրերին Տէրը Յուդայի երկրի դէմ ուղարկեց ասորիների արքայ Ռասոնին եւ Ռոմելիայի որդի Փակէէին:

38 Յովաթամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնի Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աքազը:

16

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԱՔԱԶ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց. 28.1-27)

Ռոմելիայի որդի Փակէէի թագաւորութեան տասնեօթներորդ տարում Իսրայէլում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յովաթամի որդի Աքազը: Աքազը քսան տարեկան էր, որ թագաւորեց եւ տասնվեց տարի իշխեց Երուսաղէմում: Նա հաւատարիմ չգտնուեց Տէր Աստծու առջեւ, ինչպէս հաւատարիմ էր եղել իր նախնի Դաւիթը, այլ գնաց Իսրայէլի արքայ Նաբատի որդի Յերոբովամի ճանապարհով: Նա իր որդուն կրակի միջով անցկացրեց ըստ այն ազգերի գարշելի սովորութեան, որոնց Տէրն իսրայէլացիների առջեւից հալածել էր: Նա զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքների մեհեաններում, բլուրների վրայ ու ծառախիտ անտառներում:

Այն ժամանակ ասորիների արքայ Ռասոնը եւ Ռոմելիայի որդի Իսրայէլի թագաւոր Փակէէն ելան Աքազի դէմ պատերազմի ու պաշարեցին Երուսաղէմը, սակայն պատերազմը շարունակել412 չկարողացան: Այդ ժամանակ ասորիների Ռասոն արքան Ելաթը վերադարձրեց ասորիներին, իսկ հրեաներին հանեց Ելաթից: Եդոմայեցիները եկան Ելաթ եւ այնտեղ են բնակւում մինչեւ այսօր: Աքազը դեսպաններ ուղարկեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքային՝ ասելով. «Ես քո ծառան ու քո որդին եմ: Արի՛ եւ փրկի՛ր ինձ ասորիների արքայի ու Իսրայէլի արքայի ձեռքից, որոնք ինձ վրայ են յարձակուել»: Աքազը Տիրոջ տանն ու թագաւորի տան գանձարանում գտնուող արծաթն ու ոսկին առաւ եւ ուղարկեց Ասորեստանի արքային որպէս պարգեւ: Ասորեստանի արքան անսաց նրան, ելաւ Դամասկոսի դէմ ու գրաւեց այն, բնակիչներին գերեվարեց Կիւրէն, իսկ Ռասոնին սպանեց:

10 Աքազ արքան գնաց Դամասկոս, Ասորեստանի Թագղաթփաղասար արքային հանդիպելու: Նա տեսաւ Դամասկոսում եղած զոհասեղանը, այդ զոհասեղանի օրինակն ու ձեւերը բոլոր մանրամասներով ուղարկեց Ուրիա քահանային: 11 Ուրիա քահանան կառուցեց զոհասեղանը ըստ այն օրինակի, որ Աքազ արքան ուղարկել էր Դամասկոսից: Մինչեւ Աքազ արքայի Դամասկոսից վերադառնալը Ուրիա քահանան պատրաստեց դա: 12 Երբ արքան տեսաւ զոհասեղանը, մօտեցաւ դրան, զոհեր մատուցեց նրա վրայ, իր ողջակէզներն այրեց, 13 իր ընծաները նուիրեց, զոհասեղանի վրայ թափեց խաղաղութեան զոհերի արիւնը: 14 Տիրոջ առջեւ գտնուող պղնձէ զոհասեղանը նա տեղափոխեց իր տեղից՝ Տիրոջ տան առջեւից, ու դրեց նոր զոհասեղանից հիւսիս: 15 Աքազ արքան պատուէր տուեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այս մեծ զոհասեղանի վրայ պէտք է մատուցես առաւօտեան ողջակէզը եւ երեկոյեան զոհաբերութիւնը, արքայի ողջակէզն ու նրա զոհաբերութիւնները, երկրի ժողովրդի ողջակէզները, զոհաբերութիւններն ու ընծաները: Բոլոր ողջակէզների ու զոհաբերութիւնների արիւնը նրա վրայ պէտք է թափես, իսկ պղնձէ զոհասեղանն իմ տրամադրութեան տակ պէտք է լինի առաւօտեան»: 16 Ուրիա քահանան ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս նրան պատուիրել էր Աքազ արքան: 17 Աքազ արքան կոտրեց անուաւոր խարիսխները, փոխադրեց լուացարանները, ձուլածոյ աւազանն իջեցրեց իր տակ գտնուող տասներկու պղնձէ ցուլերից ու դրեց քարէ յատակի վրայ: 18 Նա, ի պատիւ Ասորեստանի արքայի, Տիրոջ տան մէջ գահի համար մի պատուանդան դրեց եւ թագաւորական տան արտաքին մուտքը դարձրեց Տիրոջ տան կողմը:

19 Աքազի կատարած մնացած գործերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 20 Աքազը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ: Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Եզեկիան:

17

ԻՍՐԱՅԷԼԻ ՕՍԷԷ ԹԱԳԱՒՈՐԸ ԵՒ ՍԱՄԱՐԻԱՅԻ ԳՐԱՒՈՒՄԸ

Յուդայի երկրի արքայ Աքազի թագաւորութեան տասներկուերորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Ելայի որդի Օսէէն: Նա Սամարիայում թագաւորեց ինը տարի: Նա Տիրոջ առջեւ չար գտնուեց, բայց ոչ Իսրայէլի այն թագաւորների նման, որոնք իրենից առաջ կային: Նրա դէմ յարձակուեց Ասորեստանի Սաղմանասար արքան, եւ Օսէէն նրան ենթակայ դարձաւ, նրան հարկ էր տալիս, որ նա տանի: Ասորեստանի արքան, սակայն, տեսաւ, որ Օսէէի մէջ նենգութիւն կայ, որովհետեւ սա պատգամաւորներ էր ուղարկել Եգիպտոսի թագաւոր Սովային եւ այդ տարի հարկ չէր վճարել Ասորեստանի արքային: Ասորեստանի արքան կալանաւորեց նրան եւ բանտարկեց: Ասորեստանի արքան յարձակուեց ամբողջ երկրի վրայ, ելաւ նաեւ Սամարիայի դէմ եւ այն պաշարեց երեք տարի:

Օսէէի թագաւորութեան իններորդ տարում Ասորեստանի արքան գրաւեց Սամարիան եւ իսրայէլացիներին քշեց Ասորեստան, նրանց բնակեցրեց Ալաթում եւ Աբորում, Գոզան գետի մօտ ու Մարերի լեռներում: Իսրայէլացիները մեղանչել էին իրենց տէր Աստծու դէմ, որն իրենց հանել էր Եգիպտացիների երկրից եւ ազատել եգիպտացիների Փարաւոն արքայի ձեռքից: Նրանք սկսել էին երկիւղ կրել օտար աստուածներից, հետեւել այն ազգերի կրօնին, որոնց Տէրը քշել էր իսրայէլացիների առջեւից: Իսրայէլի թագաւորները նման շատ բաներ էին արել, եւ իսրայէլացիները նման շատ թաքուն գործեր կատարել, որ չպէտք է անէին իրենց Աստծու դէմ: Նրանք իրենց բոլոր քաղաքներում բարձրադիր տեղեր ստեղծեցին, սկսած պահապանների աշտարակից մինչեւ պարսպապատ քաղաքը, 10 իրենց համար արձաններ եւ կուռքեր կանգնեցրին, բոլոր բարձր բլուրների վրայ, բոլոր անտառախիտ ծառերի ներքոյ, 11 բոլոր բարձունքների վրայ խունկ էին ծխում այն բոլոր ազգերի նման, որոնց Տէրը վտարել էր նրանց առջեւից: Նրանք վատ ընկերակիցներ ունեցան եւ վատ հաւաքոյթներ կազմակերպեցին, որպէսզի բարկացնեն Տիրոջը: 12 Նրանք պաշտեցին կուռքեր, որոնց մասին Տէրն իրենց ասել էր. «Այդ բանը մի՛ արէք յանուն Տիրոջ»:

13 Տէրը բոլոր մարգարէների ու տեսանողների միջոցով Իսրայէլին ու Յուդայի երկրին զգուշացրեց՝ ասելով. «Դարձէ՛ք ձեր չար ճանապարհներից, պահեցէ՛ք իմ պատուիրանները, իմ կանոններն ու օրէնքները, որ պատուիրեցի ձեր հայրերին, եւ որոնք ձեզ հաղորդեցի իմ ծառայ մարգարէների միջոցով»: 14 Նրանք չլսեցին, աւելի ըմբոստացան, քան իրենց հայրերը, չհաւատացին իրենց Տէր Աստծուն: 15 Նրանց հայրերի հետ Աստծու կնքած ուխտերը, դաշինքներն ու վկայութիւնները նրանք չպահեցին, գնացին սնոտի աստուածներ պաշտողների հետքերով՝ իրենք էլ նրանց հետ սնոտի աստուածներ պաշտողներ դառնալով իրենց շրջապատող ազգերին հետեւելով: Մինչդեռ Տէրը պատուիրել էր, որ չնմանուեն նրանց: 16 Նրանք անտեսեցին իրենց Տէր Աստծու բոլոր պատուիրանները, իրենց համար երկու ձուլածոյ երինջներ պատրաստեցին, երկնքի զօրութիւններին երկրպագեցին, պաշտեցին Բահաղին, 17 իրենց տղաներին եւ աղջիկներին կրակի միջով անցկացրին, կախարդութիւն ու հմայութիւն արեցին, համարձակուեցին Տիրոջ առջեւ չարութիւն գործել եւ զայրացրին նրան: 18 Տէրն Իսրայէլի վրայ խիստ բարկացաւ, չուզեց տեսնել նրանց երեսը, այնպէս որ միայն Յուդայի ցեղն էր մնացել:

19 Սակայն Յուդայի ցեղի մարդիկ էլ չպահեցին իրենց Տէր Աստծու պատուիրանները եւ ընթացան Իսրայէլի երկրում ընդունուած սովորութիւններով: 20 Նրանք Տիրոջը հեռու պահեցին Իսրայէլի ամբողջ սերնդից413: Տէրը նրանց չարչարեց եւ աւարառուների ձեռքը մատնեց, մինչեւ որ նրանց իր երեսից հեռու վանեց:

21 Մինչ Դաւթի տունը գոյութիւն ունէր, նրանք Իսրայէլի թագաւոր էին նստեցրել Նաբատի որդի Յերոբովամին, եւ Յերոբովամը իսրայէլացիներին արգելել էր ընթանալ Տիրոջ ճանապարհով, նրանց մեծ մեղքեր գործել տուել: 22 Իսրայէլացիներն ընթացել էին Յերոբովամի գործած բոլոր մեղքերի ճանապարհով, չէին հրաժարուել դրանցից: 23 Տէրն իր երեսը թեքել էր Իսրայէլից, ինչպէս որ մարգարէների միջոցով ասել էր իր բոլոր ծառաներին: Այսպէս է, որ Իսրայէլացիներն իրենց երկրից Ասորեստան գերեվարուեցին, ուր գտնւում են մինչեւ այսօր:

ԱՍՈՐԵՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՒՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԷԼԻ ՄԷՋ

24 Ասորեստանի արքան Բաբելոնից, Քութից, Այայից, Եմաթից ու Սեփփարուիմից մարդկանց էր բերել տուել եւ իսրայէլացիների փոխարէն բնակեցրել Սամարիայի քաղաքներում: նրանք ժառանգել էին Սամարիան ու բնակուել նրա քաղաքներում: 25 Իրենց բնակութեան սկզբնական շրջանում նրանք չէին վախեցել Տիրոջից, եւ Տէրն առիւծներ էր ուղարկել, որ յօշոտեն նրանց: 26 Նրանք դիմել էին Ասորեստանի թագաւորին՝ ասելով. «Այն ազգերը, որոնց փոխադրեցիր եւ Սամարիայի քաղաքներում բնակեցրիր, չգիտեն այդ երկրի Աստծու կրօնը, Տէրը նրանց վրայ առիւծներ ուղարկեց, որոնք ահա յօշոտում են նրանց, որովհետեւ չգիտեն այդ երկրի Աստծու կրօնը»: 27 Ասորեստանի արքան հրաման էր արձակել ու ասել. «Այնտե՛ղ տարէք ձեր գերեվարած քահանաներից մէկին, որ գնայ այնտեղ բնակուի, սովորեցնի Տիրոջ կրօնը եւ լուսաւորի նրանց այդ երկրի Աստծու օրէնքներով»: 28 Գերուած քահանաներից մէկին Սամարիայից տարել էին, բնակեցրել Բեթէլում: Քահանան լուսաւորել էր նրանց եւ սովորեցրել, որ երկիւղ կրեն Տիրոջից: 29 Ամէն մի ազգ իր ապրած քաղաքում իր համար տարբեր աստուածներ էր պատրաստել եւ դրել այն բարձունքների վրայ գտնուող մեհեաններում, որ սամարացիներն էին շինել: 30 Բաբելացիները կառուցել էին Սոքքոթն ու Բանոթը, քութացիները կառուցել էին Անգեղը, եմաթացիները կառուցել էին Ասիմաթը, 31 այիացիները կառուցել էին Աբլազերը, Նեբասը, Թարթակն ու Սեփփարուիմը, ուր սեփփարուիմացիները կենդանի վառում էին իրենց որդիներին Սեփփարուիմի աստուածներ Ադրամելէքի ու Ամամելէքի համար վառուող հրով: 32 Նրանք երկիւղ էին կրում նաեւ Տիրոջից, սակայն իրենց գարշելի կուռքերը հաստատել էին բարձունքների վրայ գտնուող մեհեաններում, որ ամէն մի ազգ շինել էր Սամարիայում, այնտեղ, ուր նրանք բնակւում էին: Թէեւ Տիրոջից երկիւղ էին կրում, բայց բարձունքների վրայ քրմեր էին նշանակել. 33 թէեւ երկիւղ էին կրում Տիրոջից, բայց պաշտում էին իրենց աստուածներին ըստ այն ազգերի կրօնների, որոնց Աստուած մերժել էր:

34 Մինչեւ օրս նրանք առաջնորդւում են իրենց սովորութիւններով. թէեւ երկիւղ են կրում Տիրոջից, բայց վարւում են ըստ իրենց սովորութիւնների, կանոնների եւ օրէնքների, նաեւ ըստ այն պատուիրանի, որ Տէրը պատուիրել էր Յակոբի որդիներին: Տէրը Յակոբի անունը դրել էր Իսրայէլ: 35 Տէրը նրանց հետ ուխտ էր դրել, պատուիրել ու ասել. «Մի՛ վախեցէք օտար աստուածներից, մի՛ երկրպագէք նրանց, մի՛ պաշտէք նրանց, զոհեր մի՛ մատուցէք նրանց, 36 այլ վախեցէ՛ք Տէր Աստծուց, որը մեծ զօրութեամբ ու հզօր բազկով ձեզ դուրս բերեց Եգիպտոսից: Նրանի՛ց վախեցէք, նրա՛ն երկրպագեցէք ու նրա՛ն զոհեր մատուցեցէք: 37 Ձեզ համար գրուած կանոնները, դատաստանները, օրէնքներն ու պատուիրանները զգուշութեա՛մբ գործադրեցէք: Մի՛ վախեցէք օտար աստուածներից, 38 մի՛ մոռացէք այն ուխտը, որ Տէրը դրել է ձեզ հետ, մի՛ վախեցէք օտար աստուածներից, այլ ձեր Տէ՛ր Աստծուց երկիւղ կրեցէք: 39 Նա ձեզ կը փրկի ձեր բոլոր թշնամիներից: 40 Մի՛ հաւատացէք նրանց կրօնին, որին նրանք հետեւում են: 41 Այդ ազգերը թէպէտ Տիրոջից վախենում էին, բայց իրենց քանդակած կուռքն էին պաշտում: Նրանց որդիներն ու որդիների որդիները մինչեւ այսօր վարւում են այնպէս, ինչպէս իրենց նախնիները»:

18

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԵԶԵԿԻԱ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց., 29.1-2, 31.1)

Իսրայէլի արքայ Եղայի որդի Օսէէի թագաւորութեան երրորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի Աքազ արքայի որդի Եզեկիան: Նա քսանհինգ տարեկան էր, որ թագաւորեց, եւ Երուսաղէմում քսանինը տարի իշխեց: Նրա մօր անունը Աբութ էր, որը Զաքարիայի դուստրն էր: Նա իր նախնի Դաւթի նման ըստ ամենայնի ուղիղ ընթացաւ Տիրոջ առջեւ: Նա վերացրեց բարձունքների մեհեանները, խորտակեց բոլոր արձանները, ջարդուփշուր արեց կուռքերի կոթողները, փշրեց Մովսէսի շինած պղնձէ օձը, քանզի մինչեւ այդ օրը իսրայէլացիները զոհ էին մատուցում նրան եւ այն կոչում էին Նէեսթան: Նա իր յոյսը կապեց Իսրայէլի Տէր Աստծու հետ, եւ նրա նմանը չեղաւ Յուդայի երկրի ո՛չ յաջորդ, ո՛չ էլ նախորդ բոլոր թագաւորների մէջ: Նա Տիրոջն ապաւինեց, նրա ճանապարհից չխոտորուեց, պահեց Մովսէսին պատգամուած պատուիրանները, ուստի Տէրը նրա հետ էր, եւ Եզեկիան ինչ որ անում էր, խելամտօրէն էր անում: Նա ապստամբեց Ասորեստանի արքայի դէմ, չծառայեց նրան, այլազգիներին քշեց մինչեւ Գազա եւ նրա սահմանները, Պահապանների աշտարակից մինչեւ պարսպապատ քաղաքը:

Եզեկիա արքայի թագաւորութեան չորրորդ տարում, այսինքն՝ Իսրայէլի Եղա արքայի որդի Օսէէի թագաւորութեան եօթներորդ տարում Ասորեստանի արքայ Սաղմանասարը ելաւ Սամարիայի դէմ, պաշարեց այն եւ երեք տարի անց քաղաքը գրաւեց: 10 Եզեկիայի թագաւորութեան վեցերորդ տարում, այսինքն՝ Իսրայէլի արքայ Օսէէի թագաւորութեան իններորդ տարում Ասորեստանի արքան գրաւեց Սամարիան 11 եւ սամարացիներին քշեց Ասորեստան, նրանց տեղաւորեց Ալաթում եւ Աբորում՝ Գոզան գետի եւ Մարաց լեռների մօտ, 12 որովհետեւ նրանք իրենց Տէր Աստծուն չէին անսացել, նրա ուխտը չէին պահել եւ այն, ինչ նրանց պատուիրել էր Տիրոջ ծառայ Մովսէսը, չէին լսել ու չէին կատարել:

ՍԵՆԵՔԵՐԻՄԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿԻՐ

(Բ Մնաց., 32.1-19, Եսայի 36.1-22)

13 Եզեկիա արքայի թագաւորութեան տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան յարձակուեց Յուդայի երկրի պարսպապատ քաղաքների վրայ եւ գրաւեց դրանք: 14 Յուդայի երկրի արքայ Եզեկիան Ասորեստանի արքայի մօտ դեսպաններ ուղարկելով Լաքիս՝ ասաց. «Մեղանչել եմ, յե՛տ դարձիր իմ երկրից, եւ ինչ տուգանք որ ինձ վրայ դնես, կը հատուցեմ»: Ասորեստանի արքան Յուդայի երկրի արքայ Եզեկիայի վրայ երեք հարիւր տաղանդ արծաթ414 եւ երեսուն տաղանդ ոսկի415 տուգանք դրեց, 15 եւ Եզեկիան Տիրոջ տանը եւ թագաւորի գանձատանը ինչ որ գտաւ, տուեց: 16 Այդ ժամանակ Եզեկիան պոկեց Տիրոջ տաճարի դռների եւ դրանդիկների վրայ եղած ոսկին, որ ինքը՝ Յուդայի երկրի արքայ Եզեկիան էր պատել, ու տուեց Ասորեստանի արքային:

17 Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զօրքով Լաքիսից ուղարկեց Երուսաղէմ, Եզեկիա արքայի մօտ: Սրանք ելան ու եկան Երուսաղէմ եւ, կանգնելով թափիչի416 ագարակի ճանապարհին գտնուող վերին աւազանի ջրմուղի վրայ, 18 կանչեցին Եզեկիային: Նրանց մօտ եկան Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը եւ Ասափի որդի Յովաքը, որ պատմագիր էր:

19 Ռափսակը նրանց ասաց. «Ասացէ՛ք Եզեկիային, որ այսպէս է ասում մեծ արքան՝ Ասորեստանի արքան. “Ի՞նչ է քո յոյսը, որին դու ապաւինել ես: 20 Եթէ ասես, թէ խորհուրդ ու զօրութիւն են անհրաժեշտ պատերազմի համար, թէեւ դրանք դատարկ խօսքեր են, ապա ո՞ւմ ապաւինելով ապստամբեցիր իմ դէմ: 21 Դու ապաւինել ես այդ ջախջախուած եղէգի՞ն՝ Եգիպտոսի՞ն, որին եթէ մարդ յենուի, ձեռքը կը ծակի, ու նա կը խոցուի դրանից: Այդպիսին է Եգիպտոսի Փարաւոն արքան բոլոր նրանց համար, ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ: 22 Ինձ ասացիր, թէ՝ Տէր Աստծուն ենք ապաւինում: Դա այն չէ՞, որի բարձրադիր մեհեաններն ու զոհասեղանները Եզեկիան ոչնչացրեց եւ Յուդայի երկրին ու Երուսաղէմին ասաց. “Երուսաղէմում միայն այս զոհասեղանի առջեւ երկրպագեցէք”: 23 Արդ, իմ տիրոջ՝ Ասորեստանի արքայի հետ հաշտուեցէ՛ք, եւ նա քեզ երկու հազար երիվար կը տայ, եթէ դու կարող ես այդքան հեծեալներ գտնել դրանց համար: 24 Ինչպէ՞ս կարող ես դիմադրել իմ տիրոջ յետին ծառաներից որեւէ զօրականի եւ դեռ մարտակառքեր ու երիվարներ ստանալու համար ապաւինում ես Եգիպտոսին: 25 Կամ առանց Տիրոջ հրամանի՞ եմ ես յարձակուել այս երկրի վրայ, որ բնաջնջեմ այն: Տէրն ինձ ասել է. “Յարձակուի՛ր այդ երկրի վրայ եւ բնաջնջի՛ր այն”»:

26 Քեղկիայի որդի Եղիակիմը, Սոմնասն ու Ասափի որդի Յովաքը ասացին Ռափսակին. «Մեզ՝ քո ծառաների հետ ասորերէ՛ն խօսիր, որովհետեւ մենք հասկանում ենք այդ լեզուն, պարսպի վրայ կանգնած ժողովրդի ներկայութեամբ եբրայերէն մի՛ խօսիր»: 27 Բայց Ռափսակը նրանց ասաց. «Միթէ իմ տէրն այս խօսքերը քո տիրո՞ջ ու քե՞զ ասելու համար ուղարկեց ինձ. չէ՞ որ պարսպի վրայ կանգնած մարդկանց համար, որպէսզի ձեզ հետ ուտեն իրենց կեղտը եւ խմեն իրենց մէզը»:

28 Ռափսակը ելաւ, բարձր ձայնով բղաւելով՝ եբրայերէն ասաց. «Լսեցէ՛ք մեծ արքայի՝ Ասորեստանի արքայի պատգամը: 29 Այսպէս է ասում արքան. “Թող Եզեկիան չմոլորեցնի ձեզ, քանզի նա չի կարող ձեզ իմ ձեռքից փրկել: 30 Եզեկիան ձեզ թող Տիրոջով չյուսադրի՝ ասելով, թէ ‘Տէրը մեզ անպայման կը փրկի եւ այս քաղաքը չի մատնի Ասորեստանի արքայի ձեռքը”: 31 Մի՛ լսէք Եզեկիային, որովհետեւ այսպէս է ասում Ասորեստանի արքան. “Ինձ հետ հաշտութիւն կնքեցէ՛ք, եկէ՛ք ինձ մօտ, եւ ամէն մարդ իր խաղողի այգուց ու թզենուց կ՚ուտի, իր ջրհորից ջուր կը խմի, 32 մինչեւ որ գամ, ձեզ վերցնեմ ու տանեմ մի երկիր, որ ձեր երկրի նման է՝ ցորենի ու գինու երկիր, այգիների ու հացի երկիր, ձիթենիների, իւղի ու մեղրի երկիր: Դուք այնտեղ կ՚ապրէք ու չէք մեռնի: Մի՛ լսէք Եզեկիային, որովհետեւ խաբում է ձեզ՝ ասելով, թէ՝ ‘Տէրը մեզ կը փրկի”: 33 Միթէ ազգերի աստուածները Ասորեստանի արքայի ձեռքից փրկեցի՞ն նրանց երկրները: 34 Ո՞ւր է Եմաթի ու Արփաթի աստուածը, ո՞ւր է Սեփփարուիմ քաղաքի աստուածը, Անայի ու Աւայի աստուածը: Միթէ նրանք փրկեցի՞ն Սամարիան իմ ձեռքից: 35 Երկրի բոլոր աստուածներից ո՞ր մէկը կարողացաւ իր երկիրն իմ ձեռքից փրկել, որ Տէրը Երուսաղէմը փրկի իմ ձեռքից”»:

36 Մարդիկ լռեցին եւ պատասխան չտուեցին, որովհետեւ արքան հրաման էր տուել, թէ՝ «Նրան մի՛ պատասխանէք»:

37 Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը եւ Ասափի որդի Յովաքը՝ պատմագիրը, զգեստները պատառոտելով եկան Եզեկիայի մօտ ու հաղորդեցին նրան Ռափսակի ասածները:

19

ԵԶԵԿԻԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ Է ԵՍԱՅԻ ՄԱՐԳԱՐԷԻ ՀԵՏ

(Եսայի 37.1-7)

Երբ Եզեկիան լսեց արքայի պատգամը, պատառոտեց իր զգեստները, քուրձ հագաւ ու մտաւ Տիրոջ տունը: Նա Եղիակիմ հազարապետին, Սոմնաս դպրապետին եւ քահանաներից ծերերին քրձեր հագած ուղարկեց Ամոսի որդի Եսայի մարգարէի մօտ, որոնք նրան ասացին. «Այսպէս է ասում Եզեկիան. “Այս օրը նեղութեան, կշտամբանքների ու նախատինքի օր է, որովհետեւ երեխաների մայրերը երկունքի մէջ են, սակայն ուժ չունեն ծննդաբերելու: Թերեւս քո Աստուածը լսի Ռափսակի պատգամները, որին իր տէրը՝ Ասորեստանի արքան է ուղարկել, որպէսզի անարգի կենդանի Աստծուն, քսու խօսքերով հայհոյի: Այդ բոլորը լսեց քո Տէր Աստուածը: Դու կենդանի մնացողներիս համար աղօթի՛ր”»: Եզեկիա արքայի ծառաները եկան Եսայի մարգարէի մօտ. Եսային նրանց ասաց. «Այսպէ՛ս ասացէք ձեր տիրոջը. այս է ասում Տէրը. “Մի՛ վախեցիր այն խօսքերից, որոնցով Ասորեստանի արքայի ծառաները ինձ հայհոյեցին: Ես նրան այնպիսի մի ոգի կը ներշնչեմ, որ նա մի գոյժ լսելով՝ իր երկիրը կը վերադառնայ, եւ ես սրով նրան կ՚ոչնչացնեմ իր երկրում”»:

ՍԵՆԵՔԵՐԻՄԻ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

(Եսայի 37.7-20)

Ռափսակը վերադարձաւ ու տեսաւ, որ Ասորեստանի արքան Ղոբնայի դէմ պատերազմի մէջ է, թէեւ լսել էր, որ նա չուել է Լաքիսից: Նա լսել էր եթովպացիների արքայ Թարակայի մասին. նրան ասել էին, թէ՝ «Նա քո դէմ պատերազմի է ելել»: Նա այնտեղից վերադարձաւ, դեսպաններ ուղարկեց Եզեկիային՝ ասելով. 10 «Այսպէ՛ս ասացէք Յուդայի երկրի արքայ Եզեկիային. “Թող քո Աստուածը, որին ապաւինել ես, քեզ չամբարտաւանացնի՝ մտածելով, թէ Երուսաղէմը Ասորեստանի արքայի ձեռքը չի մատնուի: 11 Դու ինքդ լսել ես, թէ ինչպէս Ասորեստանի արքաները կործանել են բազմաթիւ երկրներ, իսկ դու պիտի փրկուե՞ս: 12 Միթէ ազգերի աստուածները փրկեցի՞ն Գոզանի, Քառանի, Ռափաթի մարդկանց, ծովեզերքի մօտ բնակուող եդոմացիներին, որոնց ոչնչացրին իմ նախնիները: 13 Ո՞ւր են Եմաթի արքան, Արփաթի արքան, Սեփփարուիմ քաղաքի, Անայի ու Աւայի արքան”»:

14 Եզեկիան հրովարտակներն առաւ դեսպանների ձեռքից, ընթերցեց դրանք, ապա գնաց Տիրոջ տուն եւ դրանք բաց վիճակում ցոյց տուեց Տիրոջը: 15 Եզեկիան Տիրոջն աղօթելով՝ ասաց. «Տէ՛ր Աստուած Իսրայէլի, դու, որ նստած ես քերովբէների վրայ, աշխարհի բոլոր թագաւորութիւնների մէջ միայն դո՛ւ ես Աստուած, դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը: 16 Տէ՛ր, ակա՛նջ դիր ու լսի՛ր, բա՛ց աչքերդ ու տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խօսքերը, որ մարդ էր ուղարկել նախատելու կենդանի Աստծուն: 17 Արդարեւ, Տէ՛ր, Ասորեստանի թագաւորները ազգեր ու երկրներ ոչնչացրին, 18 հրի մատնեցին նրանց աստուածներին, որոնք աստուածներ չէին, այլ իրեր, որ փայտից ու քարից պատրաստուած էին մարդկանց ձեռքով, եւ ոչնչացրին դրանց: 19 Արդ, Տէ՛ր Աստուած մեր, փրկի՛ր մեզ նրանց ձեռքից, թող աշխարհի բոլոր թագաւորութիւններն իմանան, որ միայն դո՛ւ ես Տէր Աստուածը»:

ԵՍԱՅՈՒ ՊԱՏԳԱՄԸ ԹԱԳԱՒՈՐԻՆ

(Եսայի 37.21-38)

20 Ամոսի որդի Եսային մարդ ուղարկեց Եզեկիայի մօտ՝ ասելով. «Այսպէս է ասում զօրութիւնների Տէր Աստուածը՝ Իսրայէլի Աստուածը. Ասորեստանի Սենեքերիմ արքայի մասին ինձ ուղղած աղօթքդ լսեցի: 21 Նրա մասին Տիրոջ ասած խօսքն այս է.

“Սիոնի կոյս դուստրը քեզ արհամարհեց, անգոսնեց,

Երուսաղէմի դուստրը շարժեց քո դէմ գլուխն իր:

22 Դու ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր,

ո՞ւմ վրայ նախատալից ձայնդ բարձրացրիր,

հայեացքդ յառեցիր Իսրայէլի սրբի վրայ:

23 Դեսպաններիդ միջոցով Տիրոջը կշտամբեցիր՝ ասելով.

‘Իմ բազմաթիւ կառքերով ես ելայ լեռների բարձունքը՝ Լիբանանի լանջերը,

կտրատեցի մեծամեծ եղեւնիներն ու ընտիր նոճիները նրա,

հասայ եզրը Կարմելի անտառի,

24 փորեցի եւ խմեցի օտար աղբիւրների ջրեր,

իմ ոտքի թաթով ցամաքեցրի ջրառատ գետեր’:

25 Միթէ չե՞ս լսել, Սենեքերի՛մ,

որ ես դա նախօրօք էի պատրաստել

ու հասցրել այն վիճակի,

որ պատերազմում, նոյնիսկ պարըսպապատ քաղաքներում

գերեվարուածների խմբերը տարանջատուեն,

26 այնտեղ բնակուող մարդիկ տկարանան ու զարհուրեն,

ամաչեն ու դառնան նման վայրի խոտի,

դալար բանջարի, տանիքին բուսած խոտի

եւ լինեն ամէն հասնողի ոտքի կոխան:

27 Ես գիտեմ, թէ դու երբ ես նստում,

երբ ես վեր կենում,

երբ ես մտնում ու ելնում.

28 Գիտեմ նաեւ քո զայրոյթն իմ դէմ:

Քո խռովքը հասել է ականջիս:

Ես կարթ կը գցեմ քո քթին,

սանձ կը դնեմ քո բերանին,

քեզ յետ կ՚ուղարկեմ այն ճանապարհով, որով եկել ես:

29 Ահա թէ ինչը քեզ համար նշան կը լինի, Եզեկիա՛.

այս տարի կ՚ուտես ինքնաբոյս ցորենը,

երկրորդ տարին նոյնպէս՝ ինքնաբոյս ցորենը,

երրորդ տարին՝ ձեր ցանածը, հնձածն ու այգիների բերքը,

դրանց արդիւնքները կ՚ուտէք:

30 Յուդայի երկրում կենդանի մնացածները բազմանալու են,

ներքեւից արմատ են արձակելու,

վերեւից պտուղ են տալու,

31 քանզի Երուսաղէմից են ելնելու կենդանի մնացածները,

եւ Սիոն լեռից՝ փրկուածները:

Զօրութիւնների Տիրոջ նախանձախնդրութիւնն է դա ի կատար ածելու:

32 Դրա համար այսպէս է ասում Տէրը.

‘Ասորեստանի արքան չի մտնի այս քաղաքը,

նետեր չի արձակի դրա վրայ,

քաղաքը չի պաշարի վահաններով,

նրա առջեւ հողաթումբ չի կանգնեցնի,

33 յետ կը գնայ այն ճանապարհով, որով եկել էր,

եւ այս քաղաքը չի մտնի’:

Այսպէս է ասում Տէրը.

34 ‘Այս քաղաքը պիտի հովանաւորեմ,

որպէսզի այն ազատեմ ինձ ու իմ ծառայ Դաւթի համար’”»:

ԱՍՈՐԵՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՆԱՀԱՆՋԸ ԵՒ ՍԵՆԵՔԵՐԻՄԻ ՄԱՀԸ

35 Երբ որ գիշերը վրայ հասաւ, Տիրոջ հրեշտակը եկաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազար մարդ սպանեց: Երբ առաւօտ կանուխ վերապրողները ելան, տեսան, որ բոլորը մեռել են: 36 Ասորեստանի Սենեքերիմ արքան չուեց ու գնաց բնակուեց Նինուէում: 37 Երբ նա երկրպագում էր իր Նեսրաք աստծու տանը, նրա որդիներ Ադրամելէքն ու Սարասարը նրան սրով հարուածեցին եւ Արարատի երկիրը փախան: Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Ասորդանը:

20

ԵԶԵԿԻԱՅԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԲՈՒԺՈՒՄԸ

(Եսայի 38.1-8, 21-22, Բ Մնաց., 32.24-26)

Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիւանդացաւ:

Նրա մօտ եկաւ Ամոսի որդի Եսայի մարգարէն եւ ասաց նրան. «Այսպէս է ասում Տէրը. “Քո տան գործերը կարգի՛ դիր, քանզի դու չես առողջանալու, մեռնելու ես”»: Եզեկիան երեսը պատի կողմը դարձրեց եւ աղօթեց Տիրոջն՝ ասելով. «Ո՜վ Տէր, յիշի՛ր, թէ ինչպէս եմ ես քո առջեւ ճշմարտութեամբ ու հաւատարիմ սրտով ընթացել, քո առջեւ բարին եմ կատարել»: Եւ Եզեկիան դառնօրէն արտասուեց: Եսային դեռ դուրս չէր եկել գաւթից, երբ նրան հասաւ Տիրոջ խօսքը, որ ասում էր. «Յե՛տ դարձիր եւ իմ ժողովրդի առաջնորդ Եզեկիային ասա՛. “Այսպէս է ասում քո նախնի Դաւթի Տէր Աստուածը. ‘Լսեցի քո աղօթքը եւ տեսայ քո արտասուքը: Ես, ահա, պիտի բժշկեմ քեզ, երրորդ օրը պիտի գաս Տիրոջ տունը, քո կեանքը տասնհինգ տարով պիտի երկարեցնեմ, Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու քո քաղաքը, պաշտպան պիտի կանգնեմ քո քաղաքին ինձ ու իմ ծառայ Դաւթի համար’”»: Եսային ասաց. «Չոր թզե՛ր բերէք»: Բերեցին, վէրքի վրայ դրեցին, ու նա առողջացաւ:

Եզեկիան ասաց Եսայուն. «Ի՞նչ է նշանակում այն, որ Տէրն ինձ բժշկեց, եւ թէ ինչո՞ւ երրորդ օրը Տիրոջ դուռը պիտի գնամ»: Եսային ասաց. «Դա նշան է Տիրոջ կողմից, որ Տէրն իր խօսքը կը կատարի. արեւի ժամացոյցի ստուերը տասն աստիճան առաջ պիտի շարժուի»: 10 Եզեկիան ասաց. «Ստուերի տասը աստիճան առաջ շարժուելը բնական բան է: Ո՛չ, այդպէս թող չլինի, ստուերը թող տասն աստիճան յետ դառնայ»: 11 Եսայի մարգարէն դիմեց Տիրոջը, եւ ստուերը տասն աստիճան յետ դարձաւ Աքազի արեւի ժամացոյցի աստիճաններով:

ԵԶԵԿԻԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԲԱԲԵԼՈՆԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻՆ

(Եսայի 39.1-8)

12 Այդ ժամանակ Բաբելոնի արքան՝ Բաղդանի որդի Մարոդաք Բաղդանը հրովարտակներ ու ընծաներ ուղարկեց Եզեկիային, որովհետեւ լսել էր, թէ Եզեկիան հիւանդացել է: 13 Եզեկիան ուրախացաւ դրանց համար եւ նրա դեսպաններին ցոյց տուեց Նաքոթի ամբողջ գանձատունը, արծաթը, ոսկին, խնկերը, անուշահոտ իւղերը, զինանոցը եւ այն ամէնը, ինչ կար իր գանձատանը: Եզեկիան իր տանը եւ ամբողջ իշխանութեան մէջ տեղ չթողեց, որ ցոյց չտար նրանց:

14 Եսայի մարգարէն եկաւ Եզեկիա արքայի մօտ ու ասաց նրան. «Ի՞նչ խօսեցին այդ մարդիկ եւ որտեղի՞ց էին եկել քեզ մօտ»: Եզեկիան ասաց. «Հեռու երկրից՝ Բաբելոնից էին եկել ինձ մօտ»: 15 Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տանը»: Եզեկիան ասաց. «Ինչ որ կար իմ տանը եւ իմ գանձատանը, տեսան. ոչ մի բան չկայ իմ տան մէջ եւ իմ գանձատանը, որ նրանց ցոյց տուած չլինեմ»: 16 Եսային ասաց Եզեկիային. «Լսի՛ր Տիրոջ խօսքը. 17 “Ահա կը գան օրեր, եւ քո տան մէջ ինչ որ կայ, եւ ինչ որ կուտակել են քո հայրերը մինչեւ այսօր, կը տարուեն Բաբելոն, ոչինչ չի մնայ”: 18 Այս է Տիրոջ ասած խօսքը. “Քո որդիները, որոնք քեզնից են ծնուելու, գերի պիտի ընկնեն ու ներքինիներ դառնան Բաբելոնի արքայի տանը”»: 19 Եզեկիան ասաց Եսայուն. «Բարի է Տիրոջ ասած խօսքը»: Ապա աւելացրեց. «Միայն թէ խաղաղութիւն ու ապահովութիւն լինի իմ օրերում»:

ԵԶԵԿԻԱՅԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԵՐՋԸ

(Բ Մնաց., 32.32-33)

20 Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործութիւնները, նրա ջրամբարների, ջրմուղի եւ քաղաք հասնող ջրատարի շինարարութիւնը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 21 Եզեկիան գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Մանասէն:

21

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՄԱՆԱՍԷ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց., 33.1-20)

Մանասէն տասներկու տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ յիսունինը տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Եփսիբա էր: Նա չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ, հետեւեց այն ազգերի գարշութեանը, որոնց Տէրը վռնդել էր իսրայէլացիների առջեւից: Նա վերականգնեց իր հայր Եզեկիայի կործանած բարձունքների մեհեանները, վերակառուցեց Բահաղի զոհասեղանը, Աստարոթի կուռքեր կառուցեց, ինչպէս արել էր Իսրայէլի Աքաաբ արքան, երկրպագեց երկնքի բոլոր զօրութիւններին ու պաշտեց դրանք: Նա Տիրոջ տանը զոհասեղան դրեց, թէեւ Տէրն ասել էր. «Երուսաղէմում եմ դնելու իմ աթոռը»: Տիրոջ տան բոլոր սրահներում նա երկնքի բոլոր զօրութիւնների համար զոհասեղաններ պատրաստեց, իր որդիներին հրի միջով անցկացրեց, հմայութիւն արեց, թռչուններին նայելով գուշակութիւններ արեց, վհուկներ ու նշանագէտներ պահեց: Տիրոջ առջեւ շատ չարիքներ գործելով՝ նա բարկացրեց նրան: Նա Աստարոթի կուռքերի արձաններ տեղադրեց Տիրոջ տանը, որի համար Տէրն ասել էր Դաւթին ու նրա որդի Սողոմոնին, թէ՝ «Իմ անունը յաւիտեան դնելու եմ այս տան մէջ, Իսրայէլի բոլոր ցեղերի միջից իմ ընտրած Երուսաղէմի մէջ, Իսրայէլի ոտքը դուրս պիտի չգայ այս երկրից, որը նրա հայրերին եմ տուել, միայն թէ նրանք իմ բոլոր պատուիրաններն ու իմ ծառայ Մովսէսի պատուիրած բոլոր օրէնքներն զգուշութեամբ կատարեն»: Սակայն նրանք չլսեցին. Մանասէն մոլորեցրեց նրանց, եւ նրանք չարիք գործեցին Տիրոջ առաջ շատ աւելի քան այն ազգերը, որոնց հալածել էր Տէրը իսրայէլացիների առջեւից:

10 Տէրը խօսելով իր ծառայ մարգարէների միջոցով՝ ասաց. 11 «Քանի որ Յուդայի երկրի արքայ Մանասէն այս գարշութիւններն արեց իմ առջեւ, առաւել չարիք գործեց, քան իրենից առաջ եղած ամորհացիներն էին արել իմ առջեւ, իր կուռքերով Յուդայի երկրին մեղանչել տուեց, 12 ապա այդ պատճառով այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Ահա ես այնպիսի չարիք պիտի բերեմ Երուսաղէմի ու Յուդայի երկրի վրայ, որ ամէն ոք երբ լսի, նրա երկու ականջները խշշան: 13 Երուսաղէմը Սամարիայի եւ Աքաաբի տան օրը պիտի գցեմ: Երուսաղէմը պիտի ջնջեմ այնպէս, ինչպէս մի ապակէ աման, որ մաքրում ու շուռ են տալիս: 14 Իմ ժողովրդի մնացորդացը պիտի լքեմ ու նրանց իրենց թշնամիների ձեռքը պիտի մատնեմ, որպէսզի նրանք աւար ու յափշտակութիւն դառնան իրենց բոլոր թշնամիների համար: 15 Այսպէս պիտի վարուեմ, քանի որ իմ առջեւ չարութիւն գործեցին եւ իրենց հայրերին Եգիպտոսից դուրս բերելու օրից մինչեւ այսօր ինձ բարկացնում էին: 16 Մանաւանդ Մանասէն չափազանց շատ անմեղ արիւն թափեց, այնպէս որ Երուսաղէմը ծայրէծայր արեամբ լցրեց, բացի այն մեղքերից, որոնցով Տիրոջ առջեւ Յուդայի երկրին մեղանչել ու չարիք գործել տուեց”»:

17 Մանասէի մնացած գործերը, բոլոր արարքները եւ գործած մեղքերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ:

18 Մանասէն գնաց իր նախնիների գիրկը, թաղուեց իր տան պարտէզում՝ Օզայի պարտէզում: Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Ամոնը:

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԱՄՈՆ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց., 33.21-25)

19 Ամոնը քսաներկու տարեկան էր, որ թագաւոր դարձաւ: Նա տասներկու տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Մեսոլոմիթ էր, նա յետեբալցի Արուսի դուստրն էր: 20 Նա իր հայր Մանասէի նման չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ, 21 գնաց իր հօր ընթացած բոլոր ճանապարհներով, պաշտեց իր հօր պաշտած կուռքերը, երկրպագեց նրանց, 22 լքեց իր հայրերի Տէր Աստծուն, չգնաց Տիրոջ ճանապարհներով:

23 Ամոնի ծառաները նրա դէմ դաւ նիւթեցին ու արքային սպանեցին իր տան մէջ, 24 իսկ ամբողջ ժողովուրդը կոտորեց բոլոր նրանց, որոնք դաւաճանել էին Ամոն արքային: Երկրի ժողովուրդը նրա փոխարէն թագաւոր նստեցրեց նրա որդուն՝ Յոսիային:

25 Ամոնի մնացած գործերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 26 Ամոնը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին իր գերեզմանում՝ Օզայի պարտէզում:

Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յոսիան:

22

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՍԻԱ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց., 34.1-2)

Յոսիան ութ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ երեսունմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Յեդիդա էր, նա բասուրոթացի Յեդիդայի դուստրն էր: Նա հաւատարիմ գտնուեց Տիրոջ առջեւ, գնաց իր նախնի Դաւթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորուեց:

ՕՐԷՆՔԻ ԳՐՔԻ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ

(Բ Մնաց., 34.8-28)

Յուդայի երկրի արքայ Յոսիայի թագաւորութեան տասնութերորդ տարուայ եօթներորդ ամսում արքան Մեսողոմի որդի Եսելիայի որդի Սափանին՝ տան քարտուղարին ուղարկելով՝ ասաց. «Գնա՛ Քեղկիա քահանայապետի մօտ եւ նրան ասա՛, որ նա պահապանների՝ ժողովրդից կշռով հաւաքած եւ Տիրոջ տունը բերուած արծաթը հաշուի ու յանձնի Տիրոջ տան գործի վրայ նշանակուած գործաւորներին՝ Տիրոջ տան վերակացուներին»: Սրանք Տիրոջ տան քայքայուած մասերը վերականգնելու համար վճարեցին Տիրոջ տան վրայ աշխատող բանուորներին՝ հիւսներին, շինարարներին, ճարտար որմնադիրներին, որպէսզի Տիրոջ տան փլուած մասերը նորոգելու համար ատաղձ ու տաշած քարեր գնեն: Նրանց տրուած արծաթի հաշիւը չէին պահանջում, որովհետեւ նրանք ազնուօրէն էին աշխատում: Քեղկիա քահանայապետն ասաց Սափան քարտուղարին. «Տիրոջ տանը օրէնքի գիրք եմ գտել»: Քեղկիան գիրքը տուեց Սափանին, եւ սա ընթերցեց այն: Նա արքային լուր տարաւ՝ ասելով. «Քո ծառաները Տիրոջ տանը եղած արծաթը հաւաքեցին եւ Տիրոջ տան վրայ աշխատող բանուորներին յանձնեցին»: 10 Սափան քարտուղարը խօսեց արքայի հետ՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի մատեան է տուել»: Սափանն այն ընթերցեց արքայի առջեւ: 11 Երբ արքան լսեց օրէնքի գրքի խօսքերը, իր զգեստները պատառոտեց: 12 Պատուէր տուեց արքան Քեղկիա քահանային, Սափանի որդի Աքիկամին, Միքէի որդի Աքոբորին, Սափան քարտուղարին եւ արքայի ծառայ Յասայիային, թէ՝ 13 «Գնացէ՛ք եւ ինձ համար, ամբողջ ժողովրդի համար եւ Յուդայի ամբողջ երկրի համար հարցրէ՛ք Տիրոջը այս գտնուած գրքի խօսքերի մասին, որովհետեւ մեզ վրայ Տիրոջ մեծ բարկութիւնն է բորբոքուել այն բանի համար, որ մեր հայրերը այս գրքի խօսքերին չեն հնազանդուել, չեն գործադրել այդտեղ գրուած բոլոր պատգամները»:

14 Եւ Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքոբորը, Սափանը եւ Յասայիան գնացին հանդերձապետ Արասի որդի Թեկուայի որդի Սեղղոմի կնոջ՝ Օղդա մարգարէի մօտ: Նա Երուսաղէմում՝ Մասենայում էր բնակւում: Նրանք խօսեցին նրա հետ: 15 Օղդան ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Ասացէ՛ք այն մարդուն, որը ձեզ ուղարկել է ինձ մօտ. 16 այսպէս է ասում Տէրը. ‘Ահա չարիք պիտի բերեմ այդ տեղի եւ բնակիչների վրայ, ինչպէս գրուած է Յուդայի երկրի արքայի կարդացած մատեանում: 17 Այս ամէնը նրա համար, որ ինձ լքեցին, խունկ ծխեցին օտար աստուածներին, որպէսզի իրենց ձեռնարկած բոլոր գործերով ինձ բարկացնեն, եւ բորբոքուի իմ բարկութիւնը այդ տեղի վրայ եւ չմեղմանայ’”: 18 Տիրոջը հարց տալու համար ձեզ ուղարկած Յուդայի երկրի արքային ա՛յս ասացէք. “Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. 19 ‘Քո լսած խօսքերի իմաստը այս է. քանի որ քո սիրտը փափկեց, դու խոնարհ գտնուեցիր Տիրոջ առջեւ, երբ լսեցիր, թէ ինչ է ասուել Երուսաղէմի եւ նրա բնակիչների մասին, թէ լինելու է աւերածութիւն ու անէծք, եւ պատառոտեցիր քո զգեստները, լաց եղար իմ առջեւ, իսկ ես լսեցի այդ, ուստի Տէրն ասում է. 20 ‘Դրա համար ես քեզ պիտի տանեմ քո նախնիների գիրկը, դու թաղուելու ես քո տեղում՝ Երուսաղէմում, եւ քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի՝ Երուսաղէմի վրայ’’”»:

23

ՅՈՍԻԱՍԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ Է ԴԱՇԻՆՔՆ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ

(Բ Մնաց. 34.3-7, 29-33)

Երբ արքայի ուղարկած մարդիկ այս պատասխանը հաղորդեցին արքային, նա իր մօտ հաւաքեց Յուդայի երկրի ու Երուսաղէմի բոլոր ծերերին, գնաց Տիրոջ տուն: Յուդայի երկրի բոլոր մարդիկ ու Երուսաղէմի բոլոր բնակիչները, քահանաներն ու մարգարէները՝ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծը, նրա հետ էին: Նա նրանց առաջ ընթերցեց Տիրոջ տան մէջ գտնուած ուխտի մատեանի բոլոր խօսքերը: Արքան կանգնեց սեան մօտ եւ Տիրոջ առջեւ ուխտ դրեց, որ կ՚ընթանայ Տիրոջ ճանապարհով, ամբողջ հոգով ու էութեամբ կը պահի նրա պատուիրանները, վկայութիւններն ու կանոնները, կը կատարի այդ մատեանում գրուած ուխտի պատգամները: Եւ ամբողջ ժողովուրդը ուխտ արեց:

ԿՐՕՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐՈՒՄ

Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարոթի կուռքերի եւ երկնքի զօրութեան համար պատրաստուած իրերը: Դրանք այրեց Երուսաղէմից դուրս գտնուող Կեդրոնի դաշտում եւ դրանց մոխիրը տարաւ Բեթէլ: Նա այրեց քրմերին, որոնց հաստատել էին Յուդայի երկրի արքաները, որովհետեւ նրանք բարձունքների մեհեաններում, Յուդայի երկրի բոլոր քաղաքներում ու Երուսաղէմի շուրջը խունկ էին ծխում, ինչպէս նաեւ արեգակին, լուսնին, աստղերին ու երկնքի ամբողջ զօրութեանը խնկարկողներին, Տիրոջ տնից հանելով եւ Երուսաղէմից դուրս բերելով Կեդրոնի հեղեղատում այրեց Աստարոթի կուռքերը, փոշու վերածեց եւ նրանց մոխիրը ժողովրդի որդիների գերեզմանների վրայ ցանեց: Տիրոջ տան մօտ գտնուող սոդոմականների տունը քանդեց, ուր կանայք Աստարոթի կուռքերի համար ծածկոցներ էին գործում: Նա բոլոր քրմերին հանեց Յուդայի երկրի քաղաքներից, Գաբաայից մինչեւ Բերսաբէէ քարուքանդ արեց բարձունքների մեհեանները, ուր քրմերը խունկ էին ծխում, քանդեց քաղաքի իշխան Յեսովի տան դռան կողքին, քաղաքի դարպասի ձախ կողմը գտնուող տունը: Բարձունքների մեհեանների քրմերն այլեւս Երուսաղէմում գտնուող Տիրոջ զոհասեղանին չէին մօտենում, այլ բաղարջ հաց էին ուտում իրենց եղբայրների շրջանում: 10 Նա քարուքանդ արեց ենոմացիների ձորում գտնուող Թոփոթը, որպէսզի ոչ ոք իր որդուն կամ դստերը Մեղքոմի բոցի միջով չանցկացնի: 11 Արքայի ներքինի Նաթանի գանձարանի մօտ՝ Փարուիմում այրեցին Տիրոջ տան մուտքի մօտ գտնուող այն ձիերը, որ Յուդայի երկրի արքան նուիրել էր արեգակին. արեգակին նուիրուած մարտակառքերը հրի մատնեցին: 12 Վերնատների տանիքների վրայ Յուդայի երկրի թագաւորների կառուցած զոհասեղանները, Տիրոջ տան երկու սրահներում Մանասէի կառուցած զոհասեղանները արքան քանդեց, ջարդուփշուր արեց եւ նրանց փոշին Կեդրոնի հեղեղատը թափեց: 13 Երուսաղէմի դիմաց, Մոսաթի լերան աջ կողմում գտնուող տունը, որ Սողոմոն արքան էր շինել ի պատիւ սիդոնացիների գարշելի Աստարտի, Մովաբի զազրելի Քամոսի եւ ամոնացիների գարշելի Մեղքոմի, արքան քարուքանդ արեց: 14 Նա խորտակեց արձանները, ջարդուփշուր արեց Աստարոթի կուռքերը եւ նրանց տեղում մարդկանց ոսկորներ լցրեց:

15 Բեթէլի բարձունքում գտնուող զոհասեղանը, որ պատրաստել էր Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամը, այս բարձր զոհասեղանը եւս կործանեց, նրա քարերը ջարդուփշուր անելով փոշու վերածեց, Աստարոթի կուռքերը այրեց: 16 Յոսիան հայեացքը շուռ տուեց ու տեսաւ քաղաքում եղած գերեզմանները, մարդ ուղարկեց, գերեզմաններից ոսկորները հանեց ու զոհասեղանի վրայ այրելով՝ պղծեց դրանք, ըստ Տիրոջ խօսքի, որ ասել էր Աստծու մարդը, երբ Յերոբովամը տօնի ժամանակ կանգնած էր զոհասեղանի մօտ: Նա աչքերը յառեց Աստծու մարդու գերեզմանին, որը խօսել էր այս բաների մասին, 17 եւ ասաց. «Այս ի՞նչ կոթող է, որ տեսնում եմ»: Քաղաքի մարդիկ ասացին. «Աստծու մարդու գերեզմանն է, որ եկաւ Յուդայի երկրից եւ Բեթէլի այս զոհասեղանի մասին այդ բաներն ասաց»: 18 Յոսիան ասաց. «Ձեռք մի՛ տուէք, ոչ ոք թող տեղահան չանի նրա ոսկորները»: Նրա ոսկորները Սամարիայից եկած մարգարէի ոսկորների հետ էին թաղուած: 19 Բարձունքների բոլոր մեհեանները, որոնք Իսրայէլի թագաւորները Սամարիայի քաղաքներում կառուցելով բարկացրել էին Տիրոջը, Իսրայէլի արքայ Յոսիան քանդեց եւ ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս Բեթէլում էր արել: 20 Նա կենդանի-կենդանի այրեց բարձունքների բոլոր քրմերին, որոնք գտնւում էին զոհասեղանների մօտ, դրանց վրայ էլ այրեց մարդկանց ոսկորները եւ դրանից յետոյ վերադարձաւ Երուսաղէմ:

ԶԱՏԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

(Բ Մնաց. 35.1-19)

21 Արքան պատուիրեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Կատարեցէ՛ք մեր Տէր Աստծու զատիկը, ինչպէս որ գրուած է այս ուխտի մատեանում»: 22 Իսրայէլը ղեկավարող դատաւորների օրերից սկսած, Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների օրօք նման զատիկ չէր եղել: 23 Յոսիա արքայի թագաւորութեան տասնութերորդ տարում էր միայն, որ Երուսաղէմում կատարեցին Տիրոջ զատիկը:

ՅՈՍԻԱՅԻ ԿՐՕՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԸ

24 Յոսիան վերացրեց վհուկներին, նշանագէտներին, մեռելահարցուկներին, կուռքերը եւ Յուդայի երկրում ու Երուսաղէմում եղած ամէն տեսակ գարշութիւնները, որպէսզի հաստատի օրէնքի գրքի այն խօսքերը, որ Տիրոջ տանը Քեղկիա քահանայի գտած մատեանում էին գրուած: 25 Նրանից առաջ նման մի թագաւոր չէր եղել, որ իր ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու զօրութեամբ, հնազանդուելով Մովսէսի բոլոր օրէնքներին, հակուէր դէպի Տէրը: 26 Ոչ էլ նրանից յետոյ եղաւ նրա նմանը: Մանասէի կատարած չար գործերի պատճառով Յուդայի երկրի հանդէպ Տիրոջ մէջ բորբոքուած սաստիկ զայրոյթը, սակայն, չմեղմացաւ, 27 ուստի Տէրն ասաց. «Յուդայի երկիրն էլ իմ երեսից պիտի մերժեմ, ինչպէս մերժեցի Իսրայէլը, պիտի մերժեմ այդ քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղէմը, եւ այդ տունը, որի համար ասել եմ, թէ՝ “Իմ անունը նրա վրայ պիտի լինի”»:

ՅՈՍԻԱՅԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

(Բ Մնաց. 35.20-36.1)

28 Յոսիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 29 Այդ օրերին Եգիպտոսի արքայ Նեքաւով փարաւոնը Եփրատ գետի մօտ յարձակուեց Ասորեստանի արքայի վրայ: Յոսիա արքան նրան ընդառաջ գնաց, եւ երբ Նեքաւովը տեսաւ նրան, սպանեց նրան Մակեդովում: 30 Ծառաները նրա մարմինը տարան Մակեդովից, բերեցին Երուսաղէմ եւ թաղեցին իր գերեզմանում:

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՎԱՔԱԶ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց. 36.2-4)

Երկրի ժողովուրդը Յոսիայի որդի Յովաքազին բերեց, օծեց նրան եւ նրա հօր փոխարէն թագաւոր նստեցրեց: 31 Քսաներեք տարեկան էր Յովաքազը, որ թագաւոր դարձաւ: Նա երեք ամիս թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Ամիտալ էր: Նա լոբնացի Երեմիայի դուստրն էր: 32 Յովաքազը չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ՝ կրկնելով իր հայրերի ամէն տեսակ վատ արարքները: 33 Նեքաւով փարաւոնը նրան գերեվարելով փոխադրեց417 Ռեբղաթա, Եմաթի երկիրը՝ վերջ դնելով նրա թագաւորութեանը: Երուսաղէմում Նեքաւով փարաւոնը հարիւր տաղանդ418 արծաթ ու տասը տաղանդ ոսկի419 հարկ դրեց երկրի վրայ:

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՎԱԿԻՄ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց. 36.5-8)

34 Փարաւոն Նեքաւովը Իսրայէլի վրայ թագաւոր նստեցրեց Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Եղիակիմին իր հօր՝ Յոսիայի փոխարէն, նրա անունը փոխելով՝ Յովակիմ դրեց, իսկ Յովաքազին առաւ տարաւ Եգիպտոս, ուր եւ նա մեռաւ: 35 Յովակիմն արծաթն ու ոսկին տալիս էր փարաւոնին, սակայն փարաւոնի պահանջածի չափով արծաթ վճարելու համար երկրի վրայ հարկ դրեց: Երկրի մարդկանցից ամէն մէկից նա իր սահմանած հարկի համեմատ արծաթ ու ոսկի էր վերցնում, որպէսզի տայ Նեքաւով փարաւոնին:

36 Յովակիմը քսանհինգ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Ելդափ էր: Նա ռոմայեցի Յեդդելայի դուստրն էր: 37 Նա Տիրոջ առջեւ գործեց իր նախնիների բոլոր չար արարքները:

24

Յովակիմի օրօք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան ելաւ կռուի: Յովակիմը երեք տարի նրան հպատակ եղաւ, բայց յետոյ ապստամբեց նրա դէմ: Տէրը Յովակիմի դէմ ուղարկեց քաղդէացիների, ասորիների, մովաբացիների եւ ամոնացիների կողոպտիչ զօրքը: Նա նրանց Հրէաստանի դէմ ուղարկեց, որպէսզի սպանեն նրա բնակիչներին, ինչպէս ասել էր Տէրը իր մարգարէների միջոցով: Տէրը բարկացել էր Յուդայի երկրի վրայ, իրենից հեռու վանել նրան Մանասէի կատարած մեղքերի պատճառով, այն անմեղ արեան համար, որ նա թափել էր ու Երուսաղէմը լցրել այդ անմեղ արեամբ: Տէրը չուզեց ներել նրան:

Յովակիմի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ:

Յովակիմը գնաց իր նախնիների գիրկը, եւ իր փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յովաքիմը:

Եգիպտոսի փարաւոնն այլեւս իր երկրից դուրս չեկաւ, որովհետեւ Բաբելոնի արքան գրաւել էր Եգիպտոսի հեղեղատից մինչեւ Եփրատ գետը, այն ամէնը, ինչ պատկանում էր Եգիպտոսի արքային:

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՎԱՔԻՄ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց. 36.9-10)

Յովաքիմը տասնութ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Նեսթա էր, նա երուսաղէմացի Ելամաթի դուստրն էր: Յովաքիմը չարիք գործեց Տիրոջ առջեւ՝ կրկնելով իր հօր արարքները:

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹԻՒՆԸ

10 Այդ ժամանակ Երուսաղէմի դէմ ելաւ Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան, եկաւ ու պաշարեց քաղաքը: 11 Բաբելացիների արքան Երուսաղէմ քաղաքը եկաւ, երբ նրա զօրականները պաշարուած վիճակում էին պահում այն: 12 Այն ժամանակ Յուդայի երկրի արքայ Յովաքիմը, իր զօրականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մօտ, եւ բաբելացիների արքան իր թագաւորութեան ութերորդ տարում գերեվարեց նրանց: 13 Նա հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը, թագաւորի տան գանձերը, ջարդեց այն բոլոր ոսկէ անօթները, որ Իսրայէլի Սողոմոն արքան պատրաստել էր տուել Տիրոջ տաճարի համար, ինչպէս ասել էր Տէրը: 14 Ամբողջ Երուսաղէմը, բոլոր իշխաններին ու հզօր մարդկանց՝ տասը հազար հոգի, գերեվարեց, բոլոր հիւսներին ու դարբիններին տարաւ: Երկրի աղքատներից բացի ոչ ոք չմնաց: 15 Նա Յովաքիմին, թագաւորի մօրը, նրա կանանց ու ներքինիներին, երկրի ուժեղ մարդկանց Երուսաղէմից տարաւ Բաբելոն, գերութեան: 16 Բաբելացիների արքան բոլոր եօթը հազար հզօր մարդկանց, հազար հիւսների ու դարբինների՝ ամէնքն էլ կտրիճ պատերազմիկներ, գերութեան տարաւ Բաբելոն: 17 Բաբելացիների արքան նրա փոխարէն թագաւոր նստեցրեց նրա որդուն՝ Մեթթանիային, եւ անունը դրեց Սեդեկիա:

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՍԵԴԵԿԻԱ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց. 36.11-12, Երեմ. 52.1-3)

18 Սեդեկիան քսանմէկ տարեկան էր, որ դարձաւ թագաւոր, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Ամատել էր: Նա ղոբնացի Երեմիայի դուստրն էր: 19 Սեդեկիան Տիրոջ առջեւ չարիք գործեց, ինչպէս արել էր Յովաքիմը: 20 Տէրը բարկացել էր Երուսաղէմի ու Յուդայի երկրի վրայ այն սատիճան, որ Տէրը նրանցից երես թեքեց: Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դէմ:

25

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԱՆԿՈՒՄԸ

(Բ Մնաց. 36.13-21, Երեմ. 52.3-11)

Այնպէս պատահեց, որ իր թագաւորութեան իններորդ տարուայ տասներորդ ամսի տասներորդ օրը Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զօրքով եկաւ Երուսաղէմի դէմ, նրա շուրջը բանակ դրեց եւ պարիսպ բարձրացրեց: Քաղաքը պաշարուեց մինչեւ Սեդեկիա արքայի թագաւորութեան տասնմէկերորդ տարուայ իններորդ ամիսը: Քաղաքում սովը սաստկացաւ, եւ երկրի ժողովուրդը հաց չունէր: Քաղաքի պարսպի մէջ ճեղք բացուեց, եւ բոլոր պատերազմիկները գիշերը փախան պարիսպների միջեւ գտնուող դարպասը տանող ճանապարհով, որը արքունի պարտէզի մօտ էր: Քաղդէացիները քաղաքը շրջապատել էին: Թագաւորը գնաց Արաբա դաշտը տանող ճանապարհով: Երբ քաղդէացիների զօրքը տեսաւ այդ, ընկաւ թագաւորի յետեւից եւ նրան հասաւ Երիքովի Արաբոթ վայրում: Նրա ամբողջ զօրքը նրանից հեռացաւ: Բռնեցին թագաւորին ու բերեցին Բաբելոնի արքայի մօտ, Ռեբղաթա, եւ արքան նրա դատաստանն արեց: Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, Սեդեկիայի աչքերը կուրացրեց եւ շղթայակապ տարաւ Բաբելոն:

ՏԱՃԱՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

(Երեմ. 52.12-33)

Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարուայ հինգերորդ ամսի եօթներորդ օրը Բաբելոնի արքայի ծառայ Նաբուզարդան դահճապետը եկաւ Երուսաղէմ, այրեց Տիրոջ տունը, թագաւորի տունը, Երուսաղէմի բոլոր տները եւ ամէն ինչ կրակի մատնեց: 10 Դահճապետի հետ եկած քաղդէացիների բոլոր զինուորները Երուսաղէմի պարիսպը շուրջանակի քանդեցին: 11 Քաղաքում մնացած մարդկանց, Բաբելոնի արքային յանձնուելիք փախստականներին եւ մնացած խառնիճաղանջ ամբոխին Նաբուզարդան դահճապետը քշեց տարաւ: 12 Երկրի աղքատ մարդկանցից ոմանց նա թողեց, որպէսզի սրանք զբաղուեն այգեգործութեամբ ու երկրագործութեամբ:

13 Քաղդէացիները Տիրոջ տան երկու պղնձէ սիւները, պատուանդաններն ու պղնձէ աւազանը, որը Տիրոջ տան մէջ էր, քանդեցին ու նրա պղինձը տարան Բաբելոն: 14 Ամաններն ու կաթսաները, տաշտերն ու խնկամանները եւ բոլոր պղնձէ անօթները, որոնցով սպասաւորութիւն էին անում, տարան: 15 Դահճապետը վերցրեց արծաթէ ու ոսկէ բուրվառներն ու ափսէները, 16 ինչպէս նաեւ երկու սիւները եւ մի աւազանն ու պատուանդանները, որ Սողոմոնն էր դրել Տիրոջ տանը: 17 Այս բոլոր պղնձէ անօթներին կշիռ չկար: Մի սիւնը տասնութ կանգուն բարձրութիւն ունէր, վրան պղնձէ խոյակ կար, եւ մի խոյակի բարձրութիւնը երեք կանգուն էր: Վանդակ ու նռնաձեւ զարդեր կային խոյակի վրայ, շուրջանակի, ամբողջովին պղնձէ: Նոյնօրինակ վանդակի զարդեր կային նաեւ երկրորդ սիւնի վրայ:

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԲԱԲԵԼՈՆ ԵՆ ՏԱՐՒՈՒՄ

(Երեմ. 52.24-27)

18 Դահճապետն առաւ Սարայա քահանայապետին, նրա օգնական Սոփոնիա քահանային, 19 կշեռքի420 երեք պահապաններին, քաղաքից վերցրեց մի ներքինու, որը պատերազմող մարդկանց զօրագլուխն էր, արքայի առջեւ կանգնող խորհրդականներից հինգ հոգու, որոնք քաղաքում էին գտնւում, զօրքի քարտուղար իշխանին, որը զինուորագրում էր երկրի ժողովրդին, եւ երկրի ժողովրդից եօթը այլ մարդկանց, որոնք քաղաքում էին գտնւում: 20 Նաբուզարդան դահճապետը նրանց առաւ տարաւ Ռեբղաթա, Բաբելոնի արքայի մօտ: 21 Բաբելոնի արքան հարուածելով սպանեց նրանց Եմաթ երկրի Ռեբղաթա վայրում: Այսպիսով Յուդայի բնակիչները իրենց երկրից գերեվարուեցին:

22 Յուդայի երկրում մնացած ժողովրդին Բաբելոնի արքայ Նաբուքոդոնոսորը թողեց եւ նրանց վրայ կառավարիչ կարգեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային:

ԳՈԴՈՂԻԱՆ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

(Երեմ. 40.7-9, 41.1-3)

23 Երբ զօրքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի արքան Գոդողիային կառավարիչ է նշանակել, ապա Գոդողիայի մօտ, Մասեփա եկան Նաթանիայի որդի Իսմայէլը, Կարէի որդի Յովնանը, սոփաթացի Թանայէմի որդի Սարայիան, Մաքաթի որդի Յեզոնիան: Եկան թէ՛ իրենք, թէ՛ իրենց մարդիկ: 24 Գոդողիան ինքն ու իր մարդիկ երդուեցին, եւ նա ասաց. «Մի՛ վախեցէք քաղդէացի ասպատակներից, նստեցէ՛ք ձեր երկրում, ծառայեցէ՛ք Բաբելոնի արքային, եւ ձեզ համար լաւ կը լինի»:

25 Այնպէս պատահեց, սակայն, որ եօթներորդ ամսին Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայէլը, որը թագաւորական ընտանիքից էր, տասը մարդով եկաւ, խփեց Գոդողիային, եւ սա մեռաւ: Նա սպանեց նաեւ Մասեփայում նրա մօտ գտնուող հրեաներին ու քաղդէացիներին: 26 Ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծը, նաեւ զօրքի իշխանները ելան ու գնացին Եգիպտոս, որովհետեւ վախենում էին քաղդէացիներից:

ՅՈՎԱՔԻՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ

(Երեմ. 52.31-34)

27 Յուդայի երկրի արքայ Յովաքիմի գերութեան երեսունեօթներորդ տարուայ տասներկուերորդ ամսի քսանեօթներորդ օրը Բաբելոնի Եւիլմարոդաք արքան իր թագաւորութեան առաջին տարում շնորհ արեց Յուդայի երկրի Յովաքիմ արքային, նրան հանեց բանտից, 28 քաղցրութեամբ խօսեց նրա հետ, նրա աթոռը Բաբելոնում իր մօտ գտնուող այլ թագաւորների աթոռից բարձր դրեց: 29 Նրա բանտային հագուստները փոխեց, եւ Յովաքիմը միշտ նրա հետ էր հաց ուտում: 30 Յովաքիմի ապրուստի միջոցները, որպէս հանապազօրեայ ապրուստի միջոցներ, նրան տրւում էին արքայական տնից ամէն օր մինչեւ նրա կեանքի վերջը:

 

 

[400] Այլ բնագրերում՝ Գաղգաղայից:

[401] Եբրայերէնում՝ դրա մէջ աղ դրէ՛ք:

[402] Եբրայերէն՝ ծեր է:

[403] Եբրայերէն՝ նրանք չէին իմանում:

[404] Շուրջ 300 կիլոգրամ:

[405] Շուրջ 30 կիլոգրամ:

[406] Այլ բնագրերում՝ տարբեր ձեւով:

[407] Եբրայերէն՝ Նրանց համար մեծ խնջոյք սարքեց:

[408] Եբրայերէնում՝ թագուհու

[409] Այլ բնագրերում՝ զգեստների, որ տուեալ դէպքում աւելի ճիշտ է:

[410] Եբրայերէնում՝ պատանդներին:

[411] Շուրջ 30 տոննա:

[412] Նրան յաղթել:

[413] Եբրայերէնում՝ Տէրը մերժեց Իսրայէլի ամբողջ սերնդին:

[414] Շուրջ 9.000 կիլոգրամ արծաթ:

[415] Շուրջ 900 կիլոգրամ ոսկի:

[416] Թաղիք մաքրող:

[417] Եբրայերէնում՝ բանտարկեց:

[418] Շուրջ 3.000 կիլոգրամ արծաթ:

[419] Շուրջ 300 կիլոգրամ ոսկի:

[420] Եբրայերէնում՝ դռան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հղումներ